ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԻՐԻԱՆ ԱՆՑԵԼ Է ՔՐԴԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Դա դեռ սիրիական ընդդիմության ջախջախում չի նշանակում, սակայն ազդարարում է Թուրքիայի քաղաքական ձախողումը Սիրիայի ճգնաժամին անդրադառնալիս բազմիցս նշել ենք, որ սիրիական ընդդիմությունը 16 առանձին խմբի է բաժանված: Նույնը գրել էինք նաեւ «Ազատ Սիրիայի բանակի» մասին, որն էլ 4 տարբեր խմբերից է բաղկացած: Թեեւ խոսքը տվյալ դեպքում ներքին ընդդիմության մասին է, բայց դրան ներքին կոչելը խիստ հարաբերական է: Այն առումով, որ «Ազատ Սիրիայի բանակը» կազմավորված է նաեւ Լիբիայում կռված վարձկաններից, որի կազմում առանձնակի ակտիվություն են դրսեւորում «Ալ Ղաիդայի» ահաբեկիչները, էլ չենք խոսում «Ան Նուսրա» ճակատի մարդասպանների մասին: Մասնատված է նաեւ արտաքին ընդդիմությունը: Օրինակՙ խաղաղ բնակչության դեմ Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցում ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Մեկը դրա օգտագործումը վերագրում է նախագահ Բաշար Ասադի վարչակարգին, մյուսըՙ ընդդիմադիր ուժերին: Մինչդեռ սկզբում երկու կողմերն էլ դրա համար մեղադրում էին Սիրիայի գործող վարչակարգին, որպեսզի քիմիական զենքի օգտագործման պատրվարկով թռիչքազերծ գոտի հայտարարեն երկրի օդային տարածքը: Երբ դա բախվեց Ռուսաստանի հակազդեցությանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հայտնվեցին տարաձայնությունների մեջ: Ի դեպ, տարաձայնությունների մեջ են նաեւ «Ազատ Սիրիայի բանակին» մատակարարող Սաուդյան Արաբիան ու Քաթարը: Թերեւս միասնաբար նախագահ Ասադի վարչակարգին աջակցում են Ռուսաստանն ու Չինաստանը, աջակցության հարցում հաստատակամ են Իրանը, Իրաքը եւ «Հզբոլլահը»: Եթե նախագահ Ասադին Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը Արեւմուտքին զրկում է Սիրիայի օդային տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու հնարավորությունից, պատճառ է դառնում, որ քիմիական զենքի օգտագործման շուրջ տարաձայնություններ առաջանան ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ, եւ անընդհատ հետաձգվի դեռեւս հունիսին նախատեսված ժնեւյան միջազգային կոնֆերանսը, ապա Իրանի, Իրաքի եւ հատկապես «Հզբոլլահի» աջակցությունն էլ զգալի նպաստում է ընդդիմության նկատմամբ գործող վարչակարգի հաղթանակին: Նախագահ Ասադի զորքերն արդեն վերահսկում են սիրիական ընդդիմության միջնաբերդը համարվող Հոմսը, ինչպես նաեւ Համան: Դա նրանց հնարավորություն է տվել վերահսկել Միջերկրականի առափնյա շրջանները մինչեւ Լաթաքիա: Որքան էլ շարունակվի Դամասկոսի ու Հալեպի հրետակոծությունը, մարտերն ընթանում են այս քաղաքների շրջաններում: Չի բացառվում, որ նախագահ Ասադի զորքերը շուտով «Ազատ Սիրիայի բանակի» վարձկաններին դուրս մղեն Դամասկոսի ու Հալեպի շրջաններից: Համենայն դեպս, «Ժողովրդական միասնության քրդական» կուսակցությունըՙ PYD-ն, որը հարում է PKK-ին, «Ան Նուսրայի» դեմ թեժ մարտերից հետո գրավելով Թուրքիային սահմանակից Ռաս էլ Այնը, Թել Աբիադն ու Ռաքքան, ընդդիմությանը վտարել է հյուսիսային Սիրիայից: Թուրքական «Դունիա բուլթենի» լրատվական գործակալության վկայությամբ, քրդական ուժերը շարժվում են դեպի Իրաքՙ գրավելու «Ան Նուսրայի» վարձկաններից Արաբիա սահմանային անցակետը: Մինչդեռ Հոմսում կրած պարտությունից հետո ընդդիմությունն իր ուժերը կենտրոնացրել էր հյուսիսային Սիրիայի վրա, հաշվի առնելով նաեւ այն, որ «Ազատ Սիրիայի բանակը» անմիջականորեն տեղակայված է սահմանի թուրքական հատվածում, որի մատակարարումը իրականացվում է Թուրքիայի միջոցով: Թվում է, թե Հյուսիսային Իրաքին սահմանակից Արաբիայի կորստից հետո սիրիական ընդդիմությունը կփորձի ամրանալ հարավային Հորդանանի հետ սահմանամերձ շրջաններում, քանի որ այս երկիրը Թուրքիայի հետ «Ազատ Սիրիայի բանակի» երկրորդ գլխավոր մատակարարն է: «Ազատ Սիրիայի բանակի» վտարումը հյուսիսային Սիրիայից ընդդիմության ջախջախում դեռեւս չի նշանակում, սակայն միանգամայն ենթադրում է Թուրքիայի սիրիական քաղաքականության կատարյալ ձախողումը, ընդ որում անկանխատեսելի հետեւանքներով: Խոսքը հյուսիսարեւելյան Սիրիայում քրդական ինքնավարության մասին է, որը, ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով, «Արեւմտյան Քուրդիստանի» անկախության է հանգեցնելու: Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավարեւելյան շրջաններն էլ համարվում են «Հյուսիսային Քուրդիստան» Դիարբեքիր մայրաքաղաքով: Թեեւ, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են վկայում, Սիրիայի քրդերը, որոնց թիվը շուրջ 2 մլն է, դեռեւս ինքնավարություն չեն հռչակել, սակայն «Ան Նուսրայի» վարձկաններին Ռաս էլ Այնից եւ Թել Աբիադից վտարելուց հետո թուրքական սահմանին հատող անցակետերում բարձրացրել են դեղին-կարմիր-կանաչ գույնի PYD-ի դրոշը, որի գույները համընկնում են PKK-ի դրոշին: Հյուսիսային Սիրիա ելքումուտքը վերահսկում են PYD-ի մարտիկները, ինչպես եւ ամբողջ շրջանը, ունեն արդեն շրջանին յուրահատուկ ավտոհամարանիշներ: Այլ կերպ, հյուսիսային Սիրիայում առկա են քրդական ինքնավարության բոլոր հատկանիշները: Ավելին, Արաբիան գրավելուց հետո, երբ քրդերը վերահսկեն նաեւ իրաքյան սահմանը, կդառնան սահմանակից Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի հետ, որը դե ֆակտո անկախ է: Իսկ «Քուրդիստան» շրջանի նախագահ Մասուդ Բարզանին Էրբիլում պատրաստվում է գումարել քրդական համազգային համագումար, որի նախապատրաստական նիստը մասնակցությամբ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի քրդերի պատվիրակությունների, նախորդ օրն էր գումարվել: |