RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



ԴԻՏԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1527, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՇԵՌՔԻ ՎՐԱ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի աստիճանական թուլացմանը միտված պատերազմ են սանձազերծելՙ շրջափակման ենթարկելով եւ սպառազինությունների մրցավազք պարտադրելով: Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցինիկաբար ակնարկեց, որ Հայաստանի բնակչությունը արագորեն նվազում է, եւ երկիրը շուտով պատրաստ կլինի նվաճվելու: 1994-ի Ադրբեջանի չարաչար պարտությունից հետո Բաքվի կառավարությունը կարծես ցանկանում էր հակամարտության լուծումը տեսնել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող յոթ շրջանների վերադարձը ապահովելով: Ինչքան նավթադոլարները սկսեցին հեղեղել երկիրը, կառավարության ամբարտավանությունը համաչափորեն ավելացավ, եւ Բաքվի ղեկավարությունը սկսեց պահանջել ամբողջ Լեռնային Ղարաբաղի, իսկ ավելի ուշՙ նաեւ ամբողջ Հայաստանի տարածքը:

Ադրբեջանի ամբարտավանությունը սնվում է միջազգային հանրության անտարբերությամբ, կամ, ավելի ճիշտ, խրախուսմամբ: Զինադադարի ազերիների իրականացրած բոլոր խախտումները սովորաբար անտեսվում են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների կողմից, որոնք տարածաշրջան կատարած իրենց այցելությունների ժամանակ գրեթե ոչինչ չեն ձեռնարում: Նրանց համապատասխան կառավարությունները (Ֆրանսիայի, Մ. Նահանգների եւ Ռուսաստանի) տարեկան հայտարարություններ են տարածում, որ «ստատուս քվոն» այլեւս անհանդուրժելի է, բայց այդ նույն «ստատուս քվոն» շարունակում է մնալ ուժի մեջ, որովհետեւ այդ հայտարարությունները գործնական քայլերով չեն պաշտպանված: Դրա արդյունքը լինում է այն, որ Արդբեջանն իր նավթադոլարները օգտագործում է գնելու արդիական զինամթերք եւ քաղաքական ազդեցություն, արտաքին քննադատություններից զերծ պահելով իր ավտորիտար իշխանությունը:

Վերջերս Մ. Նահանգների 42 նահանգներից 317 պատվիրակներ (որոնցից 11-ը Կոնգրեսի անդամներ եւ 75-ը նահանգային ներկայացուցիչներ) Բաքվի կառավարության հաշվին շրջագայության էին դուրս եկել, մասնակցելու ինչ-որ մի ֆորումի: «Վաշինգտոն Էդվոքեյթ» թերթում հրատարակված հոդվածում նշվում էր, որ «Պլուֆը, Մեսինան եւ Գիսը... հնգանիշ չեկեր են ստացել ֆորումում հօգուտ Ադրբեջանի խոսելու համար»: Կաշառակերության նման բացահայտ երեւույթի առկայության դեպքում կարիք կա՞ այլ բացատրություններ փնտրելու, թե ինչու Օբամայի վարչակարգը շարունակում է չկիրառել «Անկախության պաշտպանության օրենքի» 907 հոդվածը, որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի վատ վարքագծի համար:

Ադրբեջանը զանգվածային լրատվամիջոցներով գրոհ է սանձազերծել Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելու եւ Խոջալուի դեպքերի համար հայերին մեղադրելու համար: Նման քարոզարշավի վերջին զոհերից էր Ինդոնեզիան, որի ոչ հեռավոր անցյալի պատմությունը հագեցած է 500 հազար բնիկ չինացիների սպանությամբ եւ Արեւելյան Թիմուրի ժողովուրդների դեմ իրագործված հանցագործություններով: Ավելի առաջ գնալով, Ադրբեջանը վերջերս համատեղ զորավարժություններ է անցկացրել թուրքական զինված ուժերի հետ: Ըստ թուրքական «Միլլիեթ» օրաթերթիՙ դա Անկարայի լուռ պատասխանն է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պահանջատիրական հայտարարությանը իրավաբանների համահայկական համագումարում:

Այս բոլոր զարգացումներին կրնկակոխ հետեւեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ «Ադրբեջանն այլ ելք չունի, բացի ազատագրելու իր գրավյալ տարածքներըՙ բանակի հզորացման միջոցով»: Սաֆար Աբիեւն այս հայտարարությունն արեց հուլիսի 12-ինՙ կորեական խորհրդարանական պատվիրակության Բաքու կատարած այցի ժամանակ:

Նման լարված իրավիճակում հայերին մնում էր ապավինել Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքով ձեռք բերված անվտանգության երաշխիքներին, որոնք, սակայն, փուչ դուրս եկան, երբ Մոսկվան սկսեց զինել Ադրբեջանին: Մոսկվայի նման գործողությունը, բացի լարվածության սրումից, ուրիշ բանի չի կարող ծառայել:

Եթե պատերազմ ծագի, Հայաստանի համար լինել-չլինելու խնդիր է առաջ գալու: Սպառնացող վտանգին ի տես, ենթադրվում էր, որ հայերը կզգաստանան եւ առավել բարձր մակարդակի կհասցնեն իրենց պաշտպանությունը: Բայց, դժբախտաբար, տեսնում ենք, որ մարդիկ այնտեղ զբաղված են դատափետումներով, սկանդալներով եւ ազգի կենսունակությունը հյուծելով: Էլեկտրոնային մեդիան Հայաստանում հիմնականում ֆինանսավորվում է արտաքին աղբյուրներից, որոնք կարող են միայն գոյություն ունեցող կրակին յուղ ավելացնել: Մարդկանց մի խումբ տագնապած է, բայց մեծամասնությունը անտարբեր է: Բնակչության վտանգավոր արտահոսքը շարունակվում է: Ամեն մեկը մյուսին է մեղադրում: Բայց դա չի օգնում, որ բնակչությունը մնա երկրում, աշխատանք գտնի, երջանիկ լինի եւ արի օրենքի գերակայության ներքո:

Թվում է թե հայերը վարակված են ինքնակործանման հազվադեպ հիվանդությամբ: Պատմական նախադեպերն այնքան էլ հուսադրիչ չեն: Տասնմեկերորդ դարի կեսերին հայերը Անին հանձնեցին բյուզանդացիներին:

1375-ին նրանք այնքան էին տարված դատական բանսարկություններով եւ երկպառակտչական վեճերով, որ Կիլիկյան թագավորությունը հեշտությամբ անցավ մամլուկների ձեռքը, եւ վերջապես, 1920-ին ներքին անհամաձայնություններն ու անիմաստ կռիվներն այնքան էին սաստկացել, որ Հայաստանի անկախ պետությունը դարձավ խորհրդային հանրապետություն:

Բայց մենք շատ լավ ենք ազատության եւ անկախության մասին սրտատոչոր երգեր հորինելու եւ վեց դար շարունակ դրանք երգելու մեջ: Սակայն սարկազմի ժամանակը չէ, այլՙ սթափվելու եւ վերահաս պատերազմին դիմակայելու:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ