ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵԱՀԿ ՄՇՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԽՈՍԵԼ ԵՆ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նրանք հայտարարություն են արել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ: Մինսկի խմբի համանախագահները Մշտական խորհրդի ներկայացուցիչներին տեղեկացրել են հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Մասնավորապես նրանք խոսել են նոյեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նախատեսվող հանդիպման մասին: Մշտական խորհուրդը ԵԱՀԿ քաղաքական խորհրդատվությունների եւ որոշում կայացնող կանոնավոր գործող մարմին է, որ գումարվում է ամեն շաբաթ Վիեննայի «Հոֆբուրգ» խորհրդաժողովների կենտրոնում եւ ղեկավարում կազմակերպության ամենօրյա գործառական աշխատանքները: Մշտական խորհուրդը նախագահում է ԵԱՀԿ նախագահող պետության մշտական ներկայացուցիչը: Համանախագահները տարածաշրջանում էին նոյեմբերի 4-5-ը: Նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ բանակցություններում նոյեմբերին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման համաձայնություն են ձեռք բերել: Հանդիպման վայրը եւ ժամկետը դեռեւս չեն նշվում: |