RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-14 23:09:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1280, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՎԱԶԵԼ

Givemesport.com կայքն անդրադարձել է ՀՀ հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիՙ «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությանը:

«Երբ Սինձի Կագավան Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթր Յունայթեդ», բոլորը սպասում էին, որ նա կդառնա անգլիական ակումբի առաջատարներից մեկը: Սակայն Կագավան չկարողացավ ցուցադրել իր լավագույն խաղը եւ ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում: «Մանչեսթր Յունայթեդի» լավագույն տարբերակը կլիներ Կագավային փոխանակել «Բորուսիայի» առաջատարներից մեկի հետ: Խոսքը ոչ թե Մարկո Ռոյսի կամ Իլկայ Գյունդոգանի մասին է, այլ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի:

24-ամյա հայ ֆուտբոլիստը, որին երկար ժամանակ ցանկանում էր թիմ հրավիրել «Լիվերպուլը», չափազանց տաղանդավոր է: Մխիթարյանը հիանալի է տեսնում խաղադաշտը եւ գերազանց փոխանցումներ կատարում: Զարմանալի չէ, որ իր հայրենիքում նա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողներից է: Հենրիխը խաղում է փլեյմեյքերի դիրքում եւ կարճ ժամանակահատվածում ցուցադրել է իր ունակությունները: Հենրիխին «Բորուսիան» ամռանն է ձեռք բերել, ուստի դա կարող է խանգարել նրա հնարավոր տրանսֆերի իրականացմանը: Սակայն հետագայում ամեն ինչ հնարավոր է: Անկասկած, Մխիթարյանը կհարմարվի «Մանչեսթր Յունայթեդի» խաղաոճին», գրում է կայքը:

Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել նաեւ վրացական Worldsport.ge կայքը. «3 տարի է անցել Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների հանդիպումից, որն ավարտվեց հյուրերի հաղթանակովՙ 3-2: Մեկ տարի անց ՀՀ երիտասարդական հավաքականի ավագը դարձավ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ, հետագայում ճանաչվեց ուկրաինական ակումբի լավագույն խաղացող, իսկ ամռանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», որը դուրս էր եկել չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Գերմանական ակումբում նա ստացել է 10 համարի մարզաշապիկը, որը պատկանում էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոտցեին: Սկզբնական շրջանում նա «Շախտյորում» ցածր աշխատավարձ էր ստանում եւ ապրում էր մարզաբազայում: Աշխատավարձի բարձրացումից հետո էլ նա ապրում էր այնտեղ, որի պատճառով նրան բազայի տնօրեն էին անվանում:

Նրա ընտանիքում մեծ ուշադրություն էին դարձնում կրթությանը: Հենրիխի քույրըՙ Մոնիկան, Միշել Պլատինիի օգնականն է: Նա սովորել է Լիոնում: 24-ամյա ֆուտբոլիստը տիրապետում է 4 օտար լեզուների: Անգլերեն նա սովորել է դպրոցում, ֆրանսերենՙ Ֆրանսիայում, իսկ պորտուգալերենըՙ «Սան Պաոլոյում» 4-ամսյա փորձաշրջան անցնելու ժամանակ:

Մխիթարյանի հայրը նույնպես լավ ֆուտբոլիստ էր: 80-ականների «Արարատում» քչերը կարող էին համեմատվել Համլետ Մխիթարյանի հետ: Հայրը ֆուտբոլից բացի, ստիպեց Հենրիխին սիրել նաեւ գիրքը: Այսօր հաճախ են ասում, որ վրացիները չունեն Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ: Այո, դա այդպես է: Սակայն դա վերաբերում է ոչ միայն վրացիներին, այլեւ ռուսներին եւ ուկրաինացիներին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ