ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Դավիթ Ասատրյանը մինչեւ 48 կգ քաշային կարգում իր համար նվազագույնն ապահովել է բրոնզե մեդալը: Պատանի հայ բռնցքամարտիկը մրցաշարը սկսեց իռլանդացի Ջոն Կոնոր Քյուինի նկատմամբ տոնած հաղթանակով (3-0): Քառորդ եզրափակիչում Դավիթը նույնպիսի հաշվով պարտության մատնեց թուրք Բատուհան Չիֆչիին ու մտավ եզրափակիչ: Այս փուլում Ասատրյանն այսօր կմենամարտի բուլղարացի Էմանուել Բոգոեւի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր մղել հունգարացի Տար Սանդորին: Պայքարը շարունակում է նաեւ Վարդան Կոսյանը, որը 1/8 եզրափակիչում 3-0 հաշվով հաղթեց մոլդովացի Արթուր Կուդելինին: Հաջորդ մենամարտը մինչեւ 70 կգ քաշային բռնցքամարտիկը կանցկացնի ուկրաինացի Ալեքսանդր Պոգրեբնյակի հետ: Առաջին փուլի արգելքը հաջողությամբ է հաղթահարել նաեւ Սպարտակ Թամարյանը (54 կգ), որն առավելության է հասել ուկրաինացի Իգոր Սլացենի նկատմամբ (2-1): Մինչեւ 46 կգ քաշայինների մրցավեճում Սերգեյ Գետեւոնյանին չհաջողվեց կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել եւ եւս մեկ մեդալ պարգեւել հավաքականին: Սերգեյը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս մղեց ուկրաինացի Դանիել Լաֆլինին, սակայն հաջորդ փուլում պարտվեց ադրբեջանցի Ռուֆատ Հուսեյնովին: Հայաստանը ներկայացնող մյուս 3 բռնցքամարտիկներըՙ Գառնիկ Պապիկյանը (57 կգ), Հովհաննես Առաքելյանը (66 կգ) եւ գերծանրքաշային Գնել Մուրադյանը պայքարից դուրս մնացին առաջին մենամարտերից հետո: |