RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



ԵՂԲԱՅՐ ԵՄՔ...

Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2875, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՀԱՆՈՒՆ ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ 15 ՀԱԶԱՐ 200 ԴՈԼԱՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Արմենպրես»

Միայն աղմուկ բարձրացնելով անհնար է քեսաբահայերի խնդիրը լուծել, իսկ Save Kessab հեշթեգը տարածելով անհնար է տեղահանված 670 քեսաբահայ ընտանիքներին ապահովել բնակարանով կամ առաջին անհրաժեշտության օգնությամբ: Հենց այդ նպատակով ու սեփական նախաձեռնությամբ Վարուժան Ավետիքյանը (avedikianv@yahoo.com) սկսել է դրամահավաքություն հանուն քեսաբահայերի: «Պատմությունը կրկնվում է հարյուր տարի անց, եւ հայկական միջավայրումՙ թուրքերի միջամտությամբ եւ աջակցությամբ կրկին հայեր են տեղահանվում: Մեր հայրենակիցները տեղահանված են եւ նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է անհատ նախաձեռնող Վարուժան Ավետիքյանըՙ հավելելով, որ սոցիալական ցանցերում հայրենասիրական ստատուսներ գրելու փոխարեն անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների:

Մինչ դրամահավաքությունը, Ավետիքյանը նախ հանդիպել է Լաթաքիա այցելած հայ պատգամավորներին, ճշտել, թե հայերն այնտեղ ինչպե՞ս են ապրում եւ առաջնահերթ ինչի՞ կարիք են զգում: Մի քանի հարյուր ընտանիք դեռ բնակվում են Լաթաքիայի հայկական եկեղեցու բակում կամ ժամանակավոր տանիք են գտել բարեկամների մոտ: Հետեւաբար, նրանց առաջնահերթ անհրաժեշտ է բնակարան, սնունդ եւ դեղորայք: Հաշվարկվել է, որ չորս հոգանոց ընտանիքի մեկ ամսվա ծախսը կազմում է 600 դոլարՙ բնակարանի վարձակալություն, սնունդ, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:

Կար նպատակ, կար նաեւ հստակ ծրագիրը, մնում էր ամենադժվարըՙ համոզել մարդկանց, որ գումար տրամադրեն: Առաջարկությունն ու նախաձեռնությունը Facebook-ի միջոցով է արվել: Ավետիքյանը խոստովանում է, որ գրեթե ողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ, օգտատերերին համոզում-բացատրում, թե որքան կարեւոր է այս նախաձեռնությունն ու Հայաստանից հեռու գտնվող հայերը որքան են զգում այդ աջակցության կարիքը:

«Փորձում եմ մարդկանց ոգեւորել, որ ոչ միայն գումար տան, այլեւ իրենք էլ լինեն նախաձեռնող: Կարեւոր է ոչ միայն հանգամանքը, որ գումար են տալիս, այլեւ այն, որ անձը հասկանա, թե ինչի համար է այդ գումարը տալիս եւ ի՞նչ նպատակի է այն ծառայելու: Երբ նա հասկացավ, ապա նույն կերպ կհամոզի իր ընկերներին: Օրեր շարունակ զանգում էի, պատմում, այդ առումով բավական աներես եմ (ծիծաղում է-Հ.Հ.) որպեսզի հասնեի իմ ուզածին»,- ասում է Վարուժան Ավետիքյանըՙ հավելելով, որ կարճ ժամանակահատվածում կարողացան հավաքել 15 հազար 200 դոլար:

Դրամահավաքն այսօր էլ շարունակվում է, իսկ աջակցության առաջին խմբաքանակըՙ 15 հազար 200 դոլարը Սիրիայի ճանապարհին է: Այս հարցում Ավետիքյանին աջակցել է հայկական ամենահին կազմակերպություններից «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը: Հիմնադրամը մասնաճյուղեր ունի նաեւ ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում եւ ունենալով ավելի քան վաթսուն տարվա փորձառություն եւ ոչ առեւտրային կազմակերպության միջազգային փաստաթուղթՙ հիմնադրամի ներկայացուցիչներն առանց խնդիրների եւ քաշքշուկների կկարողանան Սիրիայում աջակցել քեսաբահայերին: Բանկային հաշվեհամարը հիմնադրամի անունով է, իսկ Քեսաբում օգնության տրամադրումն իրականացնելու է հիմնադրամի Սիրիայի մասնաճյուղը:

Դրամահավաքությանը զուգահեռ, այժմ Ավետիքյանը գործընկերներ եւ համախոհներ է փնտրում, որպեսզի կարողանան օգնել այն քեսաբահայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Կազմվում է առաջարկությունների փաթեթ, որպեսզի սիրիահայը հստակ իմանաՙ պետությունն իրեն ի՞նչ է առաջարկում եւ Հայաստան այցելելով ինչո՞վ կարող է զբաղվել: Այժմ Ավետիքյանը բանակցություններ է վարում հիմնադրամների, առեւտրային կազմակերպությունների եւ անհատներ հետ: «Մեկ կազմակերպություն կամ մեկ անձ չի կարող այս գործը միայնակ կատարել: Հայաստան վերադառնալ եւ այստեղ ապրել ցանկացող մեր հայրենակիցներին անհրաժեշտ է ապահովել տանիքով, աշխատանքով, սեփական բիզեսը սկսելու, ծառայություններից օգտվելու հնարավորությամբ, պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք ինտեգրվեն եւ կարողանան իրենց կարողություններն ու գիտելիքները ներդնել Հայաստանում»,- ասում է Ավետիքյանըՙ հավելելով, որ արդեն ստացել են առաջարկություն «Կոնվերս» բանկից այն մասին, որ պատրաստ են բանկային հատուկ առաջարկություններ եւ ծրագրեր իրականացնել սիրիահայերի եւ քեսաբահայերի Հայաստան փոխադրությունն ապահովելու համար:

Թուրքիայի աջակցությամբ սիրիական եւ այլազգի զինյալների կողմից մարտի 21-ին Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կազմակերպությունները: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գավառում տեղի ունեցող իրադարձություններին` խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: Հայկական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Googleում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետեւ Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:

Հայաստանում եւ սփյուռքում գործող բազմաթիվ կազմակերպություններ դրամահավաքներ են սկսել քեսաբահայության համար: Հայաստան համահայկական հիմնադրամը 63 հազար 060 ԱՄՆ դոլար է տրամադրել քեսաբահայերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ