RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3295, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՍԱ, ԻՐՈՔ, ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եթե առաջիկայում արտահերթ նիստով (հավանաբար մայիսի 12-ին) Ազգային ժողով ներկայացվելիք նոր կառավարության ծրագրի քվեարկությունն արժանանա շքեղության հարկը թանկարժեք ավտոմեքենաների ներկրումից հանելու լրացման ճակատագրին, ապա մի կերպ կհավաքի անհրաժեշտ 66 ձայնը: Եթե, ընդհակառակը, ծրագրին հավանություն տա այնքան պատգամավոր, որքան Գալուստ Սահակյանի ընտրությանը, ապա միգուցե այդ ծրագիրը միաձայն էլ անցնի: Փաստորեն ներկա Ազգային ժողովում երկուսն էլ հավասարապես հնարավոր են: Բոլոր դեպքերում ԱԺ վերջին քառօրյայում պարզ դարձավ, որ հետհովիկաբրահամյանական խորհրդարանում այժմ ամեն բան հնարավոր է` անկախ նրանից ո՞վ է այլընտրանք իշխանությանը, ո՞վ` ընդդիմություն: Մեր քաղաքական դաշտի մի տեսակ կարծես առանց այն էլ անհստակ սահմանները Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալով հիմա ավելի լղոզվեցին, ոչ ոք հստակ չգիտե` ով ում ընդդմությունն է, ԲՀԿ-ն այժմ կամ որ պահին ի՞նչ է ուզում, ՕԵԿ-ի նպատակը ո՞րն է, ՀՀԿ-ն դեպի ո՞ւր է նայում: Այլապես զուտ քաղաքական տեսակետից անհասկանալի չէր մնա, թե ընդամենը 70 մանդատ ունեցող իշխանական մեծամասնության պարագայում ինչպե՞ս Ազգային ժողովի նոր նախագահը ստացավ 101 ձայն: Չէ, մենք այն մասին չենք խոսում, որ Գալուստ Սահակյանն իր երկարամյա պատգամավորության ընթացքում հաց է կիսել բոլորի հետ, էությամբ կոնֆլիկտային մարդ չէ եւ ընդունելի է պատգամավորների մեծ մասի համար` անգամ ընդդիմադիր պատգամավորների հետ մասնավոր զրույցներն հենց այդ են վկայում: Խոսքն ուրիշ բանի մասին է. ընդդիմությունը համալրվել է ՕԵԿ-ով, ԲՀԿ-ն շարունակում է իր այլակերպությունը, եւ ընդդիմությունը դասական իմաստով միավորվելու դեպքում, եւ անգամ ՀՀԿ-ականներից ոմանց վրա ունեցած տարբեր լծակների օգտագործման պարագայում մոգական 70 ձայնը շատ հանգիստ կարող է ինքն ունենալ` ուզած որոշում մեծ ցանկության դեպքում անցկացնել կարողանալով: Բայց սա` դասական սխեմաների, կամ էլ` հստակ եւ հանրությանը հասկանալի նպատակադրում ունենալու դեպքում, եւ ոչ թե տարբեր նպատակներով իմիտացիաների: Բայց մի մոռացեք, սա Հայաստանն է, այստեղ ընդդիմությունն այնքան էլ ընդդիմություն չէ, այլընտրանքն այնքան էլ այլընտրանք չէ, մեզ մոտ քաղաքագիտության կանոններից ոչ մեկը չի գործում, այնպես որ` ոչ ոք չգիտե, թե դեռ առաջիկայում ո՞ր պահին ո՞ր գործոններն են ազդեցություն ունենալու, եւ ո՞ր պահին քվեարկությունը մեծամասնությունը գլուխ կբերի մի կերպ (հազիվ 67 ձայնով), ինչպես շքեղության հարկը հանելու դեպքում էր, եւ լիարժեք, դեռ մի բան էլ ավելի` ինչպես ԱԺ նոր նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի ընտրվելու դեպքում էր:

Մյուս կողմից էլ այժմ առավել քան անհասկանալի են մի շարք ԲՀԿ-ականների արդարացումները, թե իրենք քվեարկել են ԱԺ նախագահի պաշտոնում ինքնառաջադրված Հրանտ Բագրատյանի օգտին (օրինակ Տիգրան Ուրիխանյանը իր մասով պնդում էր դա)` փաստացի ակնարկելով, թե միայն ՀՀԿ-ականներից կազմված հաշվիչ հանձնաժողովը կարող էր կամայական մոտեցում ցուցաբերել:

Այստեղ են ասել` թեկուզ եւ ձեր ուզած համամասնությունը չէր, բայց հաշվիչ հանձնաժողովում աշխատելը պետք չէր բոյկոտել, որ հետո նման խնդիր չծագեր: Սակայն չի բացառվում, որ առավել հավանականը ԲՀԿ-ի վրա վարչապետի ուենցած ազդեցությունն է եղել ԱԺ նոր նախագահին տրված այլընտրանքային ձայների աղբյուրը, ինչպես նաեւ Գ. Սահակյանի անձնական գործոնը:

Վերադառնալով խորհրդարան` նշենք, որ բացի նախագահի եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունից (ընտրվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը), ողջ շաբաթ երկարորեն եւ տանջալից քննարկվող երկու օրենսդրական նախաձեռնությունները, որոնցից մեկը վերաբերում էր ներկրվող թանկարժեք մեքենաների վրայից ակցիզային (շքեղության) հարկը հանելուն, մյուսը` կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հետ կապված տույժ ու տուգանքները կասեցնելուն, իրենց մեջ շարժառիթի առումով անպարզություններ բացահայտեցին: Առաջինի դեպքում ընդդիմությունը չհամոզվեց, որ նախաձեռնության` ներկրման նվազման պատճառով բյուջե չմտած երեքից հինգ միլիարդ դրամը վերստին բյուջե ուղղելու շարժառիթը. ընդդիմության ներկայացուցիչները նկատում էին, որ եթե 2015 թվականից Եվրասիական միության մաս ենք կազմելու ու այլ խաղի կանոններ են գործելու դաշտում, այս մի քանի ամիսն ի՞նչ իմաստ ունի այսպիսի օրենքի ընդունումը: Եւ իրենց համար եզրակացնում էին, որ սա մի քանի ներկրողների լոբբիինգի արդյունքում ստեղծված գաղափար է, որը հնարավորություն կտա այս ամիսների ընթացքում այդ մեքենաները էժան ներկրել-կուտակել, իսկ հետո թանկ վաճառել ռուսական շուկայում: Դե իսկ մենք հանդիսատես եւ ոչ մասնագետ` իրապես պարզելու համար բյուջե լցնե՞լն է շարժառիթ, ինպես պնդում են նախաձեռնողները (ի դեպ` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը եւս նախաձեռնողներից էր), թե՞ մասնավոր շահը:

Երկրորդ դեպքում, այսինքն կուտակային պարտադիր բաղադրիչի` տույժ ու տուգանքները մինչեւ սեպտեմբերի 30-ը կասեցնելու առաջարկի օրուկես տեւած քննարկումներն նույնպես չէին բացահայտում գլխավորը` արդյոք աշխատողն այս լրացման արդյունքում կարող է կուտակայինի պարտադիր վճարումը չկատարե՞լ. այդ հարցի պատասխանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կամ չուներ, կամ, որ ավելի հավանական է, ուներ, այն է` վճարումները շարունակվելու են, բայց ոչ մի կերպ չէր խոստովանում: Մինչեւ որ հարակից զեկուցող Հակոբ Հակոբյանը, Հրանտ Բագրատյանի հետ լեզվակռվի ժամանակ չդիմացավ ու խոստովանեց, որ օրենքի այս նոր լրացումը պարտադիրի գանձումը չի կասեցնում:

Սակայն անգամ այս հստակեցումը չպարզեցրեց վիճակը, քանի որ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին նույն հարցի, այն է`պարտադիր բաղադրիչն ի վերջո դուրս է գալու, թե՞ ոչ, պատասխանն ստանալու պատգամավորական փորձերին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց.«Ես ասել եմ` դե ֆակտո` այո»: Երեւի նա տեղյակ չէր քննարկմանն ընթացքից: Բայց եւ` փաթեթով լուծելուն նա եւս հղում արեց, ինչես նախարարն ու Հ. Հակոբյանն էին անում, բացատրելով, թե տույժ ու տուգանքը առայժմ կասեցվում է, որ բոլորի համար ընդունելի լուծում գտնվի միասնական փաթեթով: Այնպես որ` կուտակային պարտադիր բաղադրիչի մասով շիլափլավը շարունակվում է, ոչ ոք հստակ պատասխաններ այդ առումով դեռ չունի:

Իսկ թե ի՞նչ է լինելու արդեն վճարած 127 հազար քաղաքացիների վճարների հետ, էլի պարզ չէ` մինչեւ այդ ամբողջական, բոլորի կողմից ընդունելի փաթեթ-տարբերակի ընդունումը:

Իհարկե, սովորական տնտեսական այս հարցերը հատկապես խորհրդարանում քվեարկվելու պահին. Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու հետ, ավելի խիստ քաղաքական երանգավորում են ստանում, դա եւս հասկանալի է: Սակայն այս անգամ քաղաքական իմաստավորման մի փորձ էլ խորհրդարանից` այս անգամ ԱԺ փոխխոսնակ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի միջոցով: Նախ նշենք, որ ԶԼՄ-ների մակարդակով վարչապետափոխությանը եւ կառավարության փոփոխությանը բուրժուադեմոկրատական հեղափոխություն կոչելու փորձերին շատ խիստ վերապահումով կարելի է մոտենալ, քանի որ մեզ մոտ ոչ բուրժուադեմոկրատիա կա, ոչ էլ իշխանափոխություն, այլ` օլիգարխիկ խաղեր են միայն եւ պարզ անձափոխություն, իսկ այն նպատակները, որոնք դրվում են ուզած բուրժուադեմոկրատական հեղափոխության հիմքում, ու նախ եւ առաջ` կյանքի ու հասարակական միջավայրի բարելավումը, մեզ մոտ ոչ մի ճեղքից դեռ չեն էլ ծիկրակում: Ապա եւ Շարմազանովի` նոր քաղաքական շրջափուլի սկզբի մասին հայտարարության առումով նախ հարկ է պարզել, թե ո՞րն է այդպիսի տեսակետի շարժառիթը. արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների մասին գաղափարը, կամ նոր կառավարությունը, որի համար նոր բառը թերեւս սխալ է գործածելը, կարելի է գործածել փոխատեղված, ազդեցությունների վերաբաժանմանն ուղղված եւ էլ ինչ բառ ասես, բայց ոչ` նոր: Եթե վարչապետի փոփոխությունը գերխնդիր հռչակած քառյակն այլեւս գերխնդիր չունի, կուտակայինի հետ կապված էլ դեռ պարզ չէ վիճակը, եւ միայն հարյուր օր հետո պարզ կլինի` ձախողեց, թե՞ հաջողեց Հովիկ Աբրահամյանը հաշտության մթնոլորտ ստեղծելու եւ հասարակության վստահությունը կառավարության հանդեպ բարձրացնելու նախագահական նպատակը, ապա հիմա, երբ դեռ ոչինչ պարզ չէ, ո՞րն է նոր իրավիճակը:

Նոր իրավիճակն ա՞յն է, որ ապագա տասնամյակում, ըստ Շարմազանովի, քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը ՀՀԿ-ն է՞ լինելու, է, մինչեւ հիմա մի՞թե այդպես չէր: Եւ դեռ սահմանադրական փոփոխությունները չիրականացրած` նա համոզված է. «Մենք թեւակոխել ենք ցանցային կառավարման (հորիզոնական) համակարգ, որտեղ նվազելու է մեկ մարդու դերը քաղաքականության մեջ եւ կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը»: Ու գործող նախագահի չառաջադրվելու եւ մի շարք այլ հայտարարություննե՞րն են Շարմազանովի համոզմունքի հիմքը: Հետաքրքրական է, որ Է. Շարմազնաովը կոչ է անում այն մարդկանց, ովքեր հավակնում են դառնալ նախագահ կամ վարչապետ` հիմնական ճանապարհ որպես ՀՀԿ-ով անցնել: Քոչարյանի՞ն: Հըմ: Դաշտը բաց է, մրցակցային, բայց մրցակցությունը նախ... ՀՀԿ-ի ներսում է, ասում է Շարմազանովը: Իսկ մենք համոզված ենք, որ Քոչարյանն ու Սարգսյանը դեռ կպայմանավորվեն, իսկ ՀՀԿ-ով կամ առանց ՀՀԿ-ի, դա երկրորդական է, մանավանդ` դոմինանտ են դառնում հետխորհրդային գործընթացներն ու աշխարհաքաղաքական տուրեւառումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ