RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



ՄԱՐԶԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2299, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ԹԵՆԻՍԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ 9-ՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Օրերս Մոսկվայի «Մեգասֆերա» մարզահամալիրում մարզական յուրօրինակ տոնախմբություն էր: ՌԴ մայրաքաղաքի այդ հեղինակավոր մրցասպարեզի կամարների ներքո մի քանի ժամ շարունակ թեւածում էր հայկական շունչն ու ոգին, եւ դահլիճում ներկա գտնվողներիս առիթ եղավ մեկ անգամ եւս հիանալու եռանդով լի մեր այն հայրենակիցներով, ովքեր հայրենիքի հանդեպ կարոտով ու սիրով ոգեշնչված` օտար ափերում նպաստում են հայապահպանական գործընթացներին, մեր արմատների ամրապնդմանն ու հայի ինքնության հարատեւմանը:

Ապրիլի 26-ին այստեղ անցկացվեց արդեն ավանդական դարձած «Արմենիա-դիասպորա» խորագիրը կրող թենիսի բաց առաջնության 9-րդ մրցաշարը: Տարեցտարի մեծ համբավ ու ճանաչում վայելող մարզական այս գեղեցիկ միջոցառումը վերստին կազմակերպվել էր Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի մշտական ներկայացուցիչ, Մոսկվայի հայ համայնքում հարգանք վայելող Մակար Նահապետյանի ակտիվ ջանքերի շնորհիվ: Մրցաշարն այս անգամ էլ նպատակ ուներ միավորելու եւ համախմբելու մեր հայրենակիցներին մեծ սպորտի շուրջը, բարձրացնելու երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգին, վառ պահելու հայ մարդու կերպարը` առողջ ու ամուր նկարագրով, ինչպես եւ ներգրավելու թենիսի սիրահարներին ակտիվ եւ առողջ կենսակերպում: Ի դեպ, Մոսկվայում նման մրցաշար հիմնելու գաղափարը գլխավոր մարզիչ Էդուարդ Խանյանինն է, որը չնայած պատկառելի տարիքին, այսօր էլ հայրենիքից հեռու շարունակում Է իր ակտիվ գործունեությունը: Նախկինում լինելով Հայաստանում ԽՍՀՄ թենիսի պետական մարզիչ, Էդուարդ Խանյանն արդեն երկար տարիներ բնակվում Է Մոսկվայում` շարունակելով սերտ կապեր պահպանել Հայաստանի հետ: Երբ տարիներ առաջ Երեւանում առաջին անգամ կազմակերպեց թենիսի մրցաշար, որին մասնակցեցին Ռուսաստանի ճանաչված մարդիկՙ տիեզերագնացներ, արվեստի, քաղաքական գործիչներ եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ, Էդուարդ Խանյանը համոզված էր, որ նման մրցաշարը, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին միավորելու, համախմբելու եւ Հայաստանի մարզիկների հետ կապը պահպանելու նպատակով, պետք Է ստեղծվի եւ ավանդական դառնա հենց Ռուսաստանում, քանի որ բնակվելով Մոսկվայում` նա միշտ մտածում Էր, թե ինչպես կարող է համագործակցել Հայաստանի հետ: Գաղափարը կյանքի կոչվեց Մակար Նահապետյանի հետ հանդիպումից հետո, երբ վերջինս, հստակ պատկերացնելով ձեռնարկման նպատակը, վայրկյան իսկ չերկմտեց հովանավորել մրցաշարը եւ ընդառաջ գնաց Էդուարդ Խանյանի խնդրանքին:

Սկզբում մրցաշարին մասնակցեցին սիրող թենիսիստներ, սակայն տարեցտարի այն մասնակիցների աննախադեպ քանակ ապահովեց: Մանավանդ, շնորհիվ կազմակերպչական անուրանալի ձիրքով ու մեծ ճաշակով օժտված Մակար Նահապետյանի` միջոցառումները, որպես կանոն, սկսվեցին վերածվել տոնի եւ տոնախմբության, ինչի ապացույցն էր նաեւ Մոսկվա քաղաքում օրերս անցկացված թենիսի առաջնությունը, որի ընթացքում խաղարկվեց Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության գավաթը:

Այդ օրը դեռ առավոտվանից, առաջնությունը մեկնարկելու առաջին րոպեներից, մարզահամալիրում գերիշխում էր հաղթելու համար անհրաժեշտ մարզական բարձր տրամադրվածությունն ու հաղթական ոգին:

Ճանաչված եւ հայտնի մարզիկների, Ռուսաստանի ամենատարբեր բնագավառների մի շարք հայտնի դեմքերի հետ միասին` առաջնությանն իրենց մասնակցությունն էին բերել նաեւ մեր հայրենակիցների մանկապատանեկան խմբերը, որոնք ժամանել էին ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից:

Միջոցառման ընթացքում առիթ եղավ ծանոթանալու մրցաշարի ակտիվ մասնակից եւ թենիսի մեծ սիրահար, Ռուսաստանի կլինիկական մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նիկոլայ Վագանովի հետ, զտարյուն ռուս եւ վերին աստիճանի կիրթ ու զարգացած մի անձնավորություն, եւ քանի որ հայկական ազգանվանը նման է ազգանունը` մտերիմները նրան երբեմն կատակով Վագանյան են ասում, ինչը նրան ամենեւին չի կաշկանդում:

Մարզական այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչն էր Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը, հովանավորները` Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ, մեծ հայրենասեր եւ տարիներ շարունակ իր հայապահպան գործունեությամբ աչքի ընկնող Աղասի Ալեքյանը, «Յունիսթրիմ» բանկի բաժնետեր եւ նախագահ Գագիկ Զաքարյանը, Ալբերտ եւ Լեւոն Կարխամանյան եղբայրները (Ալբերտը ոստիկանության պահեստի գնդապետ է, երկար տարիներ աշխատել է ՌԴ ՆԳՆ համակարգում) եւ մոսկվաբնակ հայ գործարարներ: Առաջնության գործընկերներն էին ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին պատկանող մի շարք առեւտրի կենտրոններ, հյուրանոցառեստորանային համալիրներ, ոսկերչական խանութներ եւ բանկեր:

Այդ օրը թեեւ մրցավարները հայտարարեցին կոնկրետ հաղթողների անուններ եւ տրվեցին պարգեւներ, սակայն մթնոլորտն այնքան տոնական էր եւ միջոցառումը գունագեղ, որ կարելի է ասել` հաղթեց բարեկամությունը, իսկ առավել ստույգ` հայկական ոգին: Եվ ռուսական հողում, հյուսիսի համայնապատկերի ներքո, կրկին բարձրացվեց մեր հաղթական եռագույնը` խնդություն, բերկրանք ու հպարտություն պարգեւելով աշխարհով մեկ սփռված հայորդիներին: Նրանց, ովքեր դեռ պիտի կառուցեն, շենացնեն եւ իրենց նվիրական գործերով գեղեցկացնեն մեր Հայրենիքը:

Մի ամբողջ տարի, մինչեւ հաջորդ մրցաշարի մեկնարկը, լեփ-լեցուն դահլիճում ներկա գտնվողները կհիշեն այս տոնը, որը, անշուշտ, նույն դահլիճում ներկա գտնված օտարազգիներին առիթ կտա խորհելու հայերի բարձր կուլտուրայի, կազմակերպվածության եւ համախմբվածության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ