«ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ ԵՂԲՈՐԴ» ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի, ապրիլի 23-ին ձեւավորվեց հանձնախումբՙ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի իրականացման նպատակով: Այդ ծրագրով թողարկվել են բացիկներ, եւ դրանց վաճառքից գոյացած գումարով նախատեսվում է գնել բնակարան Վանաձորի Սանկտ-Պետերբուրգյան տնակային ավանում բնակվող (5/3-1-1 տնակ) խիստ կարիքավոր Քալաշյան ընտանիքի համար: Բացիկների տպագրությունն անհատույց կատարվել է Վանաձոր քաղաքի «ՍԻՄ տպագրատուն» ՍՊԸ-ի տնօրեն Հայկազ Սիմիկյանի կողմից: Հանձնաժողովում ընգրկված են Լոռու մարզպետարանի Վանաձորի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մտավորականներ: Ընտանիքի հայր Սամվել Քալաշյանը արցախյան պատերազմի մասնակից է: Հիվանդության հետեւանքով դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Ներկայումս գործազուրկ է, ստանում է 24.500 դրամ թոշակ: Կինը` Անահիտ Էվոյանը, տնային տնտեսուհի է, գործազուրկ, հաշմանդամ որդու խնամակալն է: Դուստրը` Ռուզաննա Սամվելի Քալաշյանը (26 տարեկան), չի աշխատում, գործազուրկ է: Որդին` Միքայել Սամվելի Քալաշյանը (25 տարեկան), մանկուց հաշմանդամ է, ունի հաշմանդամության 1-ին կարգ, տեղաշարժվում է սայլակով: Թոշակ է ստանում` 18.000 դրամ: Ընտանիքը նպաստառու է, ստանում է ամսական 16.000 դրամ: Ազատամարտիկը չի ընդգրկվել ՀՀ կառավարության կողմից տրամադրվող բնակարանային ծրագրում, քանզի հաշմանդամության կարգավիճակ ստացել է պատերազմից հետո: Ծրագիրը լայն արձագանք է գտել Վանաձոր քաղաքի ազգաբնակչության կողմից: Բացիկների գնմանը մասնակցություն են ցուցաբերում հիմնարկ¬ձեռնարկությունները, պետական եւ հասարակական հաստատությունները, բարձրագույն կրթական հաստատությունները եւ անհատ քաղաքացիներ: |