ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ԳԱԼԻՍ Է ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԵՇՏ ՏԱՆ ՍՊՈՐՏԻՆ Էջը պատրաստեց ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Մոտ երկու տարի հետո հրաժեշտ կտամ բռնցքամարտին»,- երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ընթացքում: Հայ բռնցքամարտիկն այս օրերին գտնվում է Հայաստանում եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր վերջին հաղթանակների եւ առաջիկա ծրագրերի մասին: Արթուրը երիտասարդ տարիները նվիրել է սպորտին, հիմա ուզում է հանգստանալ ու կյանքը վայելել. «Կյանքում ավելի վատ բան չկա, քան երբ մարդ ծարավ եւ սոված է: Բայց պետք է քաշ գցես, անընդհատ պարապես, որը տեւում է շաբաթներ, ամիսներ, տարիներ... Դրա համար, երբ ժամանակը գալիս է, պետք է անցնես կյանքը վայելելուն»: Կարիերան ավարտելուց հետո էլ Արթուր Աբրահամը ցանկանում է լինել սպորտային ոլորտում, բայց մարզչի բարդ պարտականությունը ստանձնել մտադիր չէ: Ապագայի համար արդեն ստեղծել է իր աշխատանքը, բայց փակագծերը բացել չի ցանկանում: Միայն ասում է, որ օրը 24 ժամ էլ զբաղվի այդ գործով, էլի բավական չէ: Մոտ երկու տարվա ընմիջումից հետո Արթուրը` Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտում հաղթանակի շնորհիվ վերադարձրեց աշխարհի չեմպիոնի իր գոտին. «Կյանքը կարող է շատ հաճելի լինել, բայց երբ քո քրտինքով վաստակած գոտին քեզ մոտ չէ` ոչնչից հաճույք չես ստանում: Թերեւս սա աենաբարդ մենամարտն էր»: Աշխարհի չեմպիոնը մինչեւ Հայաստան վերադառնալը, Նիկոլա Սյեկլոչայի հետ մենամարտում պաշտպանեց տիտղոսը: Նույնիսկ մեկ ձեռքով, բայց հայկական դպրոցի հնարամտությամբ «Արթուր Արքան» հաղթեց Մոնտենեգրոն ներկայացնող մարզիկին. «Ձեռքիս ջիլերը կտրվել էին, եւ փոքրիկ ոսկորներ պոկվել: Սակայն այս մասին չհայտարարեցինք` հակառակորդը հոգեպես ավելի կուժեղանար»: Աջ ձեռքը հայ բռնցքամարտիկը վնասել էր դեռ Շտիգլիցի հետ մենամարտում: Գիպսը` միայն վերադառնալուց առաջ է հանել: Արթուրը պատրաստ է մենամարտել այն բոլոր բռնցքամարտիկների հետ, ում պարտվել է: Մինչեւ տարեվերջ երկու մենամարտ կունենա, իսկ թե ովքեր կլինեն մրցակիցները, երբ եւ որտեղ կկայանան դրանք, կորոշեն պրոմոութերները: Արթուրը մեծ ցանկություն ունի ռինգ դուրս գալ նաեւ Երեւանում, սակայն առաջնային խնդիրը տիտղոսը պահպանելն է: Ֆուտբոլը` Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկի հոբբին է: Երկրպագում է «Բարսելոնային», սիրում է նաեւ Դորտմունդի «Բորուսիային»: Հենրիխ Մխիթարյանի հետ լավ հարաբեություններ ունի: Միմյանց խաղերին ներկա գտնվելու դեռ շատ առիթներ կլինեն, որովհետեւ երկուսն էլ ցանկություն ունեն: |