RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014



Տեղադրվել է` 2014-05-23 00:54:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2078, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 25

«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ». ՂՐԻՄԻ ՀԵՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՆ ԱՆՑԵԼ ՆԱՎԹԻ ՈՒ ԳԱԶԻ ՎԻԹԽԱՐԻ ՊԱՇԱՐՆԵՐ

Պ. Ք.

Ենթադրվում է «Հարավային հոսքի» նախագծի փոփոխություն

Ռուսաստանը Ղրիմից բացի ստացել է ծովային ծանծաղուտ, որի բնապաշարները գնահատվում են մի քանի տրիլիոն դոլար: Դա ամենաուժգին հարվածն է էներգետիկ անկախության հասնելու Ուկրաինայի հույսերին, գրում է ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը:

«Ռուսաստանը միացումը ներկայացրեց որպես իրավամբ իրեն պատկանող տարածքի վերադարձ եւ ուշադրություն չհրավիրեց վերջերս Սեւ ծովում ծավալող նավթա-գազային տենդի վրա», նշում է հոդվածագիր Ուիլյամ Ջ. Բրոդը: Իր կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի միացման եւ էներգառեսուրսների միջեւ «կապ չկա»: Ըստ թերթիՙ նա «ավելացրել է, որ նավթն ու գազը Ռուսաստանին նույնիսկ չէին էլ հետաքրքրում»:

Exxon Mobil-ը, Royal Dutch Shell-ը եւ ուրիշ խոշոր ընկերություններ Սեւ ծովում արդեն անցկացրել են երկրաբանական-հետախուզական աշխատանքներ: Նավթային ճյուղի որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Սեւ ծովի ածխաջրածնային բնապաշարները համեմատելի են Հյուսիսային ծովի պաշարների հետ: Ամերիկացի երկրաբան Ուիլյամ Բ.Ֆ. Ռայանի կարծիքովՙ Ղրիմի միացման շնորհիվ Ռուսաստանը ստացավ նավթի թերեւս «լավագույն» խոր հանքավայրերը:

Վերլուծաբանները կարծում են, որ բնապաշարների յուրացմանը կարող են խոչընդոտել հակառուսական պատժամիջոցները, որոնք կսահմանափակեն Արեւմուտքի ֆինանսավորման ու տեխնոլոգիաների մատչելիությունը: Այդուհանդերձ նրանք նշում են, որ Ռուսաստանն արդեն «կլանել է Ուկրաինայի գազի ազգային ընկերության ղրիմյան ստորաբաժանումը»:

Թերթը հիշեցնում է «նավթա-գազային տենդի» ժամանակագրությունը: Ավելի քան երկու տարի առաջ Ռումինիայի ափերի մոտ հայտնաբերվեց գազի խոշոր հանքավայր: 2012 թ. ապրիլին ՌԴ վարչապետ Պուտինը իտալական Eni ընկերության հետ ստորագրեց Սեւ ծովի հյուսիսարեւելյան մասի ռուսական գոտում երկրաբանական հետախուզման համաձայնագիր: 2012 թ. օգոստոսին Ուկրաինան հայտարարեց Exxon-ի ղեկավարությամբ մի խումբ ընկերությունների հետ համաձայնագրի ստորագրման մասին: Խնդիր էր դրվում նավթ եւ գազ արդյունահանել Սեւ ծովում: Նույն համաձայնագրին հավակնում էր ռուսաստանյան «Լուկօյլ» ընկերությունը, բայց Ուկրաինան նախընտրեց Exxon-ի հայտը:

Հոդվածագիրը Ռուսաստանի եւ Ղրիմի վերամիավորման պայմանագրում առանձնացրել է այն կետը, ըստ որի «Սեւ եւ Ազովի ծովերի ջրատարածքների սահմանազատումը կկարգավորվի միջազգային իրավունքով»:

Այս տարվա մարտի 24-ին ռումինական «Ռոմանիա լիբերա» թերթը հայտարարեց, որ «Ռումինիան ու Ռուսաստանը կդառնան հարեւաններ», եւ վկայակոչեց փորձագետների կարծիքը, ըստ որի Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան եւ Ռումինիան լռելյայն կընդունեն Ղրիմի միացումը, «որպեսզի խուսափեն բացահայտ առճակատումից»:

Ամեն դեպքում վերլուծաբանները կանխատեսում են, որ Ղրիմի միացումից հետո «Հարավային հոսք» գազամուղի նախագիծը փոփոխության կենթարկվի. այն կանցկացվի ոչ թե Թուրքիայի տարածքային ջրերով, այլ նոր ձեռք բերված ջրատարածքով: Ճիշտ է, Ուկրաինայի ճգնաժամը կասկածի տակ է դրել «Հարավային հոսքի» ապագան:

Ինչ վերաբերում է ՌԴ նոր ջրատարածքում նավթի արդյունահանմանը, ընկերությունները հայտարարում են, որ ավելի վաղ Ուկրաինայի հետ իրենց ձեռք բերած համաձայնությունները մնում են օդում կախված: Վերլուծաբանների կարծիքովՙ մոտ ժամանակներս դժվար թե նոր պայմանագրեր ստորագրվեն. պատճառը տարածաշրջանի անկայունությունն է, եւ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու ԱՄՆ-ի փորձերը:

«Գազպրոմը» ավելի վաղ հայտարարել էր դեպի Ղրիմ ստորջրյա գազամուղ կառուցելու, ինչպես նաեւ տեղական էներգետիկ ընկերության մասնավորեցման մրցույթին մասնակցելու ծրագրերի մասին: 2014 թ. ապրիլին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հայտարարեց, որ «Գազպրոմը» պատժամիջոցների կենթարկվի Ղրիմի միացման նախօրեին այդ ինքնավար հանրապետության կառավարության ազգայնացրած «Չեռնոմորնեւտեգազ» ընկերության մի մասի ձեռքբերման կամ ընկերության հետ գործարքի կնքման դեպքում:

ԱՄՆ-ը չի գնում ռուսական գազ, բայց «Գազպրոմը» կարող է ներմուծողների հետ արտարժութային հաշվարկների դեպքում բախվել լուրջ բարդությունների, քանի որ նման հաշվարկների ժամանակ հաճախ որպես թղթակից բանկեր հանդես են գալիս ամերիկյան հաստատությունները:

«Չեռնոմորնեւտեգազի» սեփականաշնորհումը հետաձգվել է: «Որոշվել է սեփականաշնորհումը հետաձգել մինչեւ տարեվերջ: Ընկերությունը կլինի Ղրիմիՙ որպես ՌԴ սուբյեկտի հանրապետական սեփականությունը», հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ