ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ՆԱՎԻ ԲԵԿՈՐԸ Պ. Ք. Ստորջրյա հնագիտության մի խումբ մասնագետներ ըստ երեւույթին հայտնաբերել են «Սանտա Մարիա» առագաստանավի մի բեկոր: Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին այդ նավի վրայից էր հայտնագործել Ամերիկան: 15-րդ դարի երկրորդ կեսին բասկերի երկրի ծովափին կառուցված այդ առագաստանավը Բահամյան կղզիների հայտնագործումից որոշ ժամանակ անց խորտակվել էր Հաիթիի ափամերձ ստորջրյա խութերին բախվելու հետեւանքով, գրում է Le Monde թերթը: Եթե հնագետների հայտնաբերածը իրոք «Սանտա Մարիայի» բեկորն է, ապա դա կդառնա շատ կարեւոր հայտնագործություն: «Աշխարհագրական բոլոր վկայությունները, ստորջրյա տեղադրությունը եւ հնագիտական փաստերը հաստատում են, որ խոսքն իրոք Կոլումբոսի առաջատար նավի մասին է», նշում է հնագետ Բարրի Քլիֆֆորդը, որի ստորջրյա հնագիտության խումբը առայժմ միայն լուսանկարել եւ չափագրել է հայտնագործության վայրը: Բեկորի տեղայնացումը հնարավոր դարձավ 2003 թվականին այն ամրոցի տեղայնացման շնորհիվ, որը կառուցվել էր Կոլումբոսի կարգադրությամբ: Գործին օգնեց նաեւ ծովագնացի ճամփորդական հուշագրության ընթերցումը: Առաջին գիտարշավի ընթացքում հնարավոր եղավ լուսանկարել բեկորը, բայց դրա նույնականացումը հետաձգվեց: Ավելի ուշ մի շարք սուզումներ թույլ տվեցին հաստատել, որ խոսքը հավանաբար «Սանտա Մարիայի» մասին է: Օվկիանոսի հատակին բալաստի թողած հետքը, ինչպես նաեւ թնդանոթները համապատասխանում են նման առագաստանավի չափերին: Հնագետները կապ են հաստատել Հաիթիի կառավարության հետ եւ հուսով են, որ հայտնագործության տարածքը կպաշտպանվի գանձ որոնողներից: Որոշված է նավը ջրից հանել, հնարավորինս վերականգնել եւ հանրությանը ներկայացնել Հաիթիում զբոսաշրջությանը նպաստելու նպատակով: |