RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015



ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-03-05 23:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1690, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՅԼՔԻ ՊԱՏԱՆԴ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ` ՍԱԴՐԱՆՔՆԵՐՈՎ, ԶՈՀԵՐՈՎ...

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Յուրաքանչյուր շաբաթ առնվազն մի քանի անգամ հաղորդագրություն է տարածվում, որ սահմանին ու շփման գծում զինադադարի խախտումներ են եղել, որ դիվերսիոն փորձեր են արվել ու զինծառայողներ զոհվել: Այս տարվա առաջին իսկ օրերից սկսած ադրբեջանական կողմից սադրանքները չեն դադարում, եւ ակնհայտորեն ավելի տեւական ու կարեւոր հարց է լուծվում, քան զուտ դեկլարատիվ ռազմատենչ հայտարարությունները «փոքրիկ մարտերով» ամրապնդելու բացատրությունն է:

Անցած երկու ամսում արդեն տասնյակ զոհեր են եղել, ադրբեջանական կողմից` թերեւս կրկնակի ավելին, սակայն մարդկային կյանքի դեպքում մեկ, թե ավելին` ոչինչ չի փոխում. երեւույթն արդեն իսկ ահազանգող ու դաժան է: Մինչդեռ արտաքին արձագանքներից ելնելով կարելի է կարծել, թե տարածաշրջանից դուրս հանգիստ ու գրեթե նորմալ են վերաբերում յուրաքանչյուր օր տեղի ունեցող սադրանքներին ու սպանություններին: Դեռ սրան էլ ավելացրած, որ ադրբեջանական կողմը տարածում է կասկածելի ծագման տեսանյութեր, թե «ինչպես են ոչնչացվում հայ դիվերսանտները»:

Ղարաբաղյան հակամարտությունը այս պարագայում զինադադարի ռեժիմում չի գտնվում, այլ առնվազն նախապատերազմական, որն իմ կարծիքով հավուր պատշաճի ուշադրության չի արժանանում:

Մյուս կողմից, յուրաքանչյուր անգամ ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների մասին տեղեկությունները նաեւ հայկական կողմի զոհերի մասին տվյալներ են պարունակում, ինչը բնավ էլ չի խոսում սահմանի ու շփման գծի իրապես պաշտպանվածության մասին: Եվ այն դեպքում, երբ նման դիվերսիաներ տեղի են ունենում գրեթե ամեն օր, եւ հաղորդագրությունների համաձայն` զոհեր են լինում ոչ թե անակնկալ հարձակումների հետեւանքով, այլ մարտական գործողությունների ժամանակ, հարկ է որ ներքաղաքական խաղիկների փոխարեն բոլորի համար էլ սահմանն ու զինծառայողը լինեն ուշադրության կենտրոնում:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Կրակովում հունվարի 27-ին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությամբ խախտեցին վատ ավանդույթը, նշելով որ Մամեդյարովին խորը մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հարձակումների առնչությամբ, կոչ էին արել Ադրբեջանին «հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին»` ձեռքի հետ մեջբերելով նաեւ Հայաստանին, թե «Մենք կոչ ենք անում նաեւ Հայաստանինՙ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»:

Ժամանակը ցույց տվեց, որ այդ կոչը չլսված մնաց, քանի որ զինադադարը խախտվում է, զոհերի թիվն ավելանում: Ադրբեջանի այսօրինակ մոտեցումը փոփոխություն չի կարող կրել, քանի դեռ իսկապես ազդու եւ կոնկրետ հասցեագրմամբ չեն ասվել դատապարտման խոսքեր:

Եվ նույնիսկ այդ պայմաններում քիչ հավանական է, որ Ադրբեջանում դադարեն մտածել սադրանքների գնալու ճանապարհով հարցեր լուծելու մասին, քանի որ հարեւան երկրում ներքաղաքական իրավիճակը եւս լարվածության առումով հասել է ահռելի չափերի: Մարդու իրավունքների առնչությամբ Ադրբեջանին ուղղված քննադատությունը ոչ միայն խիստ հասցեական է դարձել, այլեւ հաճախակիացել են հոդվածներն ու հրապարակումներն այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը վերածվում կատարյալ բռնապետության:

Իսկ հակամարտության առումով ադրբեջանական կեցվածքի դատապարտման հարցում միջազգային հանրությունն «համակ ուշադրությամբ» հետեւում է ուկրաինական դեպքերին ու ռուսաստանյան սպանություններին, ղարաբաղյան հարցում շարունակելով պահպանել «խոնարհ հարսի» բռնած դիրքը: Դիրքի փոփոխություն տեղի չի ունենում անգամ այն դեպքում, երբ Ադրբեջանից հնչող մեկնաբանություններն ու հայտարարությունները կրկին անցնում են վայրագության սահմանը: Ադրբեջանի նախագահի նման, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող դատողություններ ու մեկնաբանություններ են մատուցվում Ադրբեջանում ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ պետական կառույցների կողմից:

Այդ երկրի պաշտպանության նախարարության վերջին հայտարարությունն ավելի շուտ անկանոն զորամիավորման գլխին կանգնած վայրենի մոտեցում է հիշեցնում: Ադրբեջանական կայքերի մատուցմամբ, հարեւան երկրում էլի մեր մասին ավելի շատ են մտածում ու հայ ծնողներին կոչ են անում «իրենց զավակներին բանակ չուղարկել հանուն անիմաստ իլյուզիաների»` հայտարարելով, թե «քանի վերջին օկուպանտը չի լքեկ ադրբեջանական հողերը, կբախվեք ավելի ծանր ու սարսափելի կորուստների»` նկատի ունենալով վերջին շրջանում զինադադարի ռեժիմի հետեւանքով ընկած զոհերին:

Հայաստանից դատապարտում հնչում է, սակայն լսելի լինելու առումով դեռեւս բնութագրական չէ: «Առավոտի» հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել իրավիճակի սրումը սահմանագծին, Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, արձագանքել է, թե «ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերինՙ խստորեն հետեւելու հրադադարի պահպանմանը եւ զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից»:

Մինսկի խմբի համանախագահները, ըստ Նալբանդյանի, տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները: «Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն եւս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ», ասել է Նալբանդյանը:

Լավ կլիներ եւ նշեր նաեւ, թե որքանով են այդ գնահատականի հետ համաձայն հենց եռանախագահները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ