ՈՒԿՐԱԻՆԱՆՙ ՀԻՎԱՆԴ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ Պ. Ք. «Բլումբերգ» գործակալության վերլուծաբանները կազմել են այն 15 երկրների ցանկը, որոնց տնտեսության համար 2015 թվականը հատկապես ծանր է լինելու։ «Սեւ ցուցակի» առաջին հնգյակում են Վենեսուելան, Արգենտինան, ՀԱՀ-ը, Ուկրաինան եւ Հունաստանը։ Հաջորդ տեղերը զբաղեցնում են Իսպանիան, Ռուսաստանը, Խորվաթիան, Թուրքիան, Պորտուգալիան, Իտալիան, Կոլումբիան, Բրազիլիան, Սլովակիան, Ինդոնեզիան։ Տնտեսության աղետալիության ցուցիչը կազմված է ըստ պարզ բանաձեւի. գործազրկության մակարդակ + սպառողական գների ցուցիչի փոփոխություններ։ Վենեսուելայի դեպքում այդ ցուցիչը 80 է, Արգենտինայի դեպքումՙ 33, ցանկը եզրափակող Ինդոնեզիայի պարագայումՙ 13։ Ցանկում կա եվրոպական 8 երկիր, ինչը եվրոգոտու ճգնաժամի վկայությունն է։ Կա նաեւ հարավամերիկյան 4 երկիր։ Վենեսուելայի աղետալի վիճակը բացատրվում է նրանով, որ գրեթե ամեն ինչ ներմուծվում է, եւ նավթի հսկայական պաշարներն անգամ չեն օգնում։ Ուկրաինայի վիճակի պատճառները հանրահայտ են։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով (8494 դոլար) Ուկրաինան «Բլումբերգի» հետազոտած 51 երկրների մեջ առաջ է անցել միայն Ֆիլիպիններից։ Մնացյալ հինգ տասնյակ երկրներում մեկ շնչին ընկնող միջին եկամուտը 31079 դոլար է։ 2014 թ. «սեւ ցուցակում» Ուկրաինան զբաղեցնում էր 2-րդ տեղը։ Ռուսաստանը «սեւ ցուցակում» հայտնվել է նավթի գների անկման եւ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների հետեւանքով։ Ցանկում Հայաստանը չկա։ |