ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ Հ.Ծ. Թուրքիայի հայոց պատրիարքարանը Ստամբուլի առաջին ատյանի թիվ 22 քաղաքացիական դատարանում «Հովակիմ 1461» անվան տակ պաշտոնապես գրանցել է նոր մի հիմնադրամ, որը իրավունք է տալիս պատրիարքարանին գործելու որպես իրավական անձ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը։ Հիմնադրամը կոչվել է հայ առաջին պատրիարքի անունով, իսկ 1461-ը նրա այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվն է։ Հիմնադրամի հոգաբարձուների վարչությունը բաղկացած է լինելու պատրիարքարանի 10 անդամներից, գլխավորությամբ պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանի։ Դրանով պատրիարքարանը իրավունք է ձեռք բերում որոշումներ կայացնելու ֆինանսական եւ ժառանգական հարցերի շուրջ։ Նաեւ իրավունքՙ կազմակերպելու սեմինարներ ու կոնֆերանսներ, հրատարակելու թերթեր ու ամսագրեր։ Հիմնադրամը նվիրատվություններ է ստանալու Թուրքիայում եւ արտասահմանում ապրող անձնավորություններից։ |