RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-05-06 23:36:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2094, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԿԵՑՑԵ՜Ն ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԸ. ՈՒՌԱ՜, ԸՆԿԵՐՆԵՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

Առավոտը բացվեց սովորականի պես, իսկ կեսօրին մեր շենքը կամաց-կամաց սկսեց արթնանալ: Վերելակը ծուլորեն վերուվար արեց. հարեւանուհիները մեկմեկու տուն էին շտապումՙ սուրճի:

Ներսես պապը ծոռնուհու հետ իջավ բակ:

- Գաբո ջան, էստեղ խաղա, հեռու չգնաս,- ասաց ու ծանր-ծանր նստեց քարին:

- Մամաս չի՞ ասել, որ ինձ Գաբո չասես: Իմ անունը Գաբրիելա է,- աչքերը պապի վրա ոլորելովՙ նեղացավ ճստիկ ծոռնուհին:

- Տո, դո՛ւ էլ, ալիֆրանգի մե՛րդ էլ. մի կարգին անուն չկա՞ր, օրինակՙ ի՞նչ վատ անուն էՙ Վարսենիկ, Սաթենիկ, Աշխեն, Սուսան: Չէ-չէ միՙ Գաբրելիա,- բողոքեց պապը:

- Վա՜յ, Գաբրելիա չէ, Գաբ-րի-ե-լա՜,- ծղրտաց ճստիկ ծոռնուհինՙ ոտքը գետնին զարկելով:

- Հե՜յ գիդի աշխարհ. էս ո՞նց շուռ եկար: Ոչ անունն է անուն, ոչ ուտելիքն է ուտելիք, ոչ օդն է օդ: Էսօր մայիսի մեկն է, բա մեր ժամանակ մայիսի մեկն էսպե՞ս էր սկսվում,- ինքն իրեն բողոքեց Ներսես պապն ու ծանր հենվեց ձեռնափայտին:

Մի տեսակ տխրեցի. Ներսես պապը մեղքս եկավ:

Այսօր մայիսի մեկն է, մեր շենքում, մեր քաղաքում, մեր երկրումՙ ուղղակի սովորական ոչ աշխատանքային օր: Մինչդեռ ոչ հեռավոր անցյալում մայիսի մեկը Նոր տարվա պես համաժողովրդական տոն էր. դեռ ավելինՙ Ամանորին շքերթ, տոնախմբություններ չէին լինում, իսկ մայիսի մեկին լինում էին:

Երեխա էինք. շատ էլ չէինք հասկանումՙ աշխատավորության տոնը որն է, աշխատավորն ով է: Նման բաները մեզ իսկի էլ չէին հետաքրքրում. կարեւորն այն էր, որ մայիսի մեկից դեռ մի քանի օր առաջ անհամբերությամբ ու ցնծագին ուրախությամբ սպասում էինք ամենաերանելի պահին. մայիսի մեկին մենք ուտում էինք տարվա առաջին պաղպաղակըՙ էսկիմոն: Ապրիլի երեսունի երեկոյան սրտի թրթիռով մտնում էինք անկողին եւ ուզում, որ լույսը շուտ բացվի: Իսկ առավոտն իր հետ միայն էսկիմո չէր բերում, այլ նաեւ նոր շոր ու կոշիկ, մազերի ճերմակ ժապավեն, ելակի համով ծամոն, փուչիկներ, կարմիր դրոշակներ ու մեխակներ:

Լույսը բացվելուն պես մեր տանն սկսվում էր հաճելի երթեւեկը: Այդ օրը նախաճաշին մայրիկի կողմից ներվում էր անգամ մեր կիսատ խմած թեյը, կծմծած հացուկարագը, արհամարհված մեղրը: Իսկ հայրիկի կողմից ներվում էին մեր աղմկոտ ծվծվոցներն ու շաղակրատանքը:

Առավոտ կանուխ կազմ-պատրաստՙ մեր ընտանիքն ուղղությունը վերցնում էր դեպի Լենինի հրապարակ: Ես ու քույրս հրճվանքով նայում էինք մեր պլպլան ճերմակ կոշիկներին ու անպայման վիճում, թե ումն է ավելի լավը, թեեւ մայրս ինձ ուքրոջս համար նույն կոշիկն էր գնումՙ տարբեր համարների: Մայիսի մեկին անգամ մեր զգեստակոշիկային անիմաստ վեճերն էին ներվում: Այդ օրը մայրս մեր աչքին տասնապատիկ գեղեցկանում էր, իսկ հայրսՙ ավելի ուշադիր ու հոգատար դառնում: Այդ օրը մորս շուրթերը թեթեւակի կարմիր էին ներկվում, ու մենք երանությամբ հետեւում էինք նրա բարձրակրունկ կոշիկների համաչափ կտկտոցին:

Հայրս ավտոմեքենան կանգնեցնում էր Լենինի հրապարակից բավականին հեռու: Երեւանի փողոցներով անցնում էր հոծ բազմությունը: Բոլոր տներն ու բնակարանները դատարկվում էին, ով էլ չէր մասնակցում շքերթին, տոնախմբությանը հետեւում էր դրոշներով ու ծաղիկներով զարդարված պատշգամբներից: Եսՙ տառաճանաչս, անտառաճանաչ քրոջս համար կարդում էի պաստառներին գրված կոչերըՙ «Ողջո՜ւյն աշխատավորությանը», «Կեցցե՜ն աշխատավորները», «Հնգամյակըՙ չորս տարում»: Քույրս աչքերը ճպճպացնելովՙ հարցական հայացքով նայում էր վրաս, իսկ եսՙ ընդամենը տառաճանաչս, ձեւացնում էի, թե կարդացածիցս բան եմ հասկանում:

Ես ու քույրս, կարմիր դրոշակները թափահարելով, մայրիկ-հայրիկի ձեռքները բռնած, շարժվում էինք Լենինի հրապարակ: Ինչքան մոտենում էինք արձանին, ծնողներս ավելի ամուր էին բռնում քրոջս ձեռքն ու սեղմվում նրան: Ես գիտեի, թե ինչու: Փոքր քույրս վախենում էր Լենինի արձանից, ու եթե անգամ հեռվից հեռու աչքն ընկներ առաջնորդի վրա, անզուսպ կճչար: Դրա համար էլ ծնողներս նրան սեղմում էին իրենց գրկի մեջ: Շքերթի միջից հայրս մի պահ դուրս էր գալիս ու վերադառնումՙ էսկիմոները ձեռքին: Բաղձալի պահ. գիտեինք, որ տարվա առաջին էսկիմոյով բացելու ենք պաղպաղակի սեզոնը:

Մայիսմեկյան իմ մանկական հուշերում մնացել են նաեւ ռադիոյի եւ հեռուստատեսության հաղորդավարների պաթետիկ կոչերը. «Լենինի հրապարակ են մտնում Հոկտեմբերյանի շրջանի կոլտնտեսականները. ուռա՜, ընկերներ:... Լենինի հրապարակ են մտնում Մյասնիկյան գյուղի կթվորուհիները. ուռա՜, ընկերներ»:

Աղմուկից, երգից եւ «ուռա՜»-ներից գլուխս դմբդմբում էր: Հայրս ու մայրս գրկում էին մեզ, ու մենք աննկատ դուրս էինք գալիս շքերթից: Ավտոմեքենայի մեջ ես ու քույրս հոգնածությունից անմիջապես քնում էինք ու արթնանում հաջորդ առավոտյան միայն:

Մայիսի երկուսի առավոտյան կոպերս բացվում էին. հայրս աշխատանքի էր, իսկ մայրս լվացքի մեծ թասի մեջ օճառով տրորում էր փոշոտ, ճմռթված ու պաղպաղակի հետքերով մեր մայիսմեկյան զգեստները: Ականջներիս մեջ դեռ տրոփում էին նախորդ օրվա «կեցցե՜»-ներն ու «ուռա՜»-ները: Իսկ մորս շուրթերը բաց վարդագույն էին, ինչպես ապրիլի երեսունին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ