RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015



Տեղադրվել է` 2015-05-06 23:36:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2269, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՄԱՔՐԵԼ ԱՂԲԻՑ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՆ ՈՒ ՈՒՂԵՂՆԵՐԸ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Հայաստան ծառատունկ ծրագիրը» մոլորակի օրվա առթիվ ապրիլի 18-ին կազմակերպեց Երեւանի մանկական երկաթուղու մի որոշակի տարածքի մաքրման աշխատանքները: Հաճույքով միացա նախաձեռնությանը, մանկուց սիրում եմ մեր մանկական երկաթուղին եւ Հրազդանի ձորը, որտեղ տաք եղանակին միշտ մարզվում եմ եւ զբոսնում, եւ ամեն անգամ սիրտս ցավում է նրա անմաքրության համար: Բայց անկախ դրանիցՙ Երեւանը իմ տունն է...

Մաքրողների խումբը փոքր չէր, բայց ինձ չափազանց վրդովեցրեց եւ տխրեցրեց, որ նրանց մեջ հայաստանցիներին մատների վրա կարելի էր հաշվել: Մեծ մասամբ Հայաստանում կամավորական աշխատանք կատարող ամերիկահայ երիտասարդներ էին, նաեւ Երեւանում աշխատող եվրոպացիներ, այդ թվումՙ Լիտվայի դեսպանը կնոջ եւ մանկահասակ զավակների հետ... Մեր հայրենակիցներից շատերի համար այնքան արհամարհված ամերիկացիներն ու եվրոպացիները, առանց իրենց պատվից ցածր համարելու, թողած իրենց հիմնական զբաղմունքը, ձեռնոցներ հագած, եռանդով մաքրում էին հայոց բնության այդ մի հատվածը նրա զավակների թողած հետքերիցՙ ջարդած շշերի կտորտանքներից, հողն այնքան փչացնող ցելոֆանի տոպրակներից, օգտագործված պահպանակներից եւ այլ աղբից:

Լավ, ինչո՞ւ պիտի Հրազդանի ձորում հանգստացող եւ զվարճացող մեր տեղացիների թափածը դրսեցիները գան մաքրեն: Նույնն է, թե մարդ իր տունը կեղտոտ պահի, եւ հյուրերը գան ու սկսեն մաքրություն անել:

Մեր ժողովուրդը, մեր հանրությունը սիրում է մեծ-մեծ խոսել թասիբի ու նամուսի մասին, սակայն գործնականում ցույց է տալիս, որ ինքը մեծ մասամբ զուրկ է այդ հատկություններից:

Մեր քաղաքացին իր ավտոմեքենայի վրա անմոռուկներ է փակցնում եւ ծխախոտի տուփը մեքենայից շպրտում է դուրս:

Բոլորին հայտնի է, որ մեր մայրաքաղաքը երբեք էլ աչքի չի ընկել մաքրությամբ, քանի որ հայաստանցի քաղաքաբնակին այդպես էլ խորթ մնաց իր բնակավայրը սեփական տունը համարելու մտածելակերպը: Խորհրդային տարիների շաբաթօրյակները նույնպես հայաստանցու մեջ չդաստիարակեցին շրջապատը չաղտոտելու մշակույթը: Ուստիեւ նախ եւ առաջ պետք է մարդկանց ուղեղը մաքրել, որպեսզի Հայաստանի ամեն մի քաղաքացի շրջակա միջավայրը չընկալի որպես մի հսկայական աղբանոց:

Եթե շարքային հայաստանցին դեռեւս հասու չէ շրջապատը մաքուր պահելու մշակույթին, ապա այստեղ արդեն մեղքի մի կարեւոր բաժինն ընկնում է իշխանությունների վրա: Նույն մանկական երկաթուղու եւ հարակից տարածքներում բազմաթիվ են կոտրված ճյուղերով ծառերը, որոնք մի գեղեցիկ օր կարող են ընկնել մեզանից յուրաքանչյուրի, չգիտես ո՛ր մեկիս երեխայի վրա: Ծառերը պետք է էտել հինգ տարին մեկ, մինչդեռ Հրազդանի ձորի ծառերը տասնամյակներով էտում չեն տեսնում: Դե իհարկե, դրանք ոչ մեկի գովազդներն ու ցուցանակները չեն ծածկում, որպեսզի մեր քաղաքապետարանը քաղաքի փողոցների ծառերի պես խորքից էտի դրանքՙ քաղաքացիներին զրկելով ստվերից ու թթվածնից, վնասատուներին ոչնչացնող թռչուններից...

Աղբը, թռչող ցելոֆանները, ցավոք, դարձել են հայաստանյան իրականության էանիշներից: Հայաստան նոր ժամանած արտասահմանցու տեսած առաջին բաներից մեկը Փարաքարի մոտակայքի աղբավայրն է, որի մոտ երբեմն նրանք իջնում են եւ լուսանկարվում: Չէ, սա ազգային թասիբի հարց չէ...

Ինչպես ամենուրեք, այստեղ էլ զգացվում է պետական հոգածության պակասը կամ բացակայությունը: Քաղաքապետարանը կոսմետիկ ծածկադմփոցներով, եղնիկներով ու թիթեռներով քաղաքի կենտրոնում խնամվածության պատրանք կստեղծի, ամենուրեք խորհրդային ոգով «Ավելի բարեկարգ Երեւան», «Մաքուր պահենք մեր քաղաքը» լոզունգները կփակցնի, կհայտարարի, թե այսինչ տեղը ծառատունկ է կազմակերպել, կնկարահանեն-կփառաբանեն, սակայն տասն օր անց, այցելելով այդ ծառատունկի տեղը, կտեսնես, որ տնկիներն արդեն չորացել են, քանի որ ջրող չկա:

Մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից արհամարհված Արեւմուտքում վաղուցվանից լուծված է միջավայրը մաքուր պահելու հարցըՙ անհատական թե պետական առումով: Մի կողմից երեխան դաստիարակվում է շրջակա միջավայրի հանդեպ հարգանքով, մյուս կողմից պետությունը տուգանում է շրջապատն աղտոտողներին, ապահովում է աղբամաններով եւ աղբահանությամբ, էլ չասած աղբի տեսակավորման ու վերամշակման, աղբից էներգիա ստանալու մասին: Իհարկե, այդ մշակույթը մեկ օրում չի ստեղծվել: Քառասուն տարի առաջ նկարահանված ամերիկյան «Տաքսիստը» կինոնկարի հերոսը, խոսելով նախագահի թեկնածուի հետ, ասում է, որ իրեն դուր չի գալիս Նյու Յորքի մաքրությունը, աղբի առատությունը: Այսօր, սակայն, մեգապոլիս Նյու Յորքը կեղտոտ քաղաք չես համարի:

Ես հույս չունեմ, թե քաղաքն ամենօրյա աղտոտողները կկարդան այս գրածս եւ մեջները արժանապատվության զգացում կառաջանա, քանի որ դրա համար նախ մտքի հեղափոխություն է անհրաժեշտ: Երեխան պիտի տեսնի, որ իրենց տունը մաքուր պահող մայրը մուտքը եւ փողոցը նույնպես մաքուր է պահում, ոչ թե աղբը լուսամուտից դուրս է նետում:

Բայց շատ աղոտ մի հույս ունեմ, որ քաղաքապետարանում գոնե կկարդան եւ կհասկանան, որ բյուջեի հաշվին դալաններ նկարազարդելուց շատ ավելի գերադասելի է քաղաքի մաքրությանը հետեւելը: Որպեսզի Հրազդանի ձորում աղբ թափողին նկատողություն անողը չստանա «բայց աղբաման կա՞ որ» պատասխանը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ