RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1407, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱՍՏԱՆԸ Morgenland ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հուլիսի 22-26-ը գերմանական Օսնաբրյուքում 11-րդ անգամ կանցկացվի Morgenland փառատոնը: (Morgenland բառը համարժեք է Արեւելք բառին, այստեղ ներկայացնում է Մերձավոր Արեւելք, Անատոլիա տեղանքը - Ան. Հ.): Այս անգամ փառատոնը նվիրված է ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի երաժշտությանը, իրազեկում է «Օսնաբրյուքեր ցայթունգը»: Իրաքից, Սիրիայից, Հորդանանից, Թուրքիայից ժամանած երաժիշտները տարիներ ի վեր հարթակ եւ հանդիսատես են գտել հենց Օսնաբրյուքում, ճանաչվել են այս փառատոնում, իսկ հետո նրանց ծափահարել են ուրիշ բեմահարթակներում, թերթի հետ զրույցում պատմում է փառատոնի ղեկավար Միշայել Դրեյերըՙ նկատել տալով, որ փառատոնը պատմականորեն էլ սազում է քաղաքին, ու թեեւ այս տարի ընդլայնում է իր սահմանները Ամստերդամում եւ Բեռլինում, բայց Օսնաբրյուքըՙ անփոփոխ հասցե է:

1915-ը դրոշմ է թողել հայ մշակույթի վրա, անդրադառնալով 11-րդ փառատոնի բեւեռակետինՙ Հայաստանին մեկնաբանում է Դրեյերըՙ շեշտելով, թե փառատոնը կարող է երբեւէ իրենց կազմակերպածների մեջ դառնալ ամենաքաղաքականը: «Թեեւ սկզբում ուզում էի ցեղասպանություն բառեզրն էլ ամբողջովին բացառել, բայց քանի որ տարեսկզբին շաբաթներ շարունակ ինձ համար աբսուրդ բանավեճ կարՙ կարելի՞ է-չի՞ կարելի կիրառել, որոշեցի հստակեցնել. երբ մի ժողովրդի պարբերաբար ոչնչացնում են, դա մի բառով է ձեւակերպվումՙ ցեղասպանություն, ուրեմն որոշեցինք, որ այդպես էլ անվանելու ենք: Բայց Հայաստանում էլ միշտ հստակ ասել եմՙ մենք ցեղասպանության հիշատակի փառատոն չենք անում: Ինձ համար առավել կարեւոր է սփյուռքի դիտակետը, Հայաստանից դուրս ավելի շատ հայ է ապրում: Մարդիկ լքում են իրենց տունը, պիտի իրենց վերագտնեն, այժմ 60 միլիոն մարդ վտարանդի է, 4 միլիոնՙ միայն Սիրիայից, իրաքցի, սիրիացի մեր բարեկամները բոլորը փախստական են, այդ է պատճառը, որ այս տարվա փառատոնի ծրագիրը նվիրված է այն բոլոր մարդկանց, որոնք հարկադրյալ լքել են իրենց երկիրը, թեման փախուստն է, մեր ժամանակի աղետը: Չենք կարող ձեւացնել, թե սա մեզ չի վերաբերում», ասում է փառատոնի ղեկավարը:

Նա պատմում է, թե բացմանը ելույթ է ունենալու սիրիահայ Իբրահիմ Քայվոն: Իբրահիմի ընտանիքի պատմությունը արտացոլում է տարածաշրջանի պատմությունը: Նրա ընտանիքը ցեղասպանությանը զոհ է գնացել, պապը փախել է, իսկ ինքը մեծացել է եզդիական գյուղում, որը հիմա ԻՊ սպառնալիքի տակ է գտնվում: Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով ստիպված լքել է: Իբրահիմը հայերեն, քրդերեն եւ արաբերեն մի ողբերգ է հնչեցնելու, իսկ ինքը բացատրելու է սիրիահայ Իբրահիմի եռալեզու «Lamento»-ն:

« Մի շատ տպավորիչ ֆիլմ ենք ցուցադրելու, ասում է Միշայել Դրեյերըՙ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց» վավերագրության մասին, որ ներառված է փառատոնային ծրագրում: Հայ երաժշտության մեջ միշտ էլ եղերերգային, թեթեւ մելամաղձոտ շունչ կա, բնականաբարՙ ոչ 1915-ից սկսյալ: Բայց այս տարեթիվն իր ծանր դրոշմն է դրել հայ ինքնության ու մշակույթի վրա, գրում է թերթըՙ ամփոփ ներկայացնելով փառատոնի ծրագրում հակիրճ, հղկված շարադրանքը Հայաստանի, հայ մշակույթի, կախարդիչ ինքնուրույն գրի, երաժշտության մասին: Այդ տարածաշրջանի մյուս ժողովուրդներիՙ պարսիկների, արաբների, թուրքերի ստեղծածից տարբերվում է հայ երաժշտությունը, որ դրանց վրա խոր ազդեցություն ունենալով հանդերձ, նաեւ ազդվել է դրացիների ստեղծածից: Առաջին անգամ է, որ ոչ իսլամական երկրի երաժշտական ժառանգությունն է ներկայացվում արեւելքն արեւմուտքին մերձեցնող այս փառատոնին, գրում է գերմանական թերթը եւ փառատոնի ղեկավարի հետ իր հարցազրույցում շարունակումՙ քրիստոնեությունն իր դրոշմն է թողել հայ երաժշտության վրա: Միշայել Դրեյերը մեկնաբանում է, թե հայերը միշտ արեւմտաարեւելյան ու եվրոպական մշակութային ավանդույթների հանգույց են հանդիսացել: Հայերի հետ իր առաջին ծանոթությունը կայացել է Իրանում: Պարսիկներն իրենց երկիր են բերել հայերին, քանի որ նրանք որպես առեւտրականներ, արհեստավորներ լավ համբավ ունեին, ինչպես նաեւ կամուրջ էին հանդիսանում քրիստոնյա արեւմուտքի հետ, ասում է փառատոնի ղեկավարը: «Կան մարդիկ, որ պնդում են, թե Հայաստանը հնագույն եվրոպական երաժշտության բնօրրանն է, գրում է գերմանական լրատուն եւ շարունակում, դուդուկը Հայաստանի ազգային նվագարանն է, հայկական ֆոլկլորն աշխարհին է հայտնիՙ Ջիվան Գասպարյանի հանրահայտ մեկնաբանությամբ»:Փառատոնի բացմանըՙ հուլիսի 21-ին ելույթ կունենա երաժշտի թոռըՙ Ջիվան Գասպարյան կրտսերը: Morgenland փառատոնի պաշտոնական կայքէջին կից ներկայացված է իրենց փառատոնի հարթակում տարիների վաղեմությամբ մի տեսագրությունՙ լեգենդար Ջիվան Գասպարյանի եւ սիրիական «Հեուար» խմբի 8 րոպեանոց կատարումը:

Հուլիսի 22-ին հանդիսատեսը առիթ կունենա ունկնդրելու «Գյուրջիեւ» գործիքային անսամբլին, հուլիսի 23- ի հայտագիրըՙ «Երեւանյան ջազային գիշեր» անվանումն է կրում: Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի հետ բեմում կլինեն Ջիվան Գասպարյան կրտսերը եւ Ալեքս Բաբոյանը: Հուլիսի 25- ին փառատոնային ծրագրում հայկական a-cappella երաժշտություն եւ ջազ է մատուցվելուՙ «Զուլալ» կանանց տրիոյի, Եվրասիական միություն (Eurasians Unity) միջազգային ձեւչափով համալրված խմբի, ինչպես նաեւ ֆլեյտահար Նելլի Մանուկյանի մասնակցությամբ:

Հուլիսի 26-ի մշակութային ծրագիրը գերխիտ է: Ցուցադրվելու է 2 ֆիլմՙ ցեղասպանության ճարտարապետներից Ջեմալ փաշայի թոռանՙ Հասան Ջեմալի եւ ցեղասպանության զոհերից մեկի թոռանՙ Ֆեթիյե Չեթինի լռության պատը քանդելու փորձառությունների հիման վրա Նիկոլա Ջելլոթի (Nicolas Jallot) հեղինակած «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց» ֆիլմը եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»: «Կորած գարունը» վերնագիրն է կրում դերասանուհի Անաիս Ալեքսանդրա Թեքերյանի եւ նկարիչ Գեւորգ Մուրադի թատրոն-պար-երաժշտություն-կենդանի նկարչություն հենքի վրա կառուցված պերֆորմանսը, իսկ փառատոնը եզրափակող երաժշտական հրավառությունը իրականություն կդառնա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգով:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ