ԵՐԵՔԼԵԶՎՅԱՆ ԲԱՌԱՑԱՆԿ-ԲԱՌԳՐՔՈՒՅԿ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐ ՎԱԶԳԵՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, Լեզվաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վերջերս լույս է տեսել խոհարարական տերմինների ոչ ծավալուն մի բառացանկ-բառգրքույկ, որը կազմված է գրական արեւմտահայերենի, ֆրանսերենի եւ անգլերենի նյութի զուգադրությամբ: Գրքույկն ունի համառոտ առաջաբան (հեղինակ` Ֆ. Փիլիպոսյան), այլեւ բավականին սեղմ բացատրագիր («A propos des Lexiques»): Գրքույկը աշխատանքային խմբի բավականին լայն քննարկման արդունքում է ստացել այդ տեսքըՙ սկսած բառացանկի հավաքագրումից մինչեւ վերջնական տեսքի բերելը, ընդ որում երեք լեզուների միջեւ տերմինային համապատասխանության ստեղծմամբ: Այդ գործին իրենց օժանդակությունն են բերած եղել տարբեր երկրների անձինքՙ լեզվաբան եւ գրող, տարբեր որակավորման տեր մասնագետներ, հավանաբար նաեւ խոհարարության բնագավառին ծանոթ կամ տեղեկատու անձեր: Այդ իսկ մտահոգությամբ ոչ ծավալուն գրքույկի վերջում Ֆ. Փիլիպոսյանն իր գնահատողական խոսքն է ասել այն մասին, որ երեք լեզուներով բառացանկի համար փոքրիշատե իրենց մտածումներն ու նկատառումներն են հայտնել տարբեր անձեր` Սփյուռքից: Նման ձեռնարկումն ընդհանուր առմամբ արժանի է դրվատանքի, մանավանդ որ վերջին ժամանակներս, թերեւս, մեծ ուշադրություն է դարձվում նման բնագավառի տերմինաբանությանը, առհասարակ նոր գրական հայերենի երկու տարբերակների միասնական կանոնարկման խնդրին: Մենք միշտ էլ հակված ենք եղել մտածելու, որ նոր հայերենի երկու տարբերակներըՙ գրական արեւելահայերենը եւ արեւմտահայերենը, լեզվամշակման, առավել եւսՙ կանոնականացման բավականին բարվոք պայմաններում ընդառաջ են գալու միմյանց, մանավանդ գրական արեւելահայերենի, իբրեւ նոր պետական լեզվի, հիմունքների շուրջ համախմբման առումով, եւ ըստ այդմՙ հատկապես ամենից առաջ բառապաշարի, այնուհետեւ հնչյունաբանության եւ քերականական կառուցվածքի բաղադրիչների համատեղ մշակման եւ բարելավման (օպտիմալացման) հերթականությամբ: Ուստի գտնում ենք, որ ինչպես լեզվի երկու տարբերակների մյուս ոլորտներում, այնպես էլ տերմինաբանության տեսական հարցերում եւ գործնական հրահանգներում (ինչպիսի բնույթ, որ, օրինակ, ունի սույն գրքույկ-բառացանկը) կան հնարավարություններ եւ շատ անելիքներ: Ըստ այսմ խոհարարական տերմինների կարգավորմանը եւ կիրառությանը կոչված սույն ձեռնարկը, կարծում ենք, ողջունելի է եւ արժանի ուշադրության, որովհետեւ որոշակի քայլ է մեր օրերում հայերենի ճյուղային տերմինաբանության մերձեցման ճանապարհին: Այդուհանդերձ, գրքույկը, որքան էլ իր ամբողջության մեջ գնահատելի է, զերծ չէ մասնավոր դեպքերում առարկելի կամ վիճելի, նույնիսկ անընդունելի մոտեցումներից եւ իրողություններից: Ստորեւ կետ առ կետ անդրադառնում ենք թե՛ մեկին, թե՛ մյուսին: Մեր հաշվումներով բառացանկն ընդգրկում է 1689 միավոր, որը բավականին շոշափելի թիվ է, եթե նկատի ենք առնում այն, որ տվյալ պարագայում գործ ունենք, այսպես կոչված, ճյուղային տերմինաբանության հետ, այն էՙ բուն խոհարարությանը եւ այս կամ այն չափով նրան հարակից տարբեր ոլորտներին առնչվող: Ի դեպՙ մեր կողմից բերվող օրինակները նշում ենք նույնությամբՙ ըստ գրքույկում եղածի: Ամենից առաջ նկատենք, որ բերված մեկուկես հարյուրակից ավելի տերմինների եւ տերմինային անվանումների մի զգալի մասը լայնորեն կիրառվում է նոր հայերենի թե՛ մեկ եւ թե՛ մյուս տարբերակում: Դրանք աչքի են ընկնում գործածության մեծ ակտիվությամբ, այսպես կոչված, անփոփոխակային (ինվարիանտ) միավորներ են (օրինակները բերում ենք ֆրանս.ՙ ֆրանսերեն, եւ անգլ.ՙ անգլերեն զուգահեռ նշումով, նույն ուղղագրությամբ). կիսեփ (ֆրանս. A moitiռ cuit, անգլ. half-cooked, half-baked), մսեղէն (ֆրանս. aliment carnռ, անգլ. meat-based food), արքայախնձոր (ֆրանս. ananas, անգլ. pineapple), ախորժաբեր (ֆրանս. apռritif, անգլ. aperitif), անուշահոտ (ֆրանս. aromatique, անգլ. aromatic), ծաղկակաղամբ (ֆրանս. chou-fleur, անգլ. caulflower), սմբուկ (ֆրանս. aubergine, անգլ. aubergine), համեմունք (ֆրանս. aromates, անգլ. herbs and spices), ձաւար (ֆրանս. blռ concassռ, անգլ. crushed wheat), ձկնաբուծարան (ֆրանս. basin de pisciculture, անգլ. fish-farming pond), գետնապիստակ (ֆրանս. arachide, անգլ. peanut, groundnut), ծնեբեկ (ֆրանս. asperge, անգլ. asparagus) եւ այլն: Ավելացնենք, որ դրանք տերմիններ են, որոնք այլ կերպ չեն էլ գործածվում, այսինքնՙ ոչ միայն ընդհանուր են նոր գրական հայերենի երկու տարբերակներում, այլեւ ունեն գործածության կայունություն. խոհանոց (ֆրանս. cuisine, անգլ. kitchen), կերուխում (ֆրանս. bombance, անգլ. feasting, feast), շամփուր (ֆրանս. brochette, անգլ. brochette), պատառ (ֆրանս. bouchռe, անգլ. moutful) եւ այլն: Նոր գրական հայերենի երկու տարբերակների մերձեցման ճանապարհին նման ընդհանրությունը, որն այս ցանկում, ինչպես նշեցինք, մեծ տեղ է զբաղեցնում, ինչ խոսք, կարեւոր է եւ հեռանկարային: Բառացանկ-բառգրքույկն ունի նաեւ մասնավոր իրողությունները, որոնք օրինակ են ժամանակակից գրական արեւմտահայերենի տերմինակազմության սկզբունքների եւ մոտեցումների շարունակական գործադրման: Ստեղծված ավանդույթը կարող է կատարելագործել հանուն գրական երկու լեզուների տերմինային միասնականացման, լեզվական մերձեցման: Այս ուղղությամբ կարիք կա տեւական եւ համատեղ, փոխըմբռնումային հետեւողական աշխատանքի: Եվ այս իմաստով էլ հարկ ենք համարում անդրադառնալ սույն բառացանկի մեջ հանձնարարելի դարձած տարբեր կարգի տերմիններին եւ տերմինային անվանումներին, որոնք ի համեմատություն գրական արեւելահայերենի համարժեքների կարող են փոխադարձության պայմաններում լրացնել միմյանց եւ դառնալ ընդհանուր գործածելի: Նախ, գրական լեզվի երկու տարբերակների բաղաձայններին վերաբերող գրության, ուղղախոսության եւ ուղղագրության (ոչ բանավիճային) միասնականացման համար կան օրինակներ, որոնք անմիաձեւ են. հմմտ. դգալ (ֆրանս. cuillՌre, անգլ. spoon), փոխանակ (փխ.) գդալ, թղկենի (ֆրանս. ռrable (arbre), անգլ. maple tree), փխ. թխկենի // թխկի (մի ծառատեսակ), ապակիէ (ֆրանս. en verre, անգլ. vitreous, glass), փխ. ապակէ, խմի (ֆրանս. angռlique, անգլ. angelica), փխ. ղմի «մի տեսակ ուտելի բանջար», խանծել // խանձել (ֆրանս. brօler la peau, անգլ. sunge, burn the skin) եւ այլն: Գրական արեւմտահայերենում առաջարկվում են տերմիններ, որոնք ոչ թե ինքնուրույն կազմություններ են, այլ պատճենումներ օտար լեզուներիցՙ ֆրանսերենից կամ անգլերենից, այլեւ երկուսից միաժամանակ, ընդ որում երբեմն ոչ այնքան հաջողված, եթե նկատի ենք ունենում արդի հայերենի ընդհանուր գրական չափանիշները. նօսրել թացան մը (ֆրանս. allonger une sauce, անգլ. thin a sauce (to)), սմբուկի խիւսակ (ֆրանս. caviar daubergines (mets), անգլ. aubergine dip. eggplant dip) եւ այլն: Տեղ են գտել նաեւ տերմիններ եւ տերմինային անվանումներ, որոնք, կարծում ենք, անհաջող կազմություններ են. հիւթի խմարան (ֆրանս. bar Ո jus, անգլ. juice bar), կարմիր բանջար (ֆրանս. betterave rouge, անգլ. beetroot), փխ. բազուկ (կարմիր ճակնդեղ), սրճիտ (ֆրանս. cafռine, անգլ. caffeine), եղերդասուրճ (ֆրանս. cafռ Ո la chicorռe, անգլ. chicory coffee), հում ուտեստեղէն (ֆրանս. alimentation crue, անգլ. living food), փխ. սառը խորտիկ(եր) եւ այլն: Վերջին օրինակում «հում» բաղադրիչը բոլորովին այլ ասոսիացիա է առաջ բերում տերմինի ընկալման մեջ, իսկ ուտեստեղեն-ի եստ - բաղադրիչն իր մեջ արդեն ունի եղէն-ի իմաստն ամբողջությամբ, ուստի առարկելին ակնհայտ է: Տերմիններ եւ տերմինային անվանումներ, որոնք նոր գրական հայերենում, հատկապես արեւելահայ գրական լեզվում, այսպես կոչված, «զբաղեցված» են, այսինքնՙ վերաբերում են բոլորովին այլ տերմինահամակարգի, ուստի իզուր է կամ անտեղի նման միավորները բերել մեկ այլ, տվյալ դեպքում նոր տերմինային դաշտ. խաշիլ, եռացնել (ֆրանս. bouillir, անգլ. boil (to)), գրական արեւելահայերենում խաշիլ-ը ավանդական ճաշատեսակ էՙ իբրեւ գոյական-տերմին եւ այլն: Տերմիններ եւ տերմինային անվանումներ, որոնք բարբառային են, լեզվի խոսակցական տարբերակին բնորոշ, գրական նորմային չհամապատասխանող, նույնիսկ «ոչ հայերեն»: Այլ կերպ ասածՙ միայն արեւմտահայերենում գործածելի, ընդ որում դրանք մեծ մասամբ վերջինիս բարբառներին հատուկ բառեր են, որոնք նոր գրական հայերենի «մաքուր» բառապաշարի համար այնքան էլ ընդունելի չեն. ապսպրանք (ֆրանս. commande (ordre), անգլ. order), փխ. պատվեր, տապկել (ֆրանս. frire, անգլ. fry), փխ. տապակել, տապկոց // տապկուած (ֆրանս. friture (aliment frit), անգլ. fried food), փխ. տապակ(վ)ած, սննդականոն (ֆրանս. die՛te՛tique (rռgime alimentaire), անգլ. dietetics (special diet)), փխ. սննդակարգ, քիչցնել (ֆրանս. diminuer, անգլ. go down), փխ. պակասեցնել, փորոտել // մորթել (ֆրանս. ռgorger, անգլ. slit the throat, cut), փխ. փորը մաքրելՙ հեռացնել, բարակցնել (ֆրանս. amincir, անգլ. thin down), փխ. բարակեցնել, կակուղցնել (ֆրանս. amollir, անգլ. soften up), փխ. փափկացնել, կարագօծել (ֆրանս. beurrer, անգլ. butter), փխ. կարագ քսել (հացին եւ այլն) եւ այլն: Երբեմն օտարլեզվյան տվյալ միավորի համար առաջարկվում են մեկից ավելի համարժեքներ, որոնք ոչ բոլոր դեպքերում են ընդունելի. նկատենք, որ տերմինացանկի հեղինակները նույնպես նկատում են դրանցից առաջինի ոչ լիարժեք լինելը, ուստի բերում են եւս մեկը, որպիսով ավելի է թուլանում առաջարկածը. պանրատուն // պանրնոց (ֆրանս.ՙ fromagerie, անգլ. dairy, cheese shop): Այս օրինակում հայերեն պանրնոց-ը գրական չէ, ավելինՙ այն բնավ չի համապատասխանում օտարլեզվյան ձեւերին, թերեւս կարելի էր առաջարկել պանրի պահեստՙ պահատեղ եւ այլն: Այնուհետեւՙ ցքի // օղի (ֆրանս. eau-de-vie (alcool), անգլ. eau de vie), փխ.օղի, դարան (ֆրանս. armoire (meuble), անգլ. cupdoard) փխ. պահարան, սրճարան, խմարան (ֆրանս. bar (cafռ), անգլ. bar (pub)) եւ այլն: Գրական հայերենում վաղուց ընդունված տերմինի կամ տերմինային անվանման փոխարեն առաջարկվում է բոլորովին նորը, որն անշուշտ տեղին չէ, թեկուզ տերմինի «անսովոր» լինելու տեսանկյունից. պանիր արտադրող (ֆրանս. fromager (fabricant), անգլ. cheesemaker), փխ. պանրագործ, սննդականոն (ֆրանս. diռtռtique (rռgime allimentaire), անգլ. dietetics (special diet)), փխ.ՙ սննդակարգ, մակերեսի իւղը առնել (ֆրանս. dռgraisser (le bouillon), անգլ. skim off), փխ.ՙ երեսի սերըՙ իւղ քաշել, հաւաբուծութիւն (հաւ-ը թռչնի իմաստով) (ֆրանս. ռlevage de volailles, անգլ. poultry farming), փխ.ՙ թռչնաբուծութիւն, հացագործ // փռապան (ֆրանս. boulanger, անգլ. baker), փխ. հացթուխ, գարեջրանոց (ֆրանս. brasserie (usine de biՌre), անգլ. brewery), փխ.ՙ գարեջրատուն եւ այլն: Հեղինակները շփոթել են տերմինային այս կամ այն բնագավառը իրենց իսկ բնագավառիՙ խոհարարականի հետ. ֆրանս. fռconder, անգլ. fertilize (to) տերմինին համարժեք առաջարկում են բեղմնավորել տերմինը, որն առհասարակ կենսաբանության բնագավառի տերմին է, վաղուց ընդունված նոր գրական հայերենի մեջ, ունի լայն կիրառություն: Այնուհետեւ, ոչ միշտ են կարողացել խուսափել օտար տերմիններից (հատկապես ոչ անհրաժեշտից), նույնիսկ եղածին ավելացրել են նորը, եւս մեկը. ափսինթ // օշինդր (ֆրանս. absinthe, անգլ. absinthe), նշայ // օսլայ (ֆրանս. amidon, անգլ. starch) եւ այլն: Թե որքանով է նպատակահարմար միեւնույն տերմինը կամ տերմինային անվանումը առաջարկել միանգամայն տարբեր, այլեւ առանձին գործառության առարկաների օտարլեզվյան անվանումների համար, կարիք չկա բացատրելու կամ մեկնաբանության. հմմտ. խոհարարական արուեստ (ֆրանս. art culinaire (castronomie branchՌe), անգլ. fooding // ֆրանս. art culinaire, անգլ. culinary arts), թթուաշ (ֆրանս. acidule (lռgռrռment acide), անգլ. slightly acid // (ֆրանս. aigre-doux, անգլ. bitter-sweet, sweet and sour), թթուահամ (ֆրանս. Ո gout acide, անգլ. acid taste, sour // ֆրանս. aigre (piquant), անգլ. sour, tart), սպասադարան (ֆրանս. buffet (meuble), անգլ. sideboard // ֆրանս. buffet (restaurant), անգլ. buffet) եւ այլն: Կան բառիմաստի խճողմամբ տերմինային միավորի արժեք ստացած բառեր. հարբենալ-ը հայերենում առհասարակ նշանակում է դրական զգացումի մեջ լինել եւ ոչ թե հարբել (ալկոհոլի ազդեցությամբ), որն էլ բերվում է գինովնալ բառին զուգահեռ (ֆրանս. enivrer, անգլ. get drunk): Բերվում են զուգահեռ բանջար եւ ճակնդեղ (ֆրանս. betterave, անգլ. beet), առավել եւս կարմիր բանջար (ֆրանս. betterave rouge, անգլ. bettroot), առանց նկատի ունենալու, որ ընդհանուր հայերեում բանջար-ը ավելի լայն հասկացության անվանում է: Նույնը նաեւ եզ, տաւարի միս (ֆրանս. buf (viande), անգլ. beef), եզ-ը կենդանի անասունն է, կապ չունի (նախքան մորթելը) տաւարի միս-ի հետ, փունջ // ծաղկեփունջ (ֆրանս. bouquet (fleurs), անգլ. bunch, douquet (flowers))ՙ թերեւս անտեսելով, որ համեմատաբար նորերս հայերենում փունջ-ը գործածվում է նաեւ «տարատեսակ խմիչքների մեկ ամբողջություն» իմաստով, խաւիծ // լափ (ֆրանս. bouillie, անգլ. gruel, mush) զույգի առաջինըՙ խաւիծ-ը. հայկական ավանդական կերակրի անվանում է, իսկ երկրորդը «(մյուս կենդանիներին տրվող) խյուս» իմաստն ունի եւ այլն: Այնքան էլ խրախուսելի չէ արդի գրական հայերենում նորից կիրառության մեջ դնել կամ առաջարկել վաղուց գործածությունից դուրս եկած տարբերակըՙ իբրեւ զուգահեռ նորին, համեմատաբար կենսունակին. հողագործական // երկրագործական (երկիր-ը «հող». իմաստով) (ֆրանս. agricole, անգլ. agricultural, farm), նշայ //օսլայ (ֆրանս. amidon, անգլ. starch), նշայ -ը հայերենում առհասարակ հազվադեպ գործածվող բառ է, հատկապես նոր գրական հայերենում, կերակրել // սնուցանել (ֆրանս. alimenter, անգլ. feed, nourish), բնալուծական // քիմիական (ֆրանս. chimique, անգլ. chemical) եւ այլն: Բերվում կամ առաջարկվում են զուգահեռ տերմիններ, որոնցից մեկը կամ մյուսը հեշտությամբ կարելի էր բացառել. ըստ այդմ հանձնարարվող տերմինը կլիներ լիարժեք, որով էլ կհաստատվեր կիրառության միօրինակությունը, որն, ինչպես ասում են, առհասարակ տերմինի գործածության իդեալն է. գայլաձուկ // խորդաձուկ (ֆրանս. brochet (poisson), անգլ. pike), լոր // լորամարգի (ֆրանս. caille (oiaseau), անգլ. quail), քարայծ // ժայռայծ (ֆրանս. chamois, անգլ. chamois), անթեղ // տաք մոխիր (ֆրանս. cendre chaude, անգլ. hot ashes), ճաշակից // սեղանակից (ֆրանս. convive (Ո table), անգլ. table companion) եւ այլն: Տերմիններ, որոնք արեւմտահայերենում ունեն առաջնային, իսկ արեւելահայերենումՙ երկրորդային կիրառություն, եւ հակառակը, այսինքնՙ գործ ունենք տերմինի, այսպես կոչված, խաչաձեւման հետ. պնակ (ֆրանս. assiette (piՌce de vaisselle), անգլ. plate) տերմինն, օրինակ, արեւմտահայերենում ունի սովորական գործածություն, իսկ արեւելահայերենում ոճական (գեղարվեստական խոսքի) միավոր է, որի դիմաց սովորաբար գործածվում է ափսե տերմինը: Երբեմն արեւմտահայերենի համար առաջարկվում է ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, այնինչ արեւելահայերենում ընդունված է դրանցից միայն մեկը (մյուսն ունի շատ հազվադեպ կիրառություն). հմմտ. ծարաւիլ // պապակիլ (ֆրանս. avoir soif, անգլ. thirsty (to)), արեւելահայերենում սովորական եւ լայն գործածություն ունեցողը առաջինն էՙ ծարավել, խմել // ըմպել (ֆրանս. boire, անգլ. drink), որն արեւելահայերենում բավականին տարբեր էՙ խմել (սովորական հեղուկՙ ջուր եւ այլն), ըմպել (քաղցր կամ ալկոհոլային հեղուկ), անօթի // սոված (ֆրանս. affamռ, անգլ. hungry, starved), արեւելահայերենում առաջինը բարբառային կամ նեղ խոսակցական է եւ այլն: Արեւմտահայերենի համար առաջարկում են մի քանիսը, իսկ արեւելահայերենը գործածում է դրանցից միայն մեկը. հմմտ. արքայիկ // ռեհան // շահասպրամ (ֆրանս. basilica, անգլ. basil): Այնուհետեւ, արեւելահայերենի համար մի քանիսը, արեւելահայերենը կիրառում է դրանցից երկուսը, ընդ որում երկրորդըՙ խոսակցական ոճական երանգով. հմմտ. կոչունք // ճաշկերույթ // կերուխումՙ չհաշված օտար համարժեքի գործածությունը (ֆրանս. banquet (grand repas), անգլ. banquet, feast), մեկ այլ դեպքումՙ կերուխում (ֆրանս. bombance (festin), անգլ. feasting, feast), որն էլ ստեղծում է տերմինի գործածության անմիակերպություն եւ այլն: Ցանկում կան տերմիններ, որոնք զուգահեռ են, այսինքնՙ ազատ գործածություն ունի թե՛ մեկը եւ թե՛ մյուսը, ընդ որում գրական երկու տարբերակներում հավասարապես. հմմտ. արգանակ // մսաջուր (ֆրանս. bouillon de viande, անգլ. broth, stock) եւ այլն: Մենք միշտ մտածել ենք, որ ամեն մի լավ աշխատանք գնահատելի է եւ դրվատելի, ուստի նման բառարան կազմելըՙ նույնպես: Ասում ենՙ բառարանի մասին խոսելը հեշտ է, կազմելըՙ դժվար: Իսկ խոհարարական տերմինների սույն բառացանկ-բառգրքույկն, անշուշտ, ոչ միայն ծառայելու է իր բուն նպատակին, այլեւ հիմք է հանդիսանալու ավելի ընդարձակ եւ ընդհանուրՙ գրական լեզվի երկու տարբերակների մերձեցմանը նպաստող բառարանի ստեղծման համար: |