«ԹԱԴԵՄՙ ՀՈՐՍ ԳՅՈՒՂԸ» Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Թադեմը (Դատեմ) գյուղ էր Արեւմտյան Հայաստանում Խարբերդի վիլայեթում։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի (հ.3) XX դ. սկզբին ուներ ավելի քան 200 տուն հայ բնակչություն, որ տեղահանվել է 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ։ Մի փոքր ավելի ընդարձակ տեղեկություն այդ գյուղի մասին քաղում ենք հմուտ բանահավաք, ցեղասպանագետ պրոֆ. Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն։ Ականատես վերապրողների վկայություններ» (Երեւան, 2011 թ.) կոթողային հատորի էջ 210-ում տպագրված Հարություն Թորոսի Գրիգորյանի (ծնվ. 1898 թ.) համար 87 վկայությունից, որտեղ Խարբերդի որբանոցում ապաստան գտած վերապրողը պատմում է. «Դատեմը ուներ երեքհարյուր հիսուն տուն հայ եւ քսան տուն թուրք։ Գյուղում զբաղվում էին հողագործությամբ։ Ցանում էին ցորեն, գարի, ոսպ, չեմեն, բամբակ, շուշմա-կտավատ։ Արհեստավոր քիչ կար. հինգ հյուսն, ութ պատշար, վեց կոշկակար, չորս նպարավաճառ։ Թուրքերը ոչխար կպահեին։ Գյուղեն դուրս, տասնհինգ րոպե հեռու հին եկեղեցիի մը ավերակը կար, քովեն աղբյուր մը կբխեր, որը չորս ջրաղաց կդարձներ եւ գյուղացիներուն ալյուրը կաղային, արտերը կջրեին։... Դատեմի չորս կողմը թուրքի եւ քյուրդի գյուղեր էին»։ Ուոթերթաունում (Մասաչուսեթս) բնակվող եւ հիսուն տարուց ավելի իրավաբանական փորձառություն ունեցող Ռոբերտ Արամ Գալուստյանը վերջերս անգլերեն լեզվով հրատարակել է «Թադեմՙ հորս գյուղը, ոչնչացված 1915 թվի Հայոց ցեղասպանության ժամանակ» («Tadem, My Father's Village: Extinguished during the 1915 Armenian Genocide») հատորը, որտեղ մանրամասն ուսումնասիրությունների, հոր եւ այլ վերապրողների վկայությունների եւ փաստական նյութերի հիման վրա ներկայացրել է այդ գյուղի եւ նրա բնակիչների ոդիսականը, նպատակ ունենալով, ինչպես ինքն է գրքի ներածականում նշելՙ «վառ պահելու հիշողությունը այդ գյուղի մասին, եւ վավերագրելու, որ այդ գյուղը գոյություն ունեցել է, եւ վերապրողները հիշում են, թե ինչ պատահեց այնտեղ»։ Անմիջապես անցնելով իրադարձությունների շարադրանքին նա ներկայացրել է 1895 թվի համիդյան ջարդերը, նշելով, որ մոտ 2000 բնակիչներից 270-ը սպանվել են այդ ժամանակ։ Միայն օսմանյան կառավարությունը չէր պատասխանատու այդ հանցագործությունների, գրել է նա, այլ այդ գյուղի (եւ հարյուրավոր այլ գյուղերի) տեղացի բանդիտ(ներ)ը, որ(ոնք) գործում էր(էին) կառավարության հովանավորության ներքո։ Այդ թուրք բանդիտըՙ Հաջի Բեկոն եւ իր ընտանիքը հետագայում եւս (քսան տարի անց) մեծ դեր է խաղացել ամբողջ գյուղի ոչնչացման գործում։ Թալանի, վախի եւ զրկանքների մթնոլորտը շարունակվել է եւ նույնիսկ 1908-ի սահմանադրական բարեփոխումները շոշափելի որեւէ դրական արդյունք չեն տվել։ Ընդհակառակը, թուրքերի եւ հայերի միջեւ լարվածությունը է՛լ ավելի է սրվել։ Առաջին աշխարհամարտի օրերին ավելի քան 30 հայեր զորակոչվել են բանակ։ Ուրիշներ հավաքագրվել են հանդերձանք եւ մթերք փոխադրելու համար։ Վերջիններից մեծ մասը սպանվել է թուրք զինվորների կողմից։ 1915-ին ապրիլին Օսմանյան ժանդարմերիան գյուղ է մուտք գործել զենք ու զինամթերք որոնելու։ Խուսափելու համար հետագա տանջանքներից, հայերի մեծ մասը ստիպված է եղել տեղացի մահմեդականներից զենք գնել եւ հանձնել ժանդարմներին։ Ադյուհանդերձ եղել են ձերբակալություններ եւ սպանություններ։ Հուլիսի 3-ին հայ բնակչությունը տեղահանվել է։ Որոշ երիտասարդների թույլ են տվել հավատափոխ լինել եւ աշխատել թուրքերի տներում։ Հարեւան շրջաններից քուրդերը առիթից օգտվելով մասնակցել են թալանին եւ հափշտակություններին։ Գաղթի ճանապարհին որոշ մայրեր ամբողջովին հյուծված լինելու հետեւանքով ստիպված են եղել ճանապարհին արաբներին, թուրքերին կամ քրդերին թողնել իրենց երեխաներին։ Թադեմի վերջին կարավանի (մոտ 300 հոգի) հազիվ 25-ը կարողացել է հասնել Տեր Զոր, որտեղից հինգ հայուհիներ ադաբազարցի իրենց հայրենակիցների հետ հասել են Մոսուլ։ Գալուստյանի հայրըՙ Պողոսը, քչերից մեկն է եղել, ով թաքնվելով խուսափել է բռնարարքներից եւ զբաղվել հողագործությամբ մի թուրք ընտանիքի մոտ։ Թուրքերը քանդել են Թադեմի 2 հայկական եկեղեցիները եւ դպրոցը։ Գյուղը վերանվանել Կալա Քոյ։ Առաջին աշխարհամարտի վերջում հազիվ 200 հայեր են ողջ մնացել այնտեղ։ Նրանք ծառայել են իրենց թուրք տերերին։ «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակիցներից Արամ Արքունը գրախոսելով հատորը նշում է, որ այն չափազանց հուզիչ եւ լավ փաստագրված պատմությունն է ամբողջովին ոչնչացված հայկական մի գյուղի, որի պատահականորեն ողջ մնացած հայ բնակիչներից մի քանիսը հետագայում թղթին են հանձնել իրենց պատուհասած արհավիրքները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Գալուստյանը անգլերենի է թարգմանել դրանք եւ օտար ընթերցողին ներկայացրել այդ գյուղի ոդիսականը։ Գիրքը բաղկացած է երեք մասերից։ Առաջինում գյուղի կյանքն ու առօրյան է ներկայացված եւ ցեղասպանամետ ընդհանուր մթնոլորտը։ Երկրորդումՙ հոր փախուստը 1917-ին Դերսիմի լեռներով դեպի Երզինջան (Երզնկա)։ Պողոսը մասնակցել է Էրզրումի պաշտպանական կռիվներին։ Հետագայում հայտնվել է Թիֆլիսում, որտեղից Սամարայի, Վլադիվոստոկի եւ այնուհետեւ Յոկոհամայի (Ճապոնիա) վրայով անցել է Սիեթլ (Մ. Նահանգներ)։ Երրորդ մասում Պողոսի կյանքն է Ամերիկայում սկսած 1919 թվի օգոստոսի 23-ից։ Սիեթլից նա Բոստոն է տեղափոխվել միանալու իր երկու ավագ եղբայրներին։ Գալուստյանը գրքում ներառել է նաեւ Թադեմ կատարած իր երկու այցելությունների (1993-ին եւ 1999-ին) նկարագրությունները։ Այնտեղ նա հանդիպել է Հաջի Բեկոյի ժառանգներին։ Հատորը հարուստ է նաեւ իր հավելվածներով, որտեղ հիշատակված հայորդիների անուները, ծննդյան, մահվան եւ Մ. Նահանգներ գաղթելու մանրամասներն են նշված, ինչպես նաեւ օգտագործված որոշ թուրքերեն եւ հայերեն բառերի բացատրությունները, սեւ ու սպիտակ նկարներ, ութ քարտեզներ եւ անշուշտ օգտագործված գրականության ցանկ։ «Կորսված հայորդիների ձայները խիստ արժեքավոր են ավելի խորը ուսումնասիրելու համար Հայոց ցեղասպանությունը եւ նրա հետեւանքները», եզրակացնում է Արամ Արքունը մեծապես գնահատելով գրքի հրատարակությունը:։ |