ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ԴՐԵՍՍ ԿՈԴ» ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ծանոթներիցս մեկը աշխատում է օդանավակայանի սահմանային անցակետում եւ բոլորովին վերջերս պատմեց հետեւյալ պատմությունը: Հերթական ինքնաթիռի «Զվարթնոցում» կատարած վայրէջքից հետո, երբ ուղեւորները հերթով մոտենում են սահմանային անցակետի պատուհաններին, որպեսզի մուտքի կնիք խփել տան իրենց անձնագրերում, ուղեւորների հիշյալ հերթը վերահսկող աշխատողը սկսում է կռվել ուղեւորներից մեկի հետ: Պարզվում է, որ քաղաքացին խիստ անհամբեր է լինում եւ ցանկանում է առանց սպասելու, ավելին` առանց մուտքի կնիքի անցնել անցակետը, եւ երբ աշխատողն ասում է, որ նման իրավունք չունի, վրդովված ասում է` «Բայց ես լրագրող եմ»: Ծանոթս պատմում է, որ նույն չվերթով Հայաստան էին վերադարձել, բացի այս լրագրողից նաեւ երեք պատգամավոր, երկու ոստիկան (մեկնել էին հանգստանալու) եւ մեկ փոխնախարար: «Բայց նրանցից ոչ ոք իրեն այդկերպ անհամբեր չէր պահում, գուցե որովհետեւ նրանցից ոչ ոք լրագրող չէ՞ր», ամենայն հավանականությամբ` հռետորական հարց տվեց ծանոթս: Այս պատմությունը հիշեցի, քանի որ խոսելու ենք լրագրողների մասին: Հիշո՞ւմ եք, ցուրտ 90-ականների ձմեռներին այսպիսի անեկդոտ կար. երեք հոգի կանգնած են, ինչպե՞ս կիմանաս, թե որն է հայրը, եւ պատասխանը` նա, ով մի ձեռքով բռնել է փայտով լի սահնակը: Այս համատեքստում ինչպե՞ս կարելի է իմանալ, օրինակՙ ցույցի, հանրահավաքի ժամանակ, երբ հատկապես ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, ինչպես ասում են` բախում է լինում, թե լրագրողն ո՞վ է: Իհարկե բեյջով, դե որի վրա գրված կլինի` ասենք Պողոս Պողոսյան, Պողոս.am կայքէջ, լրագրող: Բայց մեզանում նման բեյջ ստանալը մի ժամվա գործ է, եւ շատ հնարավոր է, որ տվյալ Պողոսը ամենեւին էլ լրագրող չէ, ավելին` անունն էլ Պողոս չէ: Ուրեմն ինչպե՞ս: Եթե հեռուստատեսային լրագրողներին տարբերակելը ըստ էության բավականին հեշտ է (դժվար թե սադրիչները կամ սովորական ցուցարարները հանրահավաքի գնան միկրոֆոնով եւ շտատիվ-կամերաներով), ապա թերթերի, ռադիոյի, կայքերի լրագրողները այս առումով խիստ շփոթելի են ցուցարարների հետ: Եւ ուրեմն, եթե մենք արդարացիորեն պահանջում ենք, որպեսզի հանրահավաքը վերահսկող քաղաքացիական հագուստով ոստիկանները չմիջամտեն հասարակական կարգի պահպանման գործում, քանի որ որեւէ ապացույց չկա, որ վերջիններս ոստիկան են, ապա ինչո՞ւ նույնը չենք պահանջում լրագրողներից, քանի որ վերջիններս եւ, փաստորեն, փաստ չէ, որ լրագրող են: Անշուշտ խոսքն այս պարագայում լրագրողական համազգեստի մասին չէ, չնայած Արեւմուտքում վերնահագուստը եւ անգամ սաղավարտը լայն կիրառելի աշխատաոճ է, այլ այն մասին, թե ի՞նչ պետք է անի լրագրողը, երբ տեղի է ունենում բախում: Մեր կարծիքով լրագրողը հանրահավաքի ժամանակ, եթե իրավունք էլ ունի բղավելու, ապա երկու պարագայում` եթե հեռախոսով է խոսում, բայց շուրջն աղմուկը թույլ չի տալիս նորմալ լսել եւ խոսել, եւ երբ իր օպերատորին է կանչում, որ այս կամ այն կադրը նկարի: Ուրիշ ոչ մի դեպքում լրագրողը չի կարող բղավել, ավելինՙ այն պահից, երբ նա բղավում է այն, ինչը բղավում են ցուցարարները, եթե անգամ այդ պահանջը խիստ ցանկալի է իր համար, դադարում է լրագրություն անելուց, հետեւաբար` լրագրող լինելուց: Ավելին, լրագրությունը կանգ է առնում, երբ տվյալ լրագրողը իրեն համարելով «անմեղ եւ արդար ցուցարարների» պաշտպան, ֆիզիկապես միջամտում է բախմանը, անշուշտ ընդդեմ ոստիկանների, այդպիսով վերածվելով ոստիկանության հետ բախված ցուցարարի: Մինչդեռ, լրագրողը նման իրավիճակներում մեկ գործ ունի` նկարահանել, տեսնել-նկատել, հաղորդել, գրել (եթե, իհարկե սա հնարավոր է), եթե իհարկե ինքը ցանկանում է լրագրություն անել տվյալ պահին: Իհարկե միշտ կա ավելի կարեւոր բան, քան այն ինչով մենք ենք զբաղված, քան` լրագրությունն է: Օրինակ, երբ դու տեսախցիկը ձեռքին լրագրող ես եւ տեսնում ես, թե ինչպես են վրաերթի ենթարկում մարդուն, եւ փոխարենը այդ ամենը նկարահանելու, շտապում ես` առաջին օգնությունը ցույց տալու եւ շտապօգնություն զանգելու, ապա դու առաջին հերթին մարդ ես, լավ մարդ: Ուրեմն լրագրողական այսպես կոչված «դրեսս կոդը» ոչ թե հագուստն է, կամ ոչ այնքան սա է, ոչ թե բեյջն է, այլ նրա պահվածքը... Ի վերջո, օրինակ պատշարին պատ շարելուց որպես կանոն չեն հարվածում, կամ ձերբակալում, բայց կարող են ծեծել եւ ձերբակալել, երբ նա ինչ-որ ցույցի ժամանակ բախվում է ոստիկանների հետ, հետեւաբարՙ երբ ինքն իր գործով զբաղված չի լինում: Հա, լրագրությունն էլ պատշարության պես մասնագիտություն է, ուրեմն եթե մենք կարող ենք առանց մուտքի կնիքի մտնել Հայաստան, ուրեմն նույնը կարող են անել նաեւ պատշարները եւ ոչ միայն նրանք: Կամ, եթե պատշարները դա չեն կարող, ապա ո՞վ ենք մենք... |