RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1999, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՂՔԱՏ ԲԱՐԵԿԱՄԻՆ ՇՐՋԱՆՑՈՂ ՆԱԽԱԳԻԾ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո՞րն է ավելի ժողովրդավարական եղանակ` երկրի նախագահ ընտրել ուղիղ, համաժողովրդական քվեարկությամբ, թե՞, այդպես ասենք, նշանակովի Ազգային ժողովի պատգամավորներից եւ տեղական կառույցների նշանակովի ներկայացուցիչներից ձեւավորված ինչ-որ Ընտրիչների ժողովի կողմից: Բնականաբար, գաղափարի առումով, առաջինն ավելի ժողովրդավարական պետք է լիներ, համենայնդեպս` մեր տիպի երկրների համար, որտեղ տեղական կառույցները լցոնված են սովորաբար իշխող կուսակցության ներկայացուցիչներով, իսկ Սզգային ժողովը (ինչ Սահմանադրություն, ինչ ընտրակարգ էլ կիրառման մեջ լինեն)` մեր դեպքում դառնալու է նախապես համաձայնեցված մարդկանց, այն է` իշխանության առաջին դեմքերին մոտ կանգնած անձանց հավաքարան: Գոնե նախագահին պետք է որ ժողովուրդն ընտրեր: Սակայն մերոնք, քիչ է որ առաջներում էլ չէին թողնում, թե որեւէ ընտրություն ժողովրդի կամքի իրական եւ լիարժեք արտացոլանքը լինի, հիմա էլ ուզում են հենց երկրորդ` կամերային տարբերակով նախագահ ունենալ, հենց այս տարբերակն է նախատեսվում սահմանադրության բարեփոխված նախագծի` երկու օր առաջ հրապարակված 1-7 գլուխներում: Նախագահի թեկնածու էլ առաջադրում է Ընտրիչները ժողովի մեկ հինգերորդը: Այն թեկնածուն, ով ստանում է Ընտրիչների ձայների երեք հինգերորդը` դառնում է նախագահ: Այսինքն` դեռ մի Ընտչրիների ժողով էլ պետք է ունենանք: Եթե նախագահի որեւէ թեկնածու չի հավաքում անհրաժեշտ քանակի քվե, կան նաեւ ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր` ընտրության ավելի մեղմ պայմաններով: Նախագահի պաշտոնն, այդպիսով, դառնում է սիմվոլիկ մի բան, յոթ տարով եւ մեկ ժամկետով նախագահող, իսկ երկիրը կառավարողների աղքատ բարեկամը` ժողովուրդը, այսպիսով, այս մի ինստիտուտը ձեւավորելուց էլ է զրկվում:

Սահմանադրության նախագծի մասնակի հրապարակումն ուսումնասիրելով` հանգում ես այն եզրակացության, որ առհասարակ ամեն ինչ արվում է ժողովրդին շրջանցելու եւ ինչ-ինչ ներքին խնդիրներ հենց սահմանադրորեն լուծելու համար:

Գիտեք, էս երկրի համար կարեւոր չի` վարչապե՞տն է կառավարում երկիրը, նախագա՞հը, թե Ազգային ժողովի նախագահը. եթե բարքերը, մթնոլորտը չեն փոխվելու, եթե տնտեսական վիճակը չի բարելավվելու, համատարած կաշառակերությունն ու ամենաթողությունն է իշխելու` հասարակության համար ինչ տարբերություն` ում պաշտոնն է սիմվոլիկ, ում լիազորություններն են ավելի մեծ: Դա ընդամենը ներիշխանական «ռազբորկայի» խնդիր է մնում, ինչպես, ի դեպ, այս սահմանադրական փոփոխությունների նախագծի դեպքում է մեր կարծիքով: Ձեւականորեն` նախագահը նոր նախագծով որեւէ կուսակցաթյան անդամ չի կարող լինել, սակայն դա մի տեսակ հակասության մեջ է խորհրդարանի վերաբերյալ դրույթի հետ, որն ասում է խորհրդարանում կայուն մեծամասնության ձեւավորման մասին: Այսինքն, բնականաբար` այդ մեծամասնությունը պիտի որ պաշտպանի այդ նախագահին, քանի որ ինքն է ընտրում, բայց որ նա իրենցից չլինի` ինչու պիտի պաշտպանի նրան: Անհասկանալի է մնում, թե նոր կարգով նոր տիպի Ազգային ժողովի (101 պատգամավոր` բացառապես համամասնական կարգով) ընտրությունից հետո շուրջ մեկ տարի դեռեւս կառավարելու է հին կարգով ընտրված եւ ուժեղ լիազորություններով օժտված նախագա՞հը, թե՞ արտահերթ նախագահական ընտրություններ են լինելու: Մանավանդ որ, ըստ տարածված լուրերի եւ ընդհանրապես` այս նախագծի տրամաբանության, ամեն ինչ տանում է նրան, որ ներկա նախագահն է ուզում դառնալ վարչապետ (չնայած հակառակն է հայտարարել), կամ միգուցե` Ազգային ժողովի նախագահ` եթե հրաժարական տա ու առաջադրվի մեծամասնության կամ Ընտրիչների ժողովի մեկ հինգերորդի կողմից: Մի խոսքով` եթե նախագիծն ընդունվի, օդում է մնում նաեւ այն հարցը, թե արդյոք արտահերթ նախագահական ընտրություններ կլինե՞ն: Բացի այդ` ընտրիչների (էս ինչ թարս բառ է, ոնց որ ասես` սադրիչների) մեկ հինգերորդն իրավունք ունի նախագահի թեկնածու առաջադրել, իսկ տեղական կառույցները, էլի հիշեցնենք, գիտեք ով են: Ինչ է, մրից իբր ուզում ենք դուրս գալ ու մրջուրն ընկնե՞լ:

Այսքան կանգ ենք առնում նախագահի` նախագծով թուլացված ինստիտուտի վրա, քանի որ անկախ սահմանադրությունից դեռ տարիներ կպահանջվեն ընկալելու համար, որ իրականում նախագահը չի վճռելու ամեն ինչ, այլ` վարչապետը: Նախագահը, սակայն, հայերիս մեջ դեռ երկար ազդեցիկ ֆիգուր կհամարվի` չնայած, եթե ներկա նախագահն անմիջապես վարչապետ դառնա` միգուցե այդ անցումն արագ կատարվի: Համենայնդեպս` մերոնք ձեռնարկել են փոխել «մեշոկը», ինչպես ժողովուրդն է ասում, ու հերթական անգամ պարունակությունը փոխելը մնում է երիտասարդ սերնդին, ու ոչ թե` սահմանադրությանը: Այս նախագծով, եթե, իհարկե, դա ընդունվի, որովհետեւ շատ ուժեր կան, որոնք ներկա հավակնություններով տարբեր միջոցներով պայքարելու են այս նախագծի իրականություն դառնալու դեմ:

Կատարվում է նաեւ ՀՅԴ երազանքը` որդեգրվում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ, սակայն ական կա նաեւ խորհրդարանի կազմավորման ձեւի մեջ: Մի բան է դրական` ԱԺ-ն կազմված է լինլու 101 պատգամավորից. առանց այն էլ մի երեսուն-քառասուն պատգամավոր հազիվ է աշխատել միշտ խորհրդարանում, մնացածը պատվավոր թոշակառու են, որոնք միայն կոճակներն աշխատեցնելիս են կենդանանում:

Ինտրիգ կա նաեւ այն բանում, որ եթե խորհրդարանական կայուն մեծամասնություն չձեւավորվի, ապա լինելու է ընտրության նոր փուլ, որին ձայներ հավաքածՙ ասենք տասն կուսակցություններից երկու առավելագույն ձայն ստացած կուսակցությունները միայն կկարողանան մասնակցել. կարելի է ասել, որ սա հետագայում թաքնված երկկուսակցական համակարգով ընտրությունների անցնելու նախասկզբնական փուլ է լինելու: Եթե այս համակարգը գործի, ապա ընդամենը հինգ տարի հետո տեղի ունենալիք ընտրություններին կմասնակցեն միայն այն երկու կուսակցություն (դաշինք), որոնք աշխատելու են խորհրդարանում, մնացածներն այդ հինգ տարում կամաց-կամաց կմեռնեն` քաղաքական գլխավոր կառույցում չաշխատելով եւ, առհասարակ, քաղաքականությանը մասնակցելու այլ հարթակներ չունենալով: Սա մի կողմից, թվում է, դրական է, տասնյակ կուսակցություններ, որոնք միայն արդարադատության նախարարությունում գրանցման ժամանակ են երեւում, դուրս կմղվեն, ի վերջո, դաշտը կպարզվի: Մյուս կողմից`Հայաստանում տիրող պարականոն հարաբերությունների պարագայում կգոյատեւեն միայն իշխանությունների «դաբրոն» ունեցողները, եւ ոչ թե` ժողովրդի սրտին իրական մոտ եղողները:

Հիմա գանք վարչապետին, որը նոր նախագծով Հայաստանում դեֆակտո դառնալու է թիվ մեկ դեմքը (չնայած` ըստ նախագծի թիվ մեկ դեմքը դե յուրե ԱԺ նախագահն է), նա է իրականացնելու զորքի գերագույն հրամանատարությունը, արտաքին եւ ներքին քաղաքականությունը (դե միանգամից վերացնեիք, էլի, նախագահական ինստիտուտը), բոլոր կարեւոր հարցերը ինքն է վճռելու` ճիշտ է, երկրի նախագահի հետ խորհրդակցելով: Վարչապետի թեկնածու եւ կառավարության ծրագիր պետք է ներկայացնեն խորդրարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները: Գոնե սկզբի համար վարչապետը կախված է լինելու խորհրդարանից, քանի որ Հայաստանի նախագահը վարչապետ է նշանակելու Ազգային ժողովի մեծամասնության ներակայացրած-հաստատած վարչապետի թեկնածուին, իսկ վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետ կրկին նշանակվում է Ազգային ժողովում քվեարկությամբ հաստատելուց հետո միայն: Մաքուր սկզբունքով, եթե ինչ-որ բան խորհրդարանական մեծամասնությանը դուր չգա` նա կարող է եւ տապալել վարչապետի ընտրությունը, սակայն Հայաստանի պարագայում դա դժվար է պատկերացնել, համենայն դեպս` վարչապետի չընտրվելու պարագայում յոթ օր հետո ընտրության երկրորդ փուլ նախատեսված է, որին խորհրդարանում ներկա խմբակցությունների թեկնածուները եւս կարող են մասնակցել: Իսկ վարչապետի ընտրության հարցում երկրորդ փուլում էլ չկողմնորոշված Ազգային ժողովի գլխին էլ դագանակ կա` այն արձակվում է:Այնպես որ` դեռ հարցական է այս նոր նախագծով ով` ումից է կախված, վարչապե՞տն Ազգային ժողովից, թե՞ Ազգային ժողովը (մեր դեպքումՙ նախօրոք որոշողների նշանակած) վարչապետից:

Այո, խորհրդարանական համակարգի անցումը նոր նախագծով ֆորմալ առումով առկա է, սակայն բովանդակային առումով` հազիվ թե իրական լինի, քանի որ քաղաքական քարտեզն է նախօրոք գծվում հայտնի ապարտամենտներում: Էլի ֆորմալ` պետության առաջին դեմքը ոչ նախագահն է, ոչ վարչապետը, այլ` խորհրդարանի նախագահը: Բայց նման բան մի տեսակ անպատկերացնելի է` զորքի հրամանատարը, ամեն ինչ որոշողը վարչապետը լինի, բայց թղթի վրա` պետության ղեկավարը` Ազգային ժողովի նախագահը, իսկ նրանց ու սահմանադրության հետեւողը կամ արբիտրը` Հայաստանի նախագահը:

Բայց որ ֆորմալ առումով խորհրդարանի դերը մեծացվում է փաստորեն, կառավարման մոդելը խորհրդարանական է դառնում, խորհրդարանը պետք է վերահսկի իբր գործադիրին, նրա ծրագրերն ու բյուջեն քվեարկություններով ընդունի, առհասարակ` լայն վերահսկողական գործառույթներ իրականացնի` դա կա:

Իհարկե, հիմա, երբ ԵՏՄ անդամ ենք, անկախ Սահմանադրությունից, հավանաբար շատ բան որոշվելու է ռուսական ազդեցություննեի ծիրում, բայց միայն այդ ազդեցությամբ հնարավոր չի լինի սահմանափակվել. ազդեցության աշխարհի կենտրոններն այսօր մասնակցություն ունեն շահերի բախման կետերում գտնվող բոլոր պետությունների բախտորոշ որոշումներում: Այնպես որ` նոր նախագիծ, թե չէ` շատ բան հստակեցվելու է դեռ նախագծի քննարկումներին զուգահեռ, միգուցե` ամիսների ընթացքում: Բոլոր ազդեցությունները բալանսի կբերվեն, բոլոր կապերը գործի կդրվեն, հայտնի անձանց միջեւ դեռ կենաց-մահու պայքար կգնա, որը նաեւ պայքար կլինի այս նախագծի դեմ: Քանի որ նախագծի ե՛ւ ձեւը, ե՛ւ բովանդակությունը Հայաստանում պետք է լինեն այն ֆիգուրների հագով, ում դրանք ծառայելու են: Եթե այս ընթացքում, ներկա նախագահին զուգահեռ, այլ ֆիգուր ձեռք բերի աշխարհաքաղաքական համաձայնությունների արիալը` միգուցե սահմանադրության նախագիծն էլ ձեռք կբերի այդ ֆիգուրի հավակնությունների պատկերը` անկախ նրանից, որ մեր երկրի համար դրամատիկ ու անընդունելի բան եմ ասում, բայց դա է ցավալի իրականությունը:

Համենայն դեպս` այդ մասին են վկայում տեղեկությունները` արեւմտամետ ուժերի քաղաքական կառույց ստեղծելու կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից նոր կուսակցություն հիմնելու մասին: Դեռ մինչեւ նախագիծը կյանք ստանա, կամ ընդհակառակը` այդ ուժերն իրար մեջ պետք է պայմանավորվեն, իրար հետ հաշտվեն կամ միգուցե իրար կուլ տան: Համենայն դեպս` անգամ փորձառու վերլուծաբանները կամ քաղաքական գործիչները վստահաբար չեն կարող ասել, թե հստակ տեսնո՞ւմ են ապագա վարչապետի, նախագահի եւ ԱԺ նախագահի ֆիգուրները, եւ կամ` Սահմանադրության հենց այս տեսքով նախագիծը կյանքի ուղեգիր կստանա՞: Մի յոթ գլուխ հրապարակելու իմաստն էլ երեւի հավակնորդների շարժումներին հետեւելն է: Օգոստոսի սկզբին նախագիծն ամբողջությամբ որ պատրաստ լինի` դրա ու մեր կառավարողների հավակնությունների մասին կարելի է արդեն թեական չխոսել:

Ի միջիայլոց` այս ֆոնին հետաքրքրական է դառնում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրաժարականը, որն ի պաշտոնե փաստորեն պատասխանատու էր նախագծի համար թե՛ բովանդակային, թե՛ ընթացակարգային առումներով: Ներքին զգացողությամբ ենթադրելի է, որ մինչեւ աշուն էլի հրաժարականներ են լինելու, նայած այս նոր սահմանադրության նախագիծն ի՞նչ է ասում կառավարման վերին օթյակում գտնվողներից յուրաքանչյուրի ականջին: Մի բան ակնհայտ է, որ մեզ մոտ Սահմանադրությունը միշտ փոխվում է ոչ թե երկրի կառավարման մոդելի բարելավման համար, ինչպես սովորաբար հայտարարվում է, այլՙ ներքաղաքական տվյալ պահի կնճիռների լուծման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ