RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1379, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՆԵՐԻՐ ՄԵԶ, ԱՍՏՎԱԾ ԵՎ... ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հ. ԱՖՅԱՆ

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը «Ոչ թալան»-ին նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանին Աստվածաշունչ է նվիրել, սովորական չէ` արծաթափայլ կազմով: Ընդամենը անցյալ տարի, դեկտեմբերին, երբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա հետ կապված ՄԻՊ Կարեն Անդրեասյանը իր մոտ` կլոր սեղանի էր հրավիրել նույն ոստիկնապետին, ՍԴ նախագահին, Արդարադատության խորհրդի նախագահին, գլխավոր դատախազին, Վովա Գասպարյանը էլի նվերով էր գնացել, էլի Աստվածաշունչ, բայց ոչ արծաթափայլ: Հարց է առաջանում, քանի՞ Աստվածաշունչ է մնացել ոստիկանապետի հավաքածուում, հետեւաբար` դեռ քանի՞սը կարող են հույս ունենալ...

Բայց սաՙ իմիջիայլոց, կարեւորը ինչպես ասում են Աստվածաշունչ ունենալը չէ, այլ այն կարդալն է, անգամ` այս վերջինն էլ չէ, այլ հիշելն է: Չնայած այս առումով էլ մեր ոստիկանապետը խնդիր չունի. օրվա որեւէ պահի, հանրապետության որեւէ վայրում մարդը կարող է ուղիղ մեջբերումներ անել առաքյալների Գրքերից, ճիշտ էՙ որոշակի խմբագրումներով, բայց մենք դա էլ չենք կարող: Օրինակ գիտե՞ք, թե ինչպես է մեկնաբանվում Աստվածաշնչում հպարտությունը: Վովա Գասպարյանը գիտի, գիտի, ու շարունակում է հպարտ լինել եւ հենց սա է խնդիրը: Այն Աստվածաշունչ իմանալով Աստվածաշնչով չապրելն է, սա ավելի մեծ խնդիր է, քան երբ չես ապրում Աստվածաշնչով, քանի որ չես էլ իմանում Սուրբ գիրքը: Վովա Գասպարյանը ոստիկան է, եւ պետք է համաձայն լինի. ավելի մեծ է նրա հանցանքըՙ ով գիտի օրենքը եւ խախտում է այն, քան նրանը, ով չգիտի օրենքը` այն խախտելու պահին:

Բայց գլխավոր խնդիր էլ կա. երբ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում հները մոռացած նոր եկեղեցիներ են կառուցում եւ Աստվածաշունչ են կարդում` անգիր անելու աստիճան, ուրեմն թշվառ է այդ երկիրը, ուրեմն հույս մնացել է, բայց այն վերջինն է հույսերից, քանի որ Աստծու հետ է կապված, նրա ողորմության, քանի որ այդքան խեղճ ենք եւ այդքան անհույս... Գուցե էլ ոչ մի հանցագործի չբռնե՞նք, թողնելով նրանց Աստծու դատաստանին, կամ գուցե Աստծու անունը անհարկի չտա՞նք, ինչպես գրված է Աստվածաշնչում, ի դեպՙ լինի այն արծաթափայլ, թե սովորական:

Իսկ իրականում, երբ հանրահայտ Ալ Պաչինոն փոքր էր, նա երազում էր հեծանիվ ունենալու մասին եւ ամեն օր, գիշերը քնելուց առաջ, աղոթում էր Աստծուն, որ վերջինս իրեն հեծանիվ նվիրի: «Հետո,- հիշում է Ալ Պաչինոն,- երբ մեծացա հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես գողացա հեծանիվ եւ խնդրեցի նրան` ներել ինձ»:

Ամէն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ