RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1616, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԽՆԴԻՐԸ ՄԵՐ «ՋԱՐԴՎԱԾ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐՆ» ԵՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մանր անկարգություններն են, որ ծնում են խոշոր հանցագործություններ, անարդարություն, կոռուպցիա ու հանրության ռեսուրսների վատնում: Ութսունականների սկզբներին կրիմինալոգիայում տարածում գտավ «Ջարդված լուսամուտների» տեսությունը: Ըստ այդ տեսության, քաղաքային միջավայրերում փոքր հանցագործությունների (ինչպիսիք են վանդալիզմը կամ մանր խուլիգանությունը) կանխումը եւ մոնիտորինգը ստեղծում են կարգ ու կանոնի եւ արդարության միջավայր` այդպիսով սահմանափակելով ծանր հանցագործությունների հավանականությունը: Տրամաբանությունն այն է, որ եթե մարդիկ տեսնում են, որ որեւէ շինության պատուհանները ջարդված են, կամ որեւէ վայրում աղբը չի հավաքվում, ապա նրանց վարքագիծը փոխվում է բացասականի` նրանց անուղղակիորեն քաջալերելով էլ ավելի սանձարձակ լինել իրենց գործողություններում: Մի շարք հեղինակների կարծիքով (օրինակ` Malcolm Gladwell, The Tipping Point), Նյու Յորք քաղաքի ոստիկանությունը հենց այս տեսության ներքո է կարողացել պայքարել ու քաղաքում կտրուկ նվազեցնել հանցագործությունների քանակը:

Տարիներ առաջ Հայաստանում մոդայիկ դարձավ «Մեծ ձկներին բռնելու» քաղաքականությունը, սակայն կարծես հանրությունը ականատես չեղավ այդ ձկների բռնվելու գործընթացին: Միգուցե առիթը բա՞ց թողեցինք: Կամ միգուցե «քաղաքական կամքը» չհերիքե՞ց: Հայտնի չէ: Ժամանակն է փոխելու այդ մոտեցումը:

Սոցիալական ցանցերից մինչեւ տպագիր մամուլ, ռադիոհաղորդումներից մինչեւ հեռուստատեսային եթեր լցված են անարդարության, չարաշահումների ու կոռուպցիայի մասին ստատուսներով, հոդվածներով ու հրապարակումներով: Խոսքի ազատություն կարծես թե կա, իսկ գործելու ազատությու՞ն: Բացասականի ու հանցավոր վարքագծի դեմ պայքարի մոտեցումները հանրության համար դեռեւս պարզ չեն, ու այդ անորոշությունն է, որ ձեւավորում է անտարբերություն ու հակասոցիալական կացութաձեւ:

Խմբագիր-լրագրող Արամ Աբրահամյանի վարած «Ա1+» հեռուստաժամը մի հրաշալի մաս ունի` «Լուրեր «Ա1+»-ի արխիվից, որտեղ Հայաստանի անկախացումից ի վեր ցուցադրվում են կադրեր` տվյալ օրը տեղի ունեցած իրադարձություններից: Ամեն օր նույնն է, այնպես ինչպես հայտնի «Արջամուկի օր» ֆիլմում: Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից ցայսօր կարծես բան չի փոխվել: Նույնն են կարծես մարտահրավերները, մոտեցումները, հռետորաբանությունը, հաճախ նաեւ դերակատարները: Տարիների ընթացքում հասարակության տարբեր շերտերի մեջ (որոշ բացառություններով) կարծես կարծրացած լինի անտարբերությունն ու հանդուրժողականությունը մանր ու միջին հանցագործությունների նկատմամբ, միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի կամ հանրային կարգը խախտելու հանդեպ: Եթե պատանին խանութում հերթը խախտելով առաջ է անցնում, ապա` «Ոչինչ, էրեխա ա»: Եթե դպրոցում երեխաները դասից փախչում են, ապաՙ «Ոչինչ, մենք էլ ենք փախել»: Եթե բանուկ փողոցում լուսային կամ ձայնային ազդանշանով մեքենան վազանց է կատարում, ապա` «Ոչինչ, շտապում ա»: Եթե դասախոսը ստուգարքը նշանակելու համար կաշառք է վերցնում, ապա` «Ոչինչ, տուն ա պահում»: Եթե վարկառուն վարկի դիմաց իր գրավադրած գույքը մասնատելով վաճառում ու իր վարկը չի վերադարձնում (սրա մասին մեկ այլ առիթովՙ ավելի մանրամասն), ապա` «Ոչինչ, մեղք ա, վարկերի տակ ճկռած ա»: Ու այդեպս շարունակ: Այ հենց սա է ստեղծում փոփոխություններ կատարելու հրամայականը: Մենք պետք է հասկանանք, որ այս «ջարդված լուսամուտներն» են ծնում կամ քաջալերում ներկայի եւ ապագայի հանցագործությունները: Ակնհայտ է, որ եթե սովորական քաղաքացին հանդուրժում է մանր անկարգությունը, ապա իշխանություն կրողները, ովքեր էլ որ դրանք լինեն, երբ էլ որ լինի, հանդուրժելու են ավելի մեծ հանցագործությունները: Նրանք այդ ազդակներն են մեզնիցՙ սովորական քաղաքացիներից ստանում:

Ջարդված լուսամուտները վերանորոգելը մեզնից յուրաքանչյուրի գործն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ