RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1667, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀԻՄԱ ԷԼ ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵ՞ՐՍ ԵՆՔ ՓՈԽՈՒՄ...

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հիշո՞ւմ եք ծանոթ հին զավեշտապատումը, որ Գարսեւանին է, թե ում էՙ դատում են, ու երբ դատի ժամանակ դատավորը նրան դիմում է «ամբաստանյալ» բառով, դահլիճում մեկն անկեղծ կարեկցանքով ասում է. «Խե՜ղճ Գարսեւան, անունն էլ են փոխել»: Մեր անշեղ եվրոպականացման ու եվրասիականացման ճանապարհին հիմա մեր ինչն ասես, որ չեն փոխում: Դրա թերեւս մեկ դրսեւորումն է հետեւյալ խնդիրը, որին առիթ ունեցա բախվելու, հակառակի պես, այնքան լուսավոր մի պահի:

Որդիս ու հարսս վերջերս մեր ընտանիքը բախտավորեցրին իրենց առաջնեկ մանկան ճիչով: Ես երջանիկ պապիկ դարձա նորահրաշ տղա թոռան, որին ծնողներն իմ անունով կոչեցին Գեղամ: Պապ դառնալու այդ անասելի ուրախության առաջին օրերին որդիս բերեց նաեւ երեխայի ծննդյան վկայականը, որը հպարտությամբ ձեռքս առնելով ու նայելով, սակայն, թիկունքից դավադիր հարված ստացողի զգացողություն ունեցա...

Ծննդականի առաջին տողում, «Քաղաքացի» նշումի դիմաց գրված էրՙ Գեղամ, ավելի աչքի զարնող երկրորդ տողումՙ Հայկ Մկրտչյան: Եվ եթե տողերի տակ մանր տառերով համապատասխանաբար գրված «անունը», ապաՙ «հայրանունը, ազգանունը» նշումները չլինեին, կարելի էր եւ տարակուսելՙ հիմա ծնվածն ո՞վ էՙ Գեղա՞մը, թե՞ Հայկը: Ստացվում էՙ Գեղամ Հայկ Մկրտչյանը: Որի իմաստը հասկանալու համար պիտի մի հատ էլ մտքներումս թարգմանենք... Սա ի՞նչ մտածողություն է եւ ինչ լեզու է:

Պարզվում էՙ հայ մարդու հայրանունը գրելու այս նոր ձեւն արդեն նոր չէ, որ կիրառվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ այլ պետական մարմիններում, ու բնականաբարՙ միայն ծննդյան վկայականներում չէ, որ այդպես է գրվում: Նույն փաստաթղթում, նաեւ ծնողների ամուսնության վկայականում այդ սկզբունքով են գրված երեխայի ծնողների տվյալները եւս, այդպես է երեխայի համար տրված փաստաթղթերից ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ, հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքներում, երեխայի քաղաքացիական հաշվառման տեղեկանքում: Նշվածներից վերջինում, սպիտակ թղթի վրա առաջին տողում այլ շարադասությամբ գրված է Մկրտչյան Գեղամ Հայկ...

Ակնհայտ է, սա «եվրոպականացման» հովերից մեկն է: Բայց մե՞զ ինչ, թե եվրոպացի այս կամ այն ազգերն ինչպես են իրենց հայրանունները, մյուս-մյուս բաները մտածում ու գրում: Մենքՙ հայերս, այդպես չենք մտածում ու հետեւաբարՙ այդպես չպիտի գրենք: Մենք գուցե ոչ վաղնջական ժամանակներից, բայց արդեն վաղուց ասել ու ասում ենք Գեղամ (որդի) Հայկի, եւ դա է հայեցի, հայերիս համար հասկանալի ու թվում էՙ ընդունելի:

Ուրեմն ո՞վ, ե՞րբ հնարեց այս «նորամուծությունը», ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ նպատակով: Մեր հազարամյա խորունկ ու զրնգուն «բարի լույսի» փոխարեն անտեղի «բարի առավոտ» ասելու նման մեր ազգային դիմագծի եւս մի տարր փոխելու, մեզ եւս մեկ քայլով մեր ազգային ինքնությունից հեռացնելո՞ւ: Սա շատ լուրջ հարց է եւ լուրջ գործնական արձագանք է պահանջում:

Հ. Գ. Ի դեպ, նայեցի տան անդամներից մեկի «նույնականացման քարտ» կոչվող նոր փաստաթուղթը, այնտեղ հայրանունը գրված էր մեզ համար սովորական ու ընդունելի ձեւովՙ սեռական հոլովով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ