ԿԱՐԵՎՈՐԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է ՄԱՐԻԱՄ Լույս է տեսել «+Կինո» ամսագրի նոր համարը: Մեր թղթակցի այն հարցին, թե որն է ամսագրի այս համարի առանձնահատկությունը` գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն ասաց. - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «+Կինո» ամսագիրը արդեն 7-րդ տարին է ընդամենը մեկ խնդիր է իրականացնում. մշակութային կամուրջ դառնալ հին ու նոր սերունդների միջեւ: Ասելիքիս հավաստումը կարելի է համարել Սոս Սարգսյանի «Հրաշալի իմ երիտասարդ կամ ինչու եմ խուսափում նայել քո աչքերին» նամակը, որով բացվում է «+Կինոյի» այս համարը: Այս նամակը չապլինյան հզորության մի ճշմարիտ ձոն է, կոչնակ` ուղղված արտիստից բեմական իր կրտսեր «զավակներին»: Բեմ բարձրացող ամեն մի դերասանի համար տպագրված այս նամակը աղոթքի պես մի բան է... Հաջորդը «Նրա հաջողությունների գաղտնիքը նաեւ ընտանիքն է» հարցազրույցը անդրադառնում է Հայաստանի ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի ստեղծագործական ուղուն: «Գրիմը կերպարի ստեղծման սկզբնաղբյուրն է» հոդվածը ներկայացնում է «Հայֆիլմ» կինոստուդիայի դիմահարդարների ավանդույթները եւ նրանց այժմյան գործունեությունը: Հանդեսը տեղեկացնում է, որ Վարշավայում կայացած պատմական եւ ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում հայր եւ որդի Վրեժ եւ Տարոն Պետրոսյանների «Ուրիշ հայրենիք, Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմն արժանացել է «Իկոնա» մրցանակին: «Եթե հավակնորդների հաջորդ մրցաշարը Երեւանում կայանա, ես խոստանում եմ հաղթել» վերնագիրն է կրում ամսագրի գլխավոր խմբագրի երկխոսությունը մեր ժամանակների մեծագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի հետ: Ամսագիրն անդրադարձել է Չինաստանի Շանհայ քաղաքում ստեղծագործող Ռուբեն Գինեյի (Գասպարյան) «Անդին, հայոց ճանապարհորդություն տարեգրություն» ֆիլմին: «Նկարն ինձ համար հույզ եւ տրամադրություն է». այսպես է բնութագրում ստեղծագործական իր ներաշխարհը նկարիչ Շմավոն Շմավոնյանը, ով բազմաթիվ նվիրատվություններ է արել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում: «Ռեպորտաժ նկարահանման հրապարակից» խորագրի ներքո «+Կինո»-ին տված հարցազրույցում կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը հայտնում է, որ շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի 16 սերիանոց իր նոր` «Հատուկ բաժին» դետեկտիվ ֆիլմը: «Երբ կա ցանկություն, միջոցները գտնվում են» հոդվածում ներկայացվում է «Եվրոպական հեռանկարներ» երաժշտական փառատոնի հայաստանյան գործունեությունը եւ այն շնորհակալ գործը, որ կատարում է նրա ղեկավար Ստեփան Ռոստոմյանը: «Ազգային ոգին կենսաբանորեն փոխանցվում է նախնիներից» հոդվածում արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանը հանգամանալից վերլուծում է կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի գործունեությունը: «Նրանք քսանն էին, 20 հնչակյան հավերժի ճամփորդները» ընդարձակ հոդվածում անդրադարձ է կատարվում ազգային ազատագրական պայքարին ծառայած եւ իրենց հավատամքին կյանքը նվիրաբերած 20 հայորդիներին: «Լուսանկարչական վերնիսաժ» մշտական բաժնում այս անգամ ներկայացվել են ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Մարտին Շահբազյանի լուսանկարները: Հանդեսում արդի պրոդյուսերական դպրոցի խնդիրների ու պրոբլեմների մասին է պատմում «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը: «Ճամբարը մեր տունն է, մենք նրա տերը» վերնագրով հարցազրույցը ներկայացնում է Լոռվա գեղատեսիլ վայրում գտնվող «Գուգարք» ճամբարը, որտեղ այս տարի հանգստացել են նաեւ 80 սիրիահայ երեխաներ: Այդ մասին է խոսում ճամբարի երկարամյա ղեկավար Սեյֆուլինա Դանիելյանը: «Էրազմ Մելիք-Քարամյան» հոդվածը բնութագրական մի ակնարկ է` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստին, լեգենդար Կամոյին նվիրված ֆիլմերի ռեժիսորներից մեկին: Տաղանդաշատ նկարիչ Գեորգի Յակուլովին է նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչության բաժնի վարիչ Իրինա Բագդամյանի վերլուծական հոդվածը, իսկ կինոգետ Սիրանույշ Գալստյանը պատմում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացված կինոփառատոնի մասին, որտեղ Մեծ եղեռնի 100 ամյակի կապակցությամբ հատուկ մի բաժին է նվիրվել հայկական կինոյին: Վերջում կցանկանայի ավելացնել, որ այսօր լրանում է «+Կինո» ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի ծննդյան 70 ամյակը, որի առիթով «+Կինո»-ի ընթերցողների անունից ջերմորեն շնորհավորում եմ: |