RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1991, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՔՆԵՔ, ՊԱՐՈՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ, ՔՆԵՔ

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օրերս Մոսկվայում էր: Նա հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին, ԱԳ նախարար Լավրովին եւ մի փոքրիկ ռուս տղայի, երբ զբոսնելիս է եղել Արբատում: Հատկապես վերջին հանդիպումից մանրամասներ չունենք, թե օրինակ ո՞ւմ նախաձեռնությամբ է հանդիպումը կայացել, փոխարենը Պուտին-Քերրի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը ասել է. «Պարոն պետքարտուղար, մենք տեսնում ենք, թե որքան ջանք եք ներդնում մի շարք սուր խնդիրների կարգավորման գործում, չենք հասցնում հետեւել Ձեր տեղափոխություններին: Տեսնում եմ` Ձեզ մի լավ քնել է պետք»:

Ի դեպ, հենց Պուտինի հետ հանդիպումից հետո էլ Ջոն Քերրինորոշել է մի քիչ քայլել Արբատում եւ գնել է ընդհանուր 3000 ռուբլի արժողությամբ հուշանվերներ:

Իսկ դուք ուկրաինացի չե՞ք

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի գլխավորությամբ տեղի ունեցած այդ երկրի կառավարության հերթական նիստին վիճաբանություն է սկսվել ՆԳ նախարար Արսեն Ավակովի (հայ) եւ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու (վրացի) միջեւ: Բանն այն է, որ Սաակաշվիլին մեղադրել է Ավակովին կոռումպացված լինելու մեջ, իսկ վերջինս, չդիմանալով նման վիրավորանքին, ջրով լի բաժակը նետել է Սաակաշվիլիի ուղղությամբ. բաժակի պարունակությունը տեղ չի հասել, համենայն դեպս ջուրը շարժումից թափվել է Ավակովի կողքին նստած` հավանաբար նրա օգնականի վրա:

Վիճաբանության ընթացքում Ավակովը Սաակաշվիլիին ասել է` «Դուրս կորիր իմ երկրից», Սաակաշվիլին պատասխանել է` «Ես ուկրաինացի եմ, դու դուրս կորիր»: Ավակովն էլ, թե բա` «Այդ ես եմ ուկրաինացի»: Ուկրաինացի Պորոշենկոն այդ ողջ ընթացքում ոչինչ չի ասել եւ արել:

Հիմա հարց` դուք ուկրաինացի՞ եք

Ֆրանցիսկոս պապը 80 տարեկան չէ

Դեկտեմբերի 17-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ծննդյան օրվա կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր ու ուկրաինացի ժողովրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել Պապին` մաղթելով վերջինիս «ամուր առողջություն, հոգեւոր ներշնչում եւ Աստծու օրհնություն»: «Իմ եւ ուկրաինացի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձերդ սրբության ծննդյան 80 ամյակի կապակցությամբ», գրել է Պորոշենկոն:

Վատիկանից հայտնում են, որ ուկրաինական նախագահի ուղերձը իրենք Պապին չեն փոխանցել, կփոխանցեն հաջորդ տարի, երբ Պապը կնշի իր ծննդյան 80 ամյակը: Այս տարի Ֆրանցիսկոս պապը դեռ 79 տարեկան է:

33 մլն դրամ

Հինգշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստում արդարադատության նախարարությանը հատկացվել է 33 մլն դրամ` Սահմանադրության փոփոխված տարբարակը 100 հազար օրինակով տպագրելու համար: Հարկ է նկատել, որ նոր Սահմանադրության իրենց օրինակը, փաստորեն, չեն կարող ձեռք բերել բոլոր նրանք, ովքեր հանրաքվեին «Այո» են քվեարկել (800 հազարից ավել մարդ): Դե իսկ «Ոչ» քվեարկածները առիթ ունեն ասելու, բա որ ասում էինք` «Ոչ». մենք հո գիտեի՞նք, որ Սահմանադրության թարմացված տարբերակը տպել է պետք, դրա համար փող է պետք եւ վերջապես` փող շատ բաների համար է պետք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ