RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1574, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՈՐ ԳՅՈՒՂՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՄԲ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված` համատեղ իրականացված հերթական ծրագիրը, որի շնորհիվ Սյունիքի մարզի Լոր համայնքն այսուհետ ապահովված կլինի 24-ժամյա ջրամատակարարմամբ: Գյուղում կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել եւ ցանկապատվել է օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը:

Ջրագծի եւ ՕԿՋ-ի գործարկման արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը, Լոր համայնքի գյուղապետ Դավիթ Առուստամյանը, համայնքի բնակիչներ:

«Սեփական փորձից գիտեմՙ ինչ է նշանակում տանը խմելու ջուր չունենալ: Հիշողությանս մեջ 80-ականների պատերազմական Բեյրութի «կյանքի ճանապարհի» պատկերներն են. ես եւ կրտսեր եղբայրներս ջրի տարաներով զինված ամեն օր գնում էինք հարեւան թաղամասից ջուր բերելու: Կարելի է ապրել գազ, էլեկտրականություն եւ անգամ ջեռուցման պայմաններ չունեցող տանը, բայց առանց խմելու ջրի հնարավոր չէ ապրել: Ոչինչ չի կարող փոխարինել ջրին: Երջանիկ ենք կիսելու համայնքի բնակիչներիՙ շուրջօրյա ջրամատակարարում ունենալու բերկրանքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Բանաստեղծ Համո Սահյանի ծննդավայր Լորն ունի 420 բնակիչ: Համայնքը կայուն ջրամատակարարում երբեւէ չի ունեցել: Տարիներ շարունակ բնակիչներն օգտվել են հարեւան գյուղի ջրագծից: Ամռան ամիսներին ջուրն օգտագործել են ոռոգման նպատակով, ինչի հետեւանքով Լորում ջրամատակարարում գրեթե չի եղել: Տարվա մյուս եղանակներին ջուրը մատակարարվել է ոչ կայուն պարբերականությամբ:

Սանիտարական նորմերին համապատասխան ՕԿՋ-ի բացակայության պատճառով մատակարարվող ջուրը հիմնականում օգտագործվել է ոռոգման եւ կենցաղային նպատակով: Խմելու ջուր բնակիչները ձեռք են բերել գյուղամիջյան աղբյուրից միայն:

Ջրագծի կառուցման եւ սանիտարահիգենիկ պայմանների բարելավման շնորհիվ Լորի բնակիչներն այժմ արդեն 24 ժամ շարունակ ջրամատակարարում կստանանՙ անկախ տարվա եղանակից, որը կօգտագործվի եւ՛ խմելու համար, եւ՛ ոռոգման:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող` ջրամատակարարման բարելավման նախագծի շրջանակում 2015 թվականին կայուն ջրամատակարարմամբ են ապահովվել նաեւ Լոռու մարզի Չկալով եւ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ