RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1882, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԷԼ ՉՇՓՈԹՎԵՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Յոթ օր իհարկե կսպասենք: Հենց այդքան ժամանակ անց քննչական մարմինը կպարզի, թե արդյոք կա՞ն հանցագործության տարրերՙ մի քանի օր առաջ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի գործողութուններում, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ռուսական բազայի 26-ամյա զինծառայող Սերգեյ Սուդնիկովը մի քանի օր առաջ փորձ է կատարել մտնել Գյումրիի Անի թաղամասի բնակարաններից մեկը: Ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանիՙ զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել, եւ նա ոստիկանությանը պարզաբանում է տվել, որ ուղղակի շփոթել է տունը: Հիշյալ հասցեում բնակվողները հայտնում են, որ զինծառայողը հարբած է եղել եւ իրենցից պահանջել է բացել դուռը, սակայն իրենք զանգահարել են ոստիկանություն:

Իմ կարծիքովՙ այս վերջին տարրն այս պատմության ամենաուշագրավ կետն է: Քանի որ սա բացահայտում է մի բան, որը չի կարող բացահայտել ոչ մի քննչական մարմինՙ տասը օր, կամ տասը տարի անց, երբեք:

Բանն այն է, որ Գյումրիում բնակիչները վախենում են, վախենում են մեր երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը մեր զինված ուժերի հետ միասին ապահովող ռուս զինվորներից, գուցե անգամՙ 102-րդ ռազմաբազայից, շենքից, այդ շենքի գույնից, տեսքից, հոտից: Հնարավոր է, որ Սերգեյ Սուդնիկովն իրոք շփոթել է տունը, իրոք անզեն է եղել, բոլորովին էլ հարբած չի եղել, օրինական կերպով է բազայի տարածքից դուրս եկած եղել, մի խոսքովՙ մի հրաշալի տղա է, մի քաջ զինվոր, մի մարդասեր, ավելի կոնկրետՙ հայասեր անձնավորություն: Հնարավոր է, բայց փաստ է, որ գյումրեցիներն իրենց քաղաքում վախենում են ռուսից, անկախ այն բանից, որ վերջինիս անունն ինչ է:

Սա վտանգավոր է դառնում, բազան չէ, այնտեղ ծառայող զինվորները չէ, նրանց օղի մատակարարող բարի մարդը չէ, այլ այս վախը, սեփական քաղաքում սեփական տան դուռը բացելու վախը... Ու ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է անի 102-րդ բազան, որպեսզի Գյումրին իրենից չվախենա, ինչ եւ որքան, որքան եւ որքան երկար: Բայց պարզ է, որ բազան պետք է ինչ-որ բան անի, գուցե ամբողջ կազմով դուրս գա իր տարածքից, շարքով քայլի Գյումրու փողոցներով, գնա Ավետիսյանների տան առջեւ եւ ծաղիկեր դնի, հերթով, բոլոր զինծառայողներով, ապա գնա քաղաքի կենտրոնական հրապարակ եւ ողջ քաղաքից ներողություն խնդրի զինվորներից մեկի անունից: Գյումրին արժանապատիվ եւ հպարտ քաղաք է, Գյումրին այդ պարագայում կների, հանցագործին չէ, բազայի՛ն: Իսկ քանի չի ներել, կվախենա, որովհետեւ քանի չես ներումՙ վախենում ես...

Ուրեմն էլ չշփոթվեք Գյումրիում, Ավետիսյանների տան հասցեն էլ գիտեք, Գյումրու կենտրոնական հրապարակի տեղն էլՙ առավել եւս: Իսկ ծաղիկներ քաղաքում շատերն են վաճառում, ձեզ գուցե անվճար տան, եթե իմանան, թե ինչու եք ուզում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ