ԿԱՆԱԴԱՀԱՅԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵԾԱՐԵԼ Է ԿԱՆԱԴԱՑԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ Հ. Ծ. Ընդամենը երկու ամիս առաջ կազմավորված «Կանադահայերի խորհուրդը» (ԿԽ), որի նպատակն է համախմբել հայերին եւ մեկ, միասնական ձայնով համագործակցել Կանադայի կառավարության հետ, դաշնային, նահանգային եւ տեղական ինքնավարության մարմինների մակարդակներով, արդեն իսկ սկսել է ակտիվ գործունեթյուն ծավալել երկրում: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, վերջերս ԿԽ-ն Մոնրեալի Թեքեյան մշակութային կենտրոնում ընդունելություն է կազմակերպել ի պատիվ 2015-ի հոկտեմբերի 19-ին ընտրված կանադացի բարձրաստիճան պատգամավորների եւ նախարարների: Ներկա են եղել կանադական ժառանգության նախարար Մելանի Ժոլին, Վիմի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Իվա Նասիֆը, Մաունթ Ռոյալի տարածքից ընտրված պատգամավոր Էնթոնի Հաուսֆադերը, Սեն Լորանի քաղաքապետ Ալեն դը Սուսան եւ Հայաստանի նորանշանակ հյուպատոս Սասուն Հովհաննիսյանը: Արտգործնախարար Ստեֆան Դիոնը Օտտավայում Հյուսիսային Կորեայի եւ Սաուդյան Արաբիայի իրադարձությունների կապակցությամբ զբաղված լինելու հետեւանքով չի կարողացել ներկա գտնվել, բայց ուղերձով ողջունել է հանդիպումը, որն սկսվել է «Օ Կանադա» երգի կատարումով: Հանդիսությունը վարել է Կանադայի լիբերալ կուսակցության անդամ Վիգեն Աթթարյանը : Կանադահայերի խորհրդի կազմավորման եւ ծրագրերի մասին խոսել է Րաֆֆի Երեցյանը : Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության պատվավոր անդամ, կանադահայ համայնքի կազմավորման գործում անշահախնդիր ներդրում ունեցող, բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ դոկտ. Արշավիր Գյոնճյանը : Նա խոսել է ընդհանրապես հայ ժողովրդի եւ մասնավորապես կանադահայերի մասին: Այնուհետեւ իրենց ջերմ ու շնորհակալական խոսքերով հանդես են եկել նորընտիր պատգամավորները, որոնք կոչ են արել համայնքի ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ունենալ 2017-ին նախատեսված կանադական դաշնության կազմավորման 150-ամյակի տոնակատարություններին: Երեկոն եղել է բազմամարդ եւ անցել է կենսուրախ մթնոլորտում: |