ՄԵՐՕՐՅԱ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՎԱՐՍԵՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Կոմիտասի 16, բն. 18 Չե՞ք հավատում, դե լսեք: Հունվարի 27-ին, երեկոյան հարեւանուհուս տնից վերադարձա իմ բնակարանը, բանալին դռան մեջ ջարդվեց: Մնացի դրսում: Հարեւանները դուրս եկան, փորձեցին օգնել, չարչարվեցին, ապարդյուն: Նրանցից մեկըՙ Արտոն, հիշեց ինչ-որ համար եւ զանգահարեց: Տառացիորեն 15 րոպե անց արկղերով, տարաներով, շղթաներով նրանք մեր տանն էինՙ Կոմիտասի 16 շենքի 4-րդ հարկում: Չորս ջահել, կորովի տղաներ, որոնք առանց խուճապի իրենց գործն էին անում: Ամենակրտսերը շղթայով օղակը ոտքերից հագավ, ամրացրեց գոտկատեղին եւ անհետացավ: Մի քանի րոպե անց իմ բնակարանի դուռը ներսից բացվեց: Ինչպե՞ս էր 4-րդ հարկի փակ եվրոպատուհանըՙ առանց ապակին կոտրելու բացել, մտել բնակարան, մնաց հանելուկ: Հարեւաններս ոգեւորված հյուրասիրություն էին առաջարկում եւ դրամ, իսկ նրանք հրաժարվեցին: Եթե չտեսնեի, չէի հավատա, թե մեր օրերում այդքան անշահախնդիրՙ ժողովրդին իսկական ծառայողներ կան: Վերջին պահին խնդրեցի գոնե իրենց անուն,ազգանուններն ասել: Արտակարգ իրավիճակների նախարարության Հատուկ փրկարարական աջակցության կենտրոնի 19-րդ ջոկատ. Կապիտաններՙ Արմեն Ներսիսյան, Վարազդատ Սեդրակյան Ենթասպաներՙ Տիգրան Մարկոսյան, Գարիկ Ստեփանյան Օրհնյալ լինեն ժողովրդին իսկական ծառայող հոգիները: Շնորհակալություն: |