ՆԵՐԳԱՂԹԻ ԱԼԻՔԸ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԴՈՒՄ Է ԶԻՆՎԵԼ Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ Եվրոպան վերջերս ցնցվում է ներգաղթյալների եւ տեղական բնակչության բախումներից: Ավելի ու ավելի հաճախակի են դարձել սառը եւ հրաձգային զինատեսակների կիրառության դեպքերը: Տարատեսակ զենքերի պահանջարկը հասել է աննախադեպ չափերի: Այս իրարանցման գլխավոր պատճառն այն է, որ Եվրոմիության երկրների իշխանությունները չեն կարողանում երաշխավորել իրենց քաղաքացիների անվտանգությունը: Ուստի վերջիններս պատրաստվում են ինքնուրույնաբար հետ մղել եկվորների հնարավոր հարձակումները: Եվրոպացիների ինքնապաշտպանության եղանակները տարբեր երկրներում ունեն իրենց յուրահատկությունները: Մարմանդ ջրում Ավստրիան իրավամբ համարվում է Եվրոմիության ամենից հանգիստ, խաղաղ եւ բարեկեցիկ երկրներից մեկը: Սակայն անցյալ տարվա ամռանը եւ աշնանը հենց այդ ալպյան հանրապետությունը հայտնվեց Մերձավոր Արեւելքից եկած հարյուր հազարավոր գաղթականների ճանապարհին: Հոկտեմբերին Լինց քաղաքի Հանրային կարծիքի հետազոտման ինստիտուտի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ ավստրիացիներն ամենից շատ վախենում են մահմեդական գաղթականների զանգվածային ներհոսի հետեւանքով հասարակության հնարավոր իսլամացումից եւ հանցագործությունների աճից: Փարիզի նոյեմբերյան ահաբեկչությունները միայն խորացրին ավստրիացիների տագնապները, իսկ այն հաղորդումերը, որ Զալցբուրգում (Մոցարտի ծննդավայրում) ձերբակալվել են այդ ահաբեկչությունների հետ կապված կասկածյալներ, լցրին համբերության բաժակը: Եվրոմիությունում զենքի առեւտրի հարցում Ավստրիան ունի առավել ազատական օրենքներ, եւ ավստրիացիները սկսեցին զանգվածաբար հրազեն ձեռք բերել: Երկրի զինախանութների վաճառասեղանների վրայից բառացիորեն սրբում-տանում էին որսորդական եւ կոտորակային հրացանները: Պահանջարկը էլ ավելի էր ծավալվում այն պատճառով, որ ոչ ակոսավոր զենքի գնման իրավունքը կարելի է ձեւակերպել հետին թվովՙ գնմանը հաջորդող չորս շաբաթվա ընթացքում: Ակոսավոր զինատեսակների (ատրճանակներ, ռեւոլվերներ, բազմալիցք եւ ինքնալից հրացաններ, կիսաավտոմատ զենք) շուկայում նույնպես իրարանցում է տիրում: Զենքի արտոնագրի ստացման քննությունները սովորաբար անցկացվում են հինգ շաբաթը մեկ, բայց պահանջարկի աճի պատճառով ներկայումս անցկացվում են ամեն շաբաթ: Զենքի գնումների հարցում կանայք առաջին շարքերում են: Նրանց գլխավոր պատճառաբանությունն այն է, որ զինված վիճակում ավելի հեշտ է պաշտպանվել հարձակումներից: «Լենտա.ռու» կայքի տվյալներով, Ավստրիայում մեկ տարվա ընթացքում վաճառվել է 70 հազար փողային զենք: Երկրի ութուկես միլիոնանոց բնակչության ձեռքին ներկայումս կա 900 հազար միավոր հրազեն: Լեռնային հրաձիգներ Շվեյցարացիները եւս սկսել են ոգեւորությամբ համալրել տնական զինանոցները: Շվեյցարիայի Համադաշնությունում գործում է ընդհանուր օրենք, որը 18 տարին լրացած քաղաքացիներին իրավունք է տալիս ձեռք բերելու ինչպես քաղաքացիական, այնպես էլ բանակային զենք: Շվեյցարիայի քաղաքացիություն ունեցող եւ զինծառայության համար պիտանի ճանաչված 19-31 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են ծառայել զինված ուժերում: Դրանից հետո նրանք ամեն տարի մասնակցում են հավաքների եւ վերապատրաստում են անցնում: Նրանք իրենց ինքնաձիգներն ու հրացանները պահում են տներում: Չնայած տնային պատկառելի զինանոցների գոյությանը, անցյալ տարեվերջին Շվեյցարիայի 12 կանտոններում զենքի վաճառքն ավելացավ միջինը 20 տոկոսով, իսկ Վո կանտոնումՙ աննախադեպ 70 տոկոսով: Հասկանալի է, որ դա փարիզյան ահաբեկչությունների արաձագանքն է: Համադաշնությունը Եվրոմիության անդամ չէ, բայց մասնակցում է Շենգենի համաձայնագրին, եւ ներգաղթյալները որոշակի հմտություններ բանեցնելով կարողանում են հատել երկրի սահմանները: Աշխարհի ամենաչեզոք պետության բնակիչների երկյուղները խորացան ամանորյա տոների ժամանակ Ցյուրիխում (ինչպես Գերմանիայում) կանանց վրա կատարված հարձակումներից: Գերմանական կարգուկանոն 2002 թ. ապրիլին Գերմանիան փոփոխություններ կատարեց զենքի հետ կապված օրենքում: Կանոնները կտրուկ խստացվեցին: Դա կապված էր պատերազմող բալկանյան երկրներից Գերմանիա թափանցած «գորշ» ու «սեւ» զենքերի թվի աճի եւ Արեւելյան Եվրոպայից բերված զենքի մաքսանենգության հետ: Տարբեր տվյալների համաձայն, այդ ժամանակ Գերմանիայում հայտնվել էր մինչեւ կես միլիոն չգրանցված փող: Մինչեւ օրս հայտնի չէ, թե այդ զենքերից քանիսն են առգրավվել եւ քանիսն են մնում գաղտնի զինանոցներում: Զենքի հետ կապված գերմանական օրենքները Եվրոպայի ամենախիստ օրենքների շարքում են: Օրինակ, ապօրինաբար բանակային զենքի փամփուշտներ պահելը պատժվում է մեկ տարվա բանտարկությամբ: Գերմանացիներն օրինապահ ժողովուրդ են, ուստի զինվում են թույլատրելի զինատեսակներով: Առաջին հերթին դրանք ինքնապաշտպանության ոչ մահացու միջոցներն են: Քյոլնում Ամանորի գիշերը կանանց վրա կատարված հարձակումներից հետո գերմանացի տնտեսագետ եւ լրագրող Դիրկ Մյուլլերը YouTube-ի իր էջում գրեց, որ էլեկտրաշոկերներ եւ գազաբալոնիկներ վաճառող գերմանական խանութները դատարկվել են, եւ դրանց տերերը չեն հասցնում համալրել տեսականին: «Ինքնապաշտպանության միջոցները անմիջապես գնում են ոչ թե նացիստները, այլ հասարակ քաղաքացիները, կենսաթոշակառուները», արձանագրեց Մյուլլերը: Ի դեպ, գազաբալոնիկներ ձեռք բերած գերմանացիները գանգատվելու պատճառ չունեն: Վիճակը միանգամայն ուրիշ է հարեւան Դանիայում: Այնտեղ վերջերս բռնաբարության փորձ կատարվեց Սեններբորգ քաղաքի մի 17-ամյա բնակչուհու նկատմամբ: Աղջիկը գազաբալոնիկից գազ ցայտեցրեց հարձակվողի դեմքին, որն արտասվելով փախուստի դիմեց: Իսկ աղջիկը դատական կարգով պարտավոր է 500 կրոն (մոտ 75 դոլար) տուգանք վճարել, քանի որ Դանիայում գազաբալոնիկների օգտագործումն արգելված է: Սկանդինավյան տաքարյուն տղաներ Ռուսասատանի սահմանամերձ նորվեգական քաղաքներում տարեսկզբին արձանագրվեց հրազենի վաճառքի մոտ 50 տոկոսանոց աճ: Եվ դարձյալ ամեն ինչի պատճառը գաղթականների զանգվածային ներհոսն է, տվյալ դեպքումՙ Ռուսաստանի տարածքից: Տեղական իշխանությունները հաղորդեցին. «Բնակիչները դժգոհում են Սբ. Ծննդյան տոնի եւ քրիստոնեական այլ տոների ժամանակ որոշ գաղթականների դրսեւորած անվայել պահվածքից: Բացի դրանից, շատացել են գաղթականների հետ վեճերի ժամանակ զենքի կիրառման դեպքերը»: Նորվեգիայի օրենսդրությունը թույլատրում է ունենալ հրազենի տարբեր տեսակներ, բացի ինքնաձիգից: Ատրճանակ կամ ռեւոլվեր ձեռք բերելու համար հարկավոր է առնվազն կես տարի պարապել հրաձգության ակումբում, իսկ գնումը կատարելուց հետո երբեմն մասնակցել մրցումների: Սակայն Նորվեգիայի որոշ շրջաններում բնակչությունը ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է զենք ունենալ: Մասնավորապես Շպիցբերգեն արշիպելագի կղզիներում ապրող դպրոցականներին եւ ուսանողներին 2007 թ. արգելվել բնակավայրերից հեռանալ առանց զենքի ու զինամթերքիՙ սպիտակ արջերի հարձակման վտանգի պատճառով: Սակայն այսօր Նորվեգիայում գլխավոր վտանգը նոր Բրեյվիկների հայտնվելն է: Գաղթականների զանգվածային ներհոսի պայմաններում հնարավոր են նորվեգացի ծայրահեղ աջերի նախահարձակ գործողություններ: Պետանվտանգության ոստիկանությունում կարծում են, որ ազգային անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգը ներկայումս ոչ թե արմատական իսլամիստների ներթափանցումն է, այլ հենց ծայրահեղ աջ ուժերի վերաշխուժացումը: Անտոն Չեխովի հայտնի ձեւակերպման համաձայն, եթե պիեսի առաջին գործողության մեջ պատից հրացան է կախված, ապա վերջինում այն պետք է կրակի: Ներկայիս եվրոպական դրամայի առաջին արարում զենքն արդեն կախված է պատից: |