RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



Տեղադրվել է` 2016-02-27 19:00:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1564, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի տարբերություն լրատվամիջոցների, կուսակցությունների շատըՙ լավ չէ, քանի որ եթե լրատվամիջոցների առատությունը նշանակում է բազմակարծություն, ապա կուսակցությունների առատությունը նշանակում է պառակտում: Բայց այս ամենըՙ որպես կանոն: Իրականում մեր երկրում լրատվամիջոցների շատ լինելն էլ լավ չէ, քանի որ այն չի ապահովում բազմակարծություն, այլ ձեւավորում է լրատվականների թայֆայություն: Եւ ամեն նոր բացված լրատվամիջոց ԱԺ-ում ընտրված կուսակցության նման ի սկզբանե հայտարարությամբ է հանդես գալիսՙ ինքը ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանական, եթե ընդդիմադիր է, ապա իսկակա՞ն ընդդիմադիր է, թե՞ իշխանության խամաճիկ, եթե իշխանության խամաճիկ է, ապա իշխանության ո՞ր կոնկրետ թեւի... Մի խոսքով, Հայաստանում խրախուսվում է միայն մի բանի առատությունՙ փողի՛, ավելի ճիշտՙ փողատերերի, քանի որ շատ փող Հայաստանում կա, Հայաստանում շատ փողատերեր չկան:

Կարծում եմ, որ ամեն նոր բացված կուսակցություն իր ուշադրության կենտրոնում հենց այս հարցը կամ նախ եւ առաջ այս հարցը, թեկուզՙ նաեւ այս հարցը պետք է պահի: Այսինքն, եթե մեկը Հայաստանում կուսակցություն է բացում, որպեսզի Հայաստանում լայն տարածում ստանան լիբերալ արժեքները, մյուսն էլ բացում է, որ պահպանողական գաղափարախոսությունը վերջնականապես հիմնավորվի այս երկրում, ապա միայն այսքանով իմաստ չունի կուսակցություն բացել, քանի որ իմաստ չունի այսօրվա ժողովրդին բացատրել, թե ի՞նչ է լիբերալիզմը եւ ի՞նչ է պահպանողականությունը, կամ սոցիալիզմը: Ե՛ւ գիտեն, ե՛ւ տեսել են, ե՛ւ հոգնել են: Հետեւաբար կուսակցության, գոնե նոր բացվողների հիմնական առաքելությունը պետք է ոչ այնքան գաղափարախոսական լինի, ինչը մեր ժողովրդի մոտ թողնում է նույն ազդեցությունը, ինչ օրվա վերջին դասախոսությունըՙ սիրահարված ուսանողի մոտ, այլՙ ժողովրդի կենսամակարդակի վրա էական ազդեցություն ունենալու նախ նպատակը, ապա ցանկությունը, ապա ռեսուրսները: Չունե՞ք, կամ միայն նպատակն ունեք եւ ցանկությո՞ւնը, բայց ռեսուրսները չունե՞ք, ապա բարի եղեք եւ մի՛ բացեք նոր կուսակցություն, մանավանդ որ հրաշալի նպատակներով եւ էլ ավելի հրաշալի ցանկություններով բազմաթիվ կուսակցություններ արդեն ունենքՙ մեկը մեկից գեղեցիկ անվանումներով:

Մյուս կողմից, իհարկե, բնակչության կենսամակարդակի բարձրացումը օրվա իշխանության խնդիրն է, հետեւաբար այն չի կարող առանձին, մանավանդ ընդդիմադիր կուսակցությունների համար առաքելություն լինել: Այսինքն, եթե մարդիկ վատ են ապրում, դրանում պատասխանատուն ոչ թե, ենթադրենք, նորաբաց «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունն է, այլ գործող իշխանությունը: Խնդիրն այն է, որ եթե այդ թվում «Հայկական վերածնունդը» չունի մարդկանց ավելի բարեկեցիկ դարձնելու համոզիչ նպատակ, ցանկություն եւ ռեսուրս, ուրեմն օրվա իշխանությանը այլընտրանքը չի կարող հանդիսանալ, եւ անգամ քննադատելու իրավունք չունի, քանի որ, երբ քննադատում ես, կամ մերժում, առանց ներկայացնելու այլընտրանքդ, ապա արածդ ամբոխավարություն է, միմիայն մարդկանց սրտից խոսելու ցանկություն, իսկ այսօրվա մարդկանց համար բավարար չէ միայն իրենց սրտերից խոսելու վարպետություն, մանավանդ երբ դրանով փայլում են ամբոխավարության հին վարպետները:

Եւ ուրեմն ո՞վ իրավունք ունի կուսակցություն բացելու. ըստ օրենքիՙ բոլորը, եթե, իհարկե չափահաս են, հոգեկան խանգարում չունեն (նախքան կուսակցություն բացելը եւ հայաստանյան քաղաքական դաշտ մտնելը, հետոՙ ոչինչ), եւ հստակ ձեւակերպված գաղափարախոսություն եւ կուսակցական ծրագիր ունեն եւ համախոհների թիմ: Այսինքն, օրենքը մեր թաղի Էդոյին չի արգելում կուսակցություն բացել, քանի որ նա չափահաս է, հոգեպես խանգարված չէ, հստակ ձեւակերպված գաղափարախոսություն ունի (թեկուզՙ վիճելի-անընդունելի), էս երկիրըՙ երկիր դարձնելու ծրագիր ունի եւ լուրջ շրջապատ: Չնայած չի աշխատում, վարժ անգամ հայերենին չի տիրապետում, բակի խանութին ահագին պարտք է, բայց ոչ թե որովհետեւ փող չունի, այլ քանի որ ինքը «ձրի վեկալող ա»: Փառք Աստծո, որ Էդոն ցանկություն չունի կուսակցություն բացելու, ի դեպ, մի անգամ նա ինձ ասաց, որ ինքը նման ցանկություն չունի, քանի որՙ «չեմ ուզում կեղտոտվեմ էտ պալիծկայի մեջ, ախպերս»:

Բայց սաՙ Էդոն, շատերը հո ուզո՞ւմ են, եւ չէ՞ որ շատերը կուսակցություն են բացում հենց այս գեթ մի պատճառով, որովհետեւ ուզում են: Հետո դուրս են գալիս կուսակցութունից էլ, քաղաքականությունից էլ, որովհետեւ էլ չեն ուզում, մի խոսքովՙ ուզո՞ւմ ենՙ բացում են, չե՞ն ուզումՙ փակում են, իրե՞նց են ուզում, մտնում են այնտեղ, որտեղից ուզում են, էլ չե՞ն ուզում, դուրս են բերվում: Մի խոսքովՙ Էդոն ճիշտ է ասում...

Չորեքշաբթի օրը ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ Վարդան Օսկանյանն իրավունք ունի կուսակցություն բացելու, քանի որՙ «Պարոն Օսկանյանն այնքան գիտակ է Հայաստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին եւ ընդհանրապես իրավիճակին, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու»:

Գիտեք, եթե երկրի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին եւ, ընդհանրապես, իրավիճակին, եւ մի քանի օտար լեզուների գիտակ լինելը իրավունք է տալիս կուսակցություն ստեղծելու, ապա այդ իրավունքը նաեւ Ռոբերտ Քոչարյանն ունի, օրինակ, չնայած եթե Քոչարյանը օգտվիՙ կուսակցություն բացելու իր իրավունքից, հազիվ թե Օսկանյանն իրենը բացի:

Այնպես որ մենք հրաշալի երկրում ենք ապրում, որտեղ կուսակցություն բացելու իրավունքը պայմանավորված է ներքին կյանքին եւ արտաքին հարաբերություններին եւ առհասարակ իրավիճակին գիտակ լինելու հանգամանքով, կամ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու ցանկությամբ եւ ռեսուրսներով, առավել եւսՙ օտար լեզուների իմացությամբ, կամ, ենթադրենք, երաժշտական առնվազն մեկ գործիքի վրա նվագել կարողանալու ունակությամբ, այլ այդ իրավունքն ունեն եւ նախկին նախագահը, եւ նախկին ԱԳ նախարարը, եւ Ազգային անվտանգության նախկին քարտուղարը եւ... մեր թաղի Էդոն: Պարզապես նախկին նախագահն ու մեր թաղի Էդոն չեն ուզում: Իսկ դուք ուզո՞ւմ եք... Նկատի չունեմՙ կուսակցություն բացել, նկատի ունեմ, որ բոլորն ունենան կուսակցություն բացելու իրավունք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ