ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԿԿԱՆԳՆԻ ՉՈՐՍ ԱՄՍՈՎ, ԻՍԿ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼՍԱԿԱԳԻՆԸ ԳՈՒՑԵ ՆՎԱԶԻ Մ.Խ. Ատոմակայանը 2017 թվականին կանգնելու է ոչ թե նորմատիվով նախատեսված 35 օր, ինչպես ամեն տարի է տեղի ունենում, այլ նորմատիվային կանգից հավելյալ եւս 90 օր, այս մասին երեկ խորհրդարանում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Պատճառը ատոմակայան փակումը եւս տասն տարի հետաձգելու եւ այդ առթիվ միջոցառումների իրակացման անհրաժեշտությունն է: Այսինքն` հաջորդ տարի չորս ամսից ավելի մենք ատոմակայանի էժան` չորս դրամանոց էներգիան գարնանից չենք ստանա: Թե ինչ հետեւանքներ կունենա դա, որքան լրացուցիչ բեռ կբերի էլեկտրաէներգիայի սակագնի վրա` դեռ հաշվարկների խնդիր է, ինչպես եւ այն, թե արդյոք դա չի՞ բերի հովհարային անջատումների: Իսկ այս տարի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին կարելի կլինի խոսել ապրիլի վերջին միայն, երբ կորուստների այժմ առկա նվազումը վերջնականապես կհաշվարկվի: Ի դեպ` Ռ. Նազարյանը նաեւ հայտնեց, որ ՌԴ-ի հետ գազի սակագնի նվազեցման վերաբերյալ բանակցություններ են ընթանում, որոնց վերաբերյալ դրական արդյունքի առումով նա լավատես էր: |