RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



Տեղադրվել է` 2016-02-27 19:00:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 3734, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԵՐԵՎԵԼԻ ՄԱՐԴՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ

Ուսուցչապետ, եզակի մտավորական Պետրոս Հովհաննիսյանը խոսքի եւ գրի լուսաշխարհից անսպասելի տեղափոխվեց հավիտենական քնի եւ լռության աշխարհ: Միանգամից, առանց նախազգուշացման, առանց հրաժեշտի խոսքի:

Լուսաշխարհում նա տքնեց, արարեց, ուսուցանեց ընդամենը 71 տարի: Գնացՙ թողնելով պատմագիտական, աղբյուրագիտական, մատենագիտական պատկառելի ժառանգություն, օրինակելի ընտանիք, համակիրների եւ ուսանողների անհաշիվ բանակ:

Զարմանալի հայ մարդ ու գիտնական էր Պետրոս Հովհաննիսյանը. օժտված էր բնիկ հայի առասպելական աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ,- սարի պես կանգուն էր ու զորեղ, մանկան պես փխրուն ու անմիջական:

Պետրոս Հովհաննիսյանը հասկանալի մարդ էր ու գիտնական. հասկանալի էին նրա գրիչը, խոսքը, համոզմունքը, պահվածքը, շարժուձեւը,- արծաթասեր, պաշտոնամոլ ու շահամոլ չէր,- հենց դրա համար էլ դարձել էր ուսանողության պաշտելին, գործընկերների եւ շրջապատի սիրելին:

Նա խստության եւ ներողամտության համադրություն էր,- խիստ էր գիտնականի պես, ներողամիտ էր ուսուցչի եւ ծնողի պես:

Նա գիտելիքով ծանրաբեռն էր եւ կատարելապես տիրապետում էր հայերենին ու մարդկային հոգու եւ խղճի լեզվին,- ահա նրա մեծ հեղինակության ու հաջողությունների բանալին:

Մեր մատենագիրների եւ գրիչների նման պաշտում էր գիրքը, փաղաքշում, գուրգուրում էր տպագիր խոսքը: Գիրքը ձեռքն առնում էր հացի պես,- վստահ էր, հավատում էր, որ հայի մեր տեսակի հարատեւության գաղտնիքը գիրքն էՙ հոգեւոր պահեստարանը,- եւ մեղվի նման ջանադիրՙ հավաքում, գտնում, կուտակում էր գիրք գրքի կողքին, շարում էր զինվորների պես, գծագրում, շինում էր հայագիտական ընտիր հրատարակությունների գրադարան-բանակ,- համոզված էրՙ ապագա բոլոր պատերազմներում հաղթանակ է տոնելու այն բանակը, որը զինված է հոգեւոր զենքով. եւ Պետրոս Հովհաննիսյանի ստեղծած գրադարան-բանակը մեզանում ամենաարդիականն է ու ամենամարտունակը: Ասել է թեՙ մեր ապագա բոլոր ճակատամարտերին մասնակից է լինելու գրքերի աշխարհի տիրակալ Պետրոս Հովհաննիսյանը:

Ուստի նա, 40 տարվա դասախոսական աշխատանքին զուգահեռ, անդադրում ստեղծում, ստեղծագործում էր գրքեր, դասագրքեր, մատենագիտություններ, քրեստոմատիաներ, գրում էր գրքերի առաջաբաններ, վերջաբաններ, անթերի ծանոթագրում էր, մամուլումՙ գրախոսություններ, կազմում էր դասական հայ պատմաբանների աշխատությունների ժողովածուներ, որոնց պսակը, անկասկած Նիկողայոս Ադոնցի վեցհատորյակն է (ցավոք, հրատարակված չտեսավ իր այնքան փայփայած 7-րդՙ նամակների հատորը):

Համալսարանից, Մայր աթոռի հոգեւոր ճեմարանից, գրքից-գրադարանից վեր նա ընտանիքի մարդ էր,- իր ազնվական կնոջՙ Անիի եւ զավակների հետ ստեղծել է ամրոցատիպ մի եզակի ընտանիք, որ չափազանց նման է փոքր, կառավարելի, բարեկեցիկ, հասկանալի, հայախոս ու հայածես պետության,- հայկական յուրաքանչյուր ընտանիք բազմապետության- հզոր պետության հիմնասյունն է:

Բարեխիղճ էր ու չափազանց կարգապահ. «Հայագիտակ»-ում համատեղ հրատարակել ենք «Ամենայն հայոց կաթողիկոսներ» պատկերագիրքը, Ղ. Ալիշանի կոթողային երեք հատորները, Ն. Ադոնցի «Հայկական հարցը», «Հայաստանի ոսկեհանքը», «Երեւելի հայերը», Հրանտ Արմենի «Փառանձեմը», իր կենսամատենագիտությունը եւ անշուշտ «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին» հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն եւ պարսկերեն, ինչպես նաեւ «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի եւ հայերի մասին հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» գրքերը: Կազմողիցս առավել ջանք ու եռանդ էր թափում, ստուգում էր, ճշգրտում, ծանոթագրում. նրա համար էականը նոր գրքի ծնունդն էր, եւ ծնողի պես հրճվում էր նորածինի գալստյամբ:

Ծրագրել էինք միասին հեղինակել եւ հրատարակել «Ժամանակագրություն Հայոց պատմության» մեծադիր հատորը. գրեթե ամեն օր քննարկում էինք գրքի ընդգրկումներն ու կառուցվածքը,- եթե Աստծո օրհնությամբ առաջիկայում լույս տեսնի Ժամանակագրությունը, ապա նրա եզրափակող նախադասությունը կլինի հետեւյալը.

2016թ. 22 փետրվարի. կյանքից հեռացավ եւ անմահացավ այս գրքի մտահղացողներից մեկըՙ պատմաբան, ուսուցչապետ Պետրոս Հովհաննիսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ