ՔԵՐՐԻՆ ՄՈՍԿՎԱ Է ԳՆԱՑԵԼ ԿԻԹԱՌՈՎ ԵՎ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվա է գնացել կիթառով: Ըստ որոշ աղբյուրներիՙ Քերրին կիթառը նվեր է բերել դրա սիրահար Սերգեյ Լավրովին, որն, ի դեպ, մի քանի օր առաջ նշում էր իր ծննդյան օրը: Սակայն ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ստանձնելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչի դերը, հայտարարել է, որ Քերրին կիթառը Լավրովի համար չի բերել, պարզապես պարոն պետքարտուղարը անձնական կիթառ ունի եւ երբ ճանապարհորդում է այն միշտ վերցնում է իր հետ: Ի դեպ, Զախարովան նաեւ որոշ մանրամասնություններ է հայտնել Լավրով-Քերրի հանդիպումից: Ըստ այդմՙ ԱՄՆ պետքարտուղարը նախ շնորհավորել է Լավրովին, ծննդյան օրվա կապակցությամբ եւ ասել. «Ուզում եմ, որ քեզ (նկատի ունի Լավրովին) այս ամսաթիվը լրացուցիչ իմաստնություն հաղորդի այս բանակցությունների անցկացման գործում: 39 տարեկանի համար դու հոյակապ տեսք ունես»: Լավրովը պատասխանել էՙ «Շնորհակալ եմ, Ջոն, եթե իմաստությունը տարիքով չափեին, ապա ես քո հետեւից չէի հասնի»: ԱՄՆ պետքարտուղարը, սակայն, արձագանքել է. «Ամենակարեւորն այն է, որ ավագներին հարգես»: Նշենք, որ այս տարի Լավրովը արդեն դարձավ 66 տարեկան, իսկ Քերրին կդառնա 73 տարեկան: |