Ո՞Վ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ Gallup International կազմակերպությունը հարցում է անցկացրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերաբերյալՙ պարզելու նրա ժողովրդականության եւ հանրահայտության մակարդակը: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ֆրանցիսկոս պապն աշխարհում ավելի հանրահայտ է եւ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան աշխարհի որեւէ քաղաքական առաջնորդ: 64 երկրներում անցկացված հարցման արդյունքներից պարզ է դարձել նաեւ, որ Պապը առավել մեծ ժողովրդականություն է վայելում, իհարկե, կաթոլիկների եւ հրեաների շրջանում: Ուշագրավ է, որ Ֆրանցիսկոս պապի մասին դրական են խոսել նաեւ բողոքականները, աթեիստները եւ ագնոստիկները: Մյուս կողմից, Պապն ամենացածր վարկանիշն ունի Թունիսում, Թուրքիայում եւ Ալժիրում, իսկ, օրինակ, Ադրբեջանում, հարցմանը մասնակից մարդկանց մեծամասնությունը գրեթե ոչինչ չի լսել Ֆրանցիսկոս պապի մասին: Այսինքն, երբ Բաքվում, Թուրքիայի հետ միասին, Վատիկանում հենց Ֆրանցիսկոս պապի մատուցած Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված պատարագի հետ կապված բողոքում էր Վատիկանին, չգիտեին, թե կոնկրետ ո՞ւմ է ուղղված իրենց բողոքը: |