RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



ԵՐԿՈՒ ՉԱՓ, ԵՐԿՈՒ ԿՇԻՌ

Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4467, Տպվել է` 315, Ուղարկվել է էլ.փոստով` 292

ՔՈՒԹԱԲՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՔԱՖԻՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՖԻԴԱՅԻ ԵՆ ԿՈՉՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հնարավո՞ր է արդյոք ավարտել որեւէ բուհի որեւէ ֆակուլտետ, ենթադրենքՙ արաբագիտության, եւ ոչ միայն արաբագետ չդառնալ, արաբերեն չսովորել, այլեւ մոռանալ այն ամենն, ինչ սովորել ես: Կարծում եմ, որ հնարավոր է: Նախ արաբերենը դժվար լեզու է, այն սովորելը ոչ բոլորին է տրվում, երկրորդը արաբագիտության ֆակուլտետ ընդունվածներից ոչ բոլորն են ուզում արաբագետ դառնալ, երրորդըՙ շատերը բուհ են ընդունվում ուսանող լինելու համար, ոչ թե մասնագետ դառնալու, եւ վերջապես չորրորդըՙ ներկայի ծանրաբեռնվածությունն ու ապագայի սպառնալիքը, հենց սպառնալիքը հաճախ շատերին ստիպում է մոռանալ անցյալը, մանավանդ որ այդ անցյալը եւ անցյալում ձեռք բերած գիտելիքները, պարզվում է, ո՛չ ներկայի ծանրաբեռնվածության թոթափման գործում են օգնական, ո՛չ էլ ապագայի սպառնալիքներն են ցրում:

Եւ քանի որ սա հնարավոր է, ուրեմն հնարավոր է նաեւ, որ ինչ-որ մահմեդական դուրս գա Քութաբից (դպրոց, որտեղ ուսուցանվում է Ղուրանը) եւ դառնա քաֆիր («անհավատ» կամ «անհավատարիմ», որը մերժել է Ղուրանի պատգամը) : Բայց սա խնդիր չէ, ավելինՙ ինչ-որ առումով նույնիսկ լավ է, քանի որ երբ դու մերժում ես այն, ինչը սովորել ես, երբեմն դա նպաստում է առաջընթացին, համենայն դեպս նպաստել է, եթե իրենց սովորածը մերժողներ որպես դիտարկենք Գալիլեյո Գալիլեյին կամ Ջորդանո Բրունոյին: Այ, երբ Քութաբներից դուրս եկած քաֆիրները չեն գիտակցում, որ իրենք քաֆիր են դարձել, ավելինՙ իրենց եւ իրենց արածը ընկալում են որպես ֆիդայություն (ֆիդայինՙ իսլամի համար իր կյանքը զոհաբերելու պատրաստ զինվոր), սա արդեն խնդիր է, ավելի ճիշտՙ խնդիրը հենց սա է: Երբ քութաբավարտ հավատացյալները չեն գիտակցում, որ իրենք ֆիդայի չեն, իրենց արածը ֆիդայություն չէ, քանի որ իրենք քաֆիր են դարձել, իրենց քաֆիր են դարձրել: Ղուրանում հո գրվա՞ծ չէ, որ գնա եւ Փարիզում, Բրյուսելում... մարդկանց սպանիր, Ղուրանում հո գրված չէՙ սպանիր: Ղուրանում գրված էՙ հանուն իսլամի կյանքդ տուր, բայց հո գրված չէ՞, որ նախքան կյանքդ տալըՙ ուրիշներինը խլիր: Ուրեմն նա ով սպանում է, քաֆիր է: Եւ Ղուրանը չէ, որ այս մարդկանց քաֆիր է դարձնում, դարձնողներն են դարձնում, նրանք, որոնց նպատակն ամենեւին էլ անհավատների դեմ «սրբազան պատերազմը» չէ, նրանց խնդիրը քաղաքական է, քաղաքական-տնտեսական է, կրոնական չէ, կրոնը գործիք է, որով Քութաբից դուրս եկածին համոզում են, որ ինքը ֆիդայի դառնա, առանց բացատրելու, որ քաֆիրությամբ ֆիդայի չեն դառնում:

Եւ ուրեմն, ինչպես հիմա են ասումՙ քաղաքակիրրթ աշխարհի խնդիրը իսլամը չէ, Ղուրանը չէ, Քութաբները եւ այնտեղ սովորողները եւ այնտեղից դուրս եկածները չեն, ֆիդայիներն էլ չեն, խնդիրը ներշնչողներն են, նենգափոխողներն են, Ղուրանը հրաշալի իմացողներն են, եւ այդ պատճառով էլ Ղուրանը հրաշալիորեն օգտագործողներն են: Այսինքն մահմեդական են, բայց կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ մաքուր մահեդականներ էլ կան, որոնց համար ֆիդայությունը այստեղ-այնտեղ պայթեցնելն ու ահաբեկելը չէ, այլ Ղուրանի վրա տքնելը, Ղուրան տարածելըՙ Ղուրանը ձեռքին, ոչ թե զենքը: Այս մարդկանց առկայությունն ամենակարեւորն է, քանի որ նրա՛նք պետք է այս հարցը լուծեն, քանի որ ոչ մի կոալիցիա, ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի Արեւմուտք, անգամ եթե Արեւմուտք անվանենք Ճապոնիայից արեւմուտք ընկած բոլոր երկրները, այդ թվումՙ Ճապոնիան, իր ոչ մի հարվածով, ոչ մի պատժամիջոցով, ոչ մի օրենսդրական խստություն սահմանելով այս հարցը չի լուծելու, այս հարցը լուծելու են իսկական մահմեդականներըՙ իրենց ներսում, իրենց շարքերը մաքրելով, իրենց ներսում, իրենց շարքերում Ղուրան տարածելով, բացատրելով, ապացուցելով, փաստարկներով, որ Ղուրանը մարդասպանության կոչ չէ: Եւ երբ յուրայինները, հավատացյալները Քութաբից դուրս եկած անփորձ միամիտներին սա բացատրեն, Քութաբներից էլ քաֆիրներ դուրս չեն գա: Եւ, եթե այս գործի համար իսկական մահմեդականների կյանքը չի բավականացնի, հոգ չէ, հոգ չէ, քանի որ սա հենց ֆիդայության տեղ է, ավելի ճիշտՙ ֆիդայության տեղը հենց սա՛ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ