ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ԵՎ ՎԻՆՍՏՈՆ ՉԵՐՉԻԼԸ Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին Վինստոն Չերչիլի մահվան 50-ամյակի կապակցությամբ հատուկ միջոցառում է կազմակերպվել լոնդոնյան «Սոթբի» աճուրդային տան սրահում, որի ընթացքում աճուրդի են հանվել խմիչքների, սիգարների եւ հագուստի Չերչիլի նախասիրած «բրենդները»: Ուշադրության կենտրոնում են եղել, ինչպես նշել է լոնդոնահայ կրթական գործիչ, խմբագիր Ասատուր Կյուզելյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 13-ի համարում, հատկապես հայտնի քանդակագործ Օսկար Նեմոնիՙ Չերչիլի արձանը եւ տասնամյակների հնության հայկական «Արարատ» բրենդիի (կոնյակի) շիշն իր ուրույն պատմությամբ: Տարիներ առաջ Քրիստիի աճուրդի տանը այդ շիշը 15+ հազար անգլիական ֆունդով վաճառվել էր: Համաձայն շշին ուղեկցած փաստաթղթերի, այն լցված է եղել Չերչիլին Ստալինի մատակարարած կոնյակի միեւնույն տակառից: Այդ բացառիկ շիշը Սոթբիին էր նվիրել ՀՀ նախկին վարչապետ եւ այժմ Մ. Բրիտանիայում ՀՀ դեսպան դոկտ. Արմեն Սարգսյանը: Այն ինչ կատարվել է աճուրդի օրը, գերազանցել է բոլորի ակնկալիքները: Յոթասունամյա հնությամբ շիշը վաճառվել է 120 հազար դոլարով: Աճուրդի մասնակիցները հիացական խոսքերով են արտահայտվել «Արարատ» կոնյակի, Հայաստանի եւ ընդհանրապես հայերի մասին: Իսկ ի՞նչ պայմաններում է առաջին անգամ Չերչիլը համտեսել հայկական կոնյակը հարցին Կյուզելյանը պատասխանում է. «Կինսՙ Վիվիենն ու ես հաճույքն ենք ունեցել երկար տարիներՙ սկսած 1960-ականների վերջերից վայելելու Չերչիլի դստերՙ Սառայի բարեկամությունը: Երբ առաջին անգամ մեր տուն եկավ, մեր հյուրասենյակում նկատեց «Արարատ» մակնիշի հայկական կոնյակի շիշը եւ զարմանքով նայելուց հետո ասաց. «1945-ից սկսած մինչեւ իր մահը հայրս այդ կոնյակն էր խմում: 1945 թվի Յալթայի փետրվարյան կոնֆերանսի օրերին մի օր ճաշից հետո Ստալինը հարցնում է Չերչիլին, թե ի՞նչ խմիչք է ցանկանում խմել: «Կուզենայի բրենդի խմել սիգարիս հետ», պատասխանում է Չերչիլը: Ստալինը նրան «Արարատ» կոնյակն է հյուրասիրում, լավագույն հայկական բրենդին: Չերչիլը «սիրահարվում» է խմիչքին եւ հարցնում, թե որտեղից կարող է ձեռք բերել դրանից մի քանի շիշ: Ստալինը Մ. Բրիտանիայում սովետական դեսպանին հրահանգում է վարչապետին ամեն ամիս մի արկղ (12 շիշ) «Արարատ» ուղարկել: Նույնիսկ հորս մահվանից հետո մենք շարունակում էինք ստանալ այդ արկղերը: Միայն մոտ 10 տարի անց նրա մահվանից դեսպանատանը ինչ-որ մեկը գլխի է ընկնում, որ այդ արկղերը արդեն վախճանված մարդու հասցեով են ուղարկվում եւ այդ օրվանից, դժբախտաբար, մենք դադարեցինք ստանալ հայկական այդ կոնյակները: Ես էլ էի շատ սիրում ըմպել դրանք»: «Այդ օրը ճաշից հետո սեղանին մնաց միայն «Արարատի» դատարկ շիշը», նախադասությունով ավարտում է իր հոդվածը Ասատուր Կյուզելյանը: |