ՕԲԱՄԱՅԻՆ ԿՈՒԲԱՅՈՒՄ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ԱՅՆ, ԻՆՉԸ ԽՆԴՐԵՑԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ԱՄՆ նախագահիՙ Կուբա կատարած պատմական այցի ժամանակ, երբ իր ամերիկացի գործընկերոջն ընդունել էր Կուբայի առաջնորդ Ռաուլ, իհարկե, Կաստրոն, ԱՄՆ նախագահը փորձել է տեսախցիկների առջեւ էլ ավելի պատմական դարձնել առանց այդ էլ պատմական պահը եւ գրկել է Ռաուլ Կաստրոյին: Սակայն Կուբայի առաջնորդը բռնել է ԱՄՆ նախագահի ձեռքըՙ այդպիսով թույլ չտալով գրկել իրեն: Արդեն հաջորդ օրը Օբաման Արգենտինայում էր, որտեղ նրա եւ ԱՄՆ առաջին տիկնոջ պատվին ընթրիք է մատուցվել, հենց որի ժամանակ էլ արգենտինական տանգո պարող պրոֆեսիոնալ զույգը Օբամա ամուսիններին հրավիրել է տանգոյի: ԱՄՆ նախագահը պարել է գեղեցկուհի արգենտինուհու հետ, իսկ վերջինիս զուգընկերըՙ գեղեցկուհի տիկին Օբամայի հետ: Այսպիսով այդ երկրում ԱՄՆ նախագահը հասավ իր ուզածին, նրան այդուհանդերձ գրկեցին: Բայց եթե ձեզ մի տեղ չեն գրկում, իսկ մեկ այլ տեղում էլ նետվում են ձեր գիրկն ու տանգո պարում, դեռ չի նշանակում, որ դուք ԱՄՆ նախագահն եք: |