ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Մայրաքաղաք Երեւանից հետո այս հոկտեմբերի 2-ին Գյումրիում, ինչպես եւ Վանաձորում առաջին անգամ համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները հայտնի են: Ի տարբերություն Վանաձորի, որտեղ տեղի ունեցավ քաղաքապետի փոփոխություն, Գյումրիում Սամվել Բալասանյանը կշարունակի որպես համայնքի ղեկավար պաշտոնավարել եւս մեկ ժամանակաշրջան: Այստեղ առավել թվով ձայներ ստացած, իր անունով կոչված դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետը նորընտիր ավագանու անդրանիկ նիստում առանց քվեարկության, օրենքի ուժով հայտարարվեց վերընտրված: Վանաձորում հանրապետական քաղաքապետին փոխարինեց մեկ այլ ՀՀԿ-ական, իսկ Գյումրիում կրկին ընտրվեց թեկուզ ոչ հանրապետական, բայց ՀՀԿ-ի սատարած եւ նրա ընտրացուցակով առաջադրված թեկնածուն: Բայց այս երկրորդ դեպքում մի հետաքրքրական նրբություն կար: Նշված ընտրացուցակը ՀՀԿ-ի անունով չէր կոչվում: Հավանաբար իշխանության վերին օղակներում նախապես հաշվարկել էին բազում անլուծելի մնացող խնդիրներից գլուխը վեր չհանող քաղաքում երկրի իշխող կուսակցության ընտրական ռեսուրսի արդեն մեկ անգամ երեւան եկած նվազման չափը, այդ պատճառով դաշինք էր մտածվել-ստեղծվել Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ եւ անունը դրվել «Բալասանյան դաշինք»... Ընտրակարգի օրենքով փոփոխությունից անկախ, գյումրեցի ընտրողի կողմնորոշումը դեռ ավելի շատ լինելու էր անձնավորված (իսկ գործող քաղաքապետի աշխատանքը բոլոր դեպքերում երեւում է), ինչը տվյալ դեպքում հիմնականում արդարացված հաշվարկ էր: Իսկ անցած ընտրությունը, նախապատրաստական շրջանով ու հետընտրական գործընթացներով հանդերձ, մեզ միշտ հայտնի ու կրկնվող գործընթաց էր, բացի մի կետից... Եվ այդտեղ էլ այս ընտրության դեռ շարունակություն խոստացող գլխավոր ինտրիգն է: Այն կապված է ոչ թե քաղաքապետի, այլ Գյումրու նոր ավագանու կառուցվածքի, ավելի ստույգՙ դրանում մանդատների բաշխման կիրառված սկզբունքի հետ: Իսկ դրա արմատը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում է: Ընտրական օրենսգրքի հոդված 141-ի 4-րդ մասով սահմանվում են այստեղ ավագանու ընտրությունների արդյունքներով քվեների հաշվարկի հիման վրա մանդատների բաշխման կարգը եւ դրա հետ կապված այլ հարցեր: Հստակ սահմանվում է, որ «Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւՙ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն»: Ըստ հրապարակված տվյալներիՙ Գյումրիում «Բալասանյան դաշինքը» ստացել է քվեների 34,64%-ը, ավագանիում տեղեր ստացած երեք կուսակցություններից ԲՀԿ-նՙ 20,70, «Հայկական վերածնունդը»ՙ 10,62 եւ ԳԱԼԱ կուսակցությունըՙ 10,49% ձայներ: Օրենքի այս կետով նախատեսվող հաշվարկով «Բալասանյան դաշինքը» քաղաքի նոր ավագանու 33 մանդատներից պետք ստանար 15-ը, ԲՀԿ-նՙ 9-ը, «Հայկական վերածնունդը» 5-ը եւ ԳԱԼԱ-նՙ 4-ը: Սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի նախնական «պարզաբանումից» հետո 34-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անցած կիրակի կայացրած որոշմամբ «Բալասանյան դաշինքին» տրվել է այդ հաշվարկից 2-ով ավելի, այսինքն 17 մանդատ կամ ավագանու բոլոր տեղերի կեսից ավելին, ԲՀԿ-ինՙ 8, «Հայկական վերածնունդին» ու ԳԱԼԱ-ինՙ 4-ական: Այս դեպքում հիմք է ընդունվել օրենսգրքում ժամանակին թերեւս որպես «պահեստային» տարբերակ ամրագրվածՙ նույն հոդված 141-ի 5-րդ մասը... որով սահմանված է, որ եթե նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնություն, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)... Այսպիսով ստացվում է քաղաքապետին հակակշիռ լինելու փոխարեն բացարձակ մեծամասնության առումով նրան նվիրված ու նաեւ հանրապետական իշխանության կողմից կառավարելի համայնքային ավագանի: Նաեւՙ միտված գալիք եւ հետագա համապետական ընտրություններին: Արդյո՞ք սա նաեւ երկրի ապագա կառավարչական մոդելն է նոր Սահմանադրության պայմաններում: Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին չեն մասնակցել նշված երեք կուսակցությունների ցուցակներով ընտրված 16 անդամները: Նրանք նաեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու են ՀՀ եւ եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում: Իսկ մինչ այդ շարունակելու են բոյկոտել ավագանու նիստերը: |