ՌԱԿ-Ը` ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ Հայ ավանդական կուսակցություններից Ռամկավար Ազատական կուսակցությունը նշում է իր հիմնադրման 95-ամյակը: Այս արժանահիշատակ տարեդարձը համընկել է Հայաստանի անկախության 25-ամյակի հետ, ու այս իմաստով այս համընկնումը խորհրդանշանական է հատկապես ՌԱԿ սփյուռքյան կառույցների այն որոշմամբ, որով վերջապես կուսակցությունը օրերս դարձավ հայաստանակենտրոն, Հայաստանից ղեկավարվող: Այդ որոշումն ընդունվել էր ՌԱԿ Վերականգնումի շարժման ներկայացուցիչների կողմից, ամրագրվել Երեւանում տեղի ունեցած ՌԱԿ 2-րդ (23-րդ) պատգամավորական ժողովում: Իսկ ահա անցած շաբաթավերջին Երեւանում տեղի ունեցավ ՌԱԿ 3-րդ (24-րդ) արտահերթ հանրապետական պատգամավորական ժողովը, որը ոչ միայն վերստին ամրացրեց հայաստանակենտրոն տրամադրությունները, այլեւ լսեց Հանրապետական վարչության գործունեության հաշվետվությունը, կանոնադրական եւ կառուցվածքային փոփոխություններ կատարեց` ՌԱԿ գործունեությունը հայաստանյան օրենսդրությանը համապատասխանեցնելու համար, ընտրեց նոր ղեկավարություն, այդ նոր կառուցվածքին համապատասխան, սահմանեց կուսակցության մոտակա անելիքի ուղեգիծը: Ժողովին նախորդել էին երկօրյա բուռն քննարկումները: Ժողովի որոշումներն ընդունվեցին ՌԱԿ արարողակարգով` ժողովի ատենապետ եւ փոխատենապետ ընտրված Հովիկ Օհանյանի եւ Գեւորգ Մարաշլյանի նախագահությամբ, 144-ից 117 պատգամավորի մասնակցությամբ ու քվեարկությամբ: Ժողովը ողջունող ՌԱԿ Վերականգնումի եւ միության շարժման վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանի խոսքում արդեն առկա էր այն տրամադրությունը, որ հետո իշխեց ժողովում: Նա խոսեց կուսակցության պատմական անցյալի մասին` հաջողության հետ նաեւ իքնաքննադատության վրա շեշտադրում անելու անհրաժեշտությունից ելնելով, քանի որ սխալները մատնացույց անելը ոչ թե վհատության առիթ պետք է լինի, այլ մարտահրավերները հաղթահարելու. «Որ ինչին արժանի էինք` վերստին տիրանանք ու վերադառնանք իշխանության վերին օղակներ»: Բացի այդ` ՌԱԿ սփյուռքյան կառույցները հյուրի կարգավիճակի փոխարեն այժմ պետք է տանտիրոջ կարգավիճակում լինեն Հայաստանում: Սփյուռքյան կառույցներից ոմանք հայաստանակենտրոն լինելու որոշմանը ընբռնումով են մոտենում, որոշ զիջումներ անելով, բայց, Ազատյանի խոսքով, անտեղիտալի մոտեցումներով ՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանն իր հաշվետվությունը կառուցել էր երեք բացվածքով` ձեռքբերումների, թերությունների եւ հետագա անելիքների: Ձեռքբերումների թվում էին վերջին ՏԻՄ ընտրություններում կուսակցության 11 թեկնածուներից 10-ի ընտրությունը Եղվարդի, Սեւանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Վարդենիսի, Վանաձորի, Սպիտակի, Շիրակի տարբեր համայնքների ավագանիներում: Այդպիսով` տարբեր մակարդակի ընտրություններին տեւական չմասնակցելուց հետո` կուսակցության ինքնահստատման, ինքնավստահության խնդիր լուծվեց, մանավանդ` ընտրվածների մեծ մասը երիտասարդ կուսակցականներ են, ասել է` հայացք է նետված ապագային: Ավետիքյանը կարդաց ընտրվածների անունները եւ հրավիրեց ամբիոնի մոտՙ ծափահարություններ ստանալու: Ձեռքբերումների շարքում էին նաեւ կուսակցության կենտրոնական գրասենյակի հիմնանորոգումը, Գյումրիի գրասենյակի ստեղծումը: Եղվարդի գրասենյակի նորոգումը, փաստորեն, միանգամից գործնական արդյունքի մեջ արտացոլվել էր` Եղվարդում երեք հոգի ավագանու անդամ են դարձել: Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի վրա վերանորոգվել է ՌԱԿ գրասենյակը եւ բացվել է պուրակ` սա ակնահաճո մի ձեռնարկ է: Դինամիկ է եղել նաեւ ՌԱԿ Հանրապետական վարչության դիվանի աշխատանքը` շաբաթը մեկ, երբեմն էլ` ավելի հաճախ, հավաքվել, հարցեր են լուծել, հատկապես ընդգծվեց փոխատենապետ Կարեն Կակոյանի աշխատանքը:Կուսակցության նախաձեռնությամբ երեք կարեւոր գիրք է դրվել քաղաքականամերձ ընթերցողի սեղանին` Նիկոլայ Հովհաննիսյանի, Սուրեն Սարգսյանի եւ Արմեն Մանվելյանի աշխատությունները : Արժանին մատուցվեց նաեւ Թեքեյան մշակութային միության Հայաստանյան կառույցի (ներկայացուցիչ Գայանե Մուրադյան) ջանքերին, հատկապես` ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված մեր զինվորներին ուղղվող նյութական ու հոգեբանական օգնության առումով, որը շարունակական է: Հ. Ավետիքյանը բոլոր այս ձեռնարկները ֆինանսավորղ ՌԱԿ բարերարներին իր երախտագիտությունը հայտնեց. օրինակ` Եղվարդի գրասենյակը բարերար Սարգիս Խաչատուրյանի նվիրատվությունն է, Նյու Յորքից Նազար Նազարյանի եւ իր տիկնոջ Արտեմիսի բարերարությամբ (Երվանդ Ազատյանի եւ Հակոբ Վարդիվառյանի միջնորդությամբ) կենտրոնական գրասենյակն է նորոգվել եւ այլն: Հետագա անելիքի առումով թիվ մեկ ուղղությունը մոտակա խորհրդարանական ընտրություններին ՌԱԿ մասնակցությունն է, որը պետք է նախաձեռնվի ամեն ջանք գործադրելով.«Միայն խորհրդարանի ամբիոնն է, որ որեւէ կուսակցության կշիռ է տալիս, իսկ 95-ամյա կուսակցությունը պարզապես իրավունք չունի այնտեղ չլինելու», նշեց Հ. Ավետիքյանը` կոչ անելով ավելի նախաձեռնող լինել, իրացնելու համար խորհրդարանում լինելու ՌԱԿ իրավունքը: Նա խոսեց այն խոչընդոտների վերացման մասին, որոնք կուսակցության հայաստանակենտրոն դառնալով` հարուցվում են մեր օրենսդրությամբ: Կուսակցությունների մասին օրենքի համաձայն` ՌԱԿ հանրապետական վարչությունը պետք է վերաձեւավորվի կենտրոնական վարչության , որի անդամները պետք է լինեն Հայաստանի քաղաքացի, իսկ Սփյուռքի կառույցներից ղեկավար կազմ ընդգրկելու համար պետք է ստեղծվի Գերագույն խորհուրդ, վարչությունը մինչեւ 25 անդամ պետք է ունենա, ԳԽ-ն` 17: Այս վերակառուցման մասին առավել մանրամասն խոսեց ՌԱԿ իրավաբան Տիգրան Հարությունյանը , որի առաջարկները ներկայացնում էին օրենսդրությանը համապատասխանեցնելու փոփոխությունները: Հանրապետական վարչությունն, ուրեմն, այսուհետ անվանվելու է ՌԱԿ Կենտրոնական վարչություն, իսկ նոր ստեղծվող մարմինըՙ Գերագույն խորհուրդ: Պատգամավորական ժողովն անվանվելու է Ընդհանուր պատգամավորական ժողով, սա գումարվելու է երկու տարին մեկ, հենց այդքան ժամանակի համար նոր ղեկավար կազմ ընտրելով եւ ծրագիր հաստատելով: (Բացառություն է առաջին տարին, որ փորձաշրջան է կառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության առումով): Պատգամավորական ժողովը նաեւ ներքաղաքական եւ տարածաշրջանի իրավիճակի մասին գնահատականներ հնչեցրեց` փոխատենապետներից Արմեն Մանվելյանի ելույթով: Հատուկ անդրադարձ կատարվեց սիրիահայերի վիճակին ու Հալեպի դրությանը` ցանկության դեպքում դեռեւս այնտեղ մնացող հալեպահայությանը դուրսբերումը հայրենի իշխանության կողմից կազմակերպելու կոչով եւ այդ գործին օժանդակելու ՌԱԿ հաստատակամությունն ընդգծելով: Տեղի ունեցան ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների, ԳԽ անդամների ընտրություններ. ՌԱԿ Կենտրոնական վարչության նախագահ ընտրվեց Հակոբ Ավետիքյանը, ԳԽ նախագահ` Վարդան Նազիրյանը: Ի դեպ. ԳԽ անդամների վերջնական ձեւավորման համար մեկամսյա ժամկետը, որը սահմանված է Հայաստանում կուսակցության կանոնադրության փոփոխությունների համար, հնարավորություն է, որպեսզի լրիվ հաղթահարվեն այս կամ այն սփյուռքյան կառույցից այս կամ այն անդամի վերաբերյալ տարաձայնությունները, թեեւ անուններ ժողովի օրն արդեն հնչել են, ու այդ ցուցակը պատվիրակների միաձայն քվեարկության հավանությանն արժանացել է: Կենտրոնական վարչության անդամներն են նաեւ Վարդան Նազիրյանը, Կարեն Կակոյանը, Արմեն Մանվելյանը, Սուրեն Սարգսյանը, Մեսրոպ Հարությունյանը, Հրաչ Կարապետյանը, Հովիկ Օհանյանը (որի վրա դրվեց երեւանյան կառույցը վերակազմակերպելու եւ ուժեղացնելու պարտականությունը), Արտավազդ Մելքիսեթյանը, Գեւորգ Հալեպյանը, Հարութ Երկանյանը, Նշան Պարութճյանը, Ալիկ Ավետյանը, Նորայր Խալաֆյանը, Լեւոն Ավագյանը, Դավիթ Դավթյանը, Վարազդատ Ավոյանը, Սեյրան Ղարիբյանը, Գայանե Մուրադյանը (կան նաեւ փոխանդամներ` Տիգրան Հարությունյան, Արտյոմ Դավթյան, Տիգրան Հարությունյան ու եւս 3 անդամներ Սփյուռքից): ԳԽ նախագահը Վարդան Նազիրյանն ընտրվեց: ՌԱԿ հայաստանակենտրոն կուսակցությունը, նորացված կանոնադրությամբ ու կառուցվածքով, մոտակա ամսում Սփյուռքի եւ Հայաստանի ծրագրերի համադրումով եւ ապագա հավակնոտ ծրագրերն իրականացնելու հաստատակամությամբ` ճանապարհ ընկավ: *** Նույն օրը երեկոյան, արդեն Օպերայի լեփ-լեցուն դահլիճում, ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի ողջույնի խոսքից հետո (առանձին տրվում է կից սյունակում), տրվեց շքեղ համերգՙ նվիրված կուսակցության հիմնադրության 95-րդ տարեդարձին, պետական դեմքերի փայլուն բացակայության պայմաններում: Բացակայությունՙ որը բոլորովին չնկատվեց ներկա բազմության կողմից, մանավանդ որ բեմի վրա միմյանց էին հաջորդում պետական մեր լավագույն համույթների ելույթներըՙ ազգային պարարվեստի գոհարների փայլուն ներկայացմամբ: Հուզիչ էր մանավանդ համերգի ավարտը, երբ Օպերայի սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի հնչեցրած «Զինվոր ենք ռամկավար եւ ազատ» քայլերգի հնչյունների ներքո բեմ բարձրացան մեկ տասնյակ երիտասարդներՙ օդում Հայաստանի Եռագույնի շուրջ ծածանելով ՌԱԿ-ի դրոշները: Տոնական համերգի եզրակացությունը տվեց սփյուռքահայ մի տիկին. «Կյանքիս մեջ այսքան հպարտ չեմ եղած ռամկավար ըլլալուս համար...»: |