RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-10-17 18:15:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 3023, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՆ

Պատրաստեցՙ Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Նրա բախտը վճռվում է Հալեպում, Մոսուլում եւ Քերմանշահում

Հոկտեմբերի 1-ին չինական յուանը պաշտոնապես ներառվեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զամբյուղում, պատվավոր տեղ զբաղեցնելով դոլարի, եվրոյի, բրիտանական ֆունտի եւ ճապոնական իենի կողքին: Անշուշտ, համաշխարհային ֆինանսական համակարգը դեռ այնքան էլ շուտ չի վերակառուցվի, քանի որ դոլարային համընդհանուր պահուստները ներկայումս գնահատվում են 11 տրիլիոն դոլար, իսկ հիմնադրամի արժութային զամբյուղը կազմում է ընդամենը 285 մլրդ դոլար կամ 204,1 մլրդ SDR (ԱՄՀ-ի պայմանական դրամական միավոր): Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Այդուհանդերձ, տվյալ իրադարձության հոգեբանական ազդեցությունն ակնհայտ է: Չէ՞ որ ԱՄՀ-ի զամբյուղում վերջին փոփոխությունը տեղի էր ունեցել 1999-ին, երբ միասնական եվրոպական արժույթը միավորեց ֆրանսիական ֆրանկն ու գերմանական մարկը: Տասը տարի անց, արդեն միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ՉԺՀ Ժողովրդական բանկի կառավարիչ Չչոու Սյաոչուանը դատապարտեց դոլարի մենատիրությունը, դա համարելով տնտեսական ցնցումների գլխավոր պատճառներից մեկը:

Յուան դոլարի փոխարե՞ն

ԱՄՀ-ն երկար ժամանակ վարանում էր, փորձելով հավասարակշռություն պահպանել Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ: Սակայն 2015-ի աշնանը չինացիներն այնուամենայնիվ հասան իրենց նպատակին. հիմնադրամը համաձայնեց յուանը ներառել արժութային զամբյուղի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց ԱՄՀ բարեփոխմանը եւ լիազորությունների ընդլայնմանը, առաջիկա տարիներին դրա բյուջեն կգերազանցի 700 մլրդ դոլարը, դրանով իսկ ուժեղացնելով նաեւ Չինաստանի տնտեսական ներկայությունը:

Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Սարգիս Ծատուրյանը REGNUM գործակալության կայքում մեծ կարեւորություն է տալիս ձեւավորվող աշխարհակարգի արժութաֆինանսական կողմերին, քանզի հենց այնտեղով է անցնում փոխանակման երկու կենտրոններիՙ Նյու Յորքի եւ Լոնդոնի ջրբաժանը: Ըստ որում, վերջինս Պեկինից դաշնակցային օգնություն է հայցում տնտեսության եւ քաղաքականության մեջ ամերիկացիների գերիշխանությունը հավասարակշռելու ակնկալությամբ: Դրա հաստատումն է այն փաստը, որ յուանի համար Լոնդոնը դարձել է անկանխիկ հաշվարկների գծով աշխարհում մեծությամբ երկրորդ օֆշորային կենտրոնը (6,3 տոկոս բաժնեմասով), հաղորդում է International Business Times թերթը: Առաջին տեղում Հոնկոնգն է, որին բաժին է ընկնում յուանով կատարվող բոլոր ֆինանսական գործառնությունների 72,5 տոկոսը: Չինական արժույթով կատարվող ամենօրյա գործառնությունների ծավալը գնահատվում է 39 մլրդ դոլար: Ինչ վերաբերում է դոլարին ու եվրոյին, դրանց դիրքերն առայժմ անսասան ենՙ համապատասխանաբար 1,9 տրիլիոն եւ 837 մլրդ դոլար:

Լոնդոնյան Սիթիի կառավարիչներից մեկըՙ ֆինանսիստ Մար Բոլեատը , հետեւյալ կերպ է բնութագրում չին-բրիտանական հարաբերությունների կարեւորությունը. «Շնորհիվ այն բանի, որ Լոնդոնը դարձել է չինական արժույթի համար մեծությամբ երկրորդ օֆշորային քլիրինգային կենտրոնը, բրիտանական կորպորոցիաները կարող են յուանով ստանալ ամեն տեսակ ապրանքներ եւ ծառայություններ, ինչը նպաստում է երկկողմ առեւտրի զարգացմանը: Այժմ դեպի ՉԺՀ արտահանումը կարելի է իրականացնել հենց տեղական արժույթով, ինչը առավել ձեռնտու է դարձնում գործարքները: Նույնը վերաբերում է նաեւ ներմուծմանը»:

Այսպիսով, Մեծ Բրիտանիան փորձում է վերականգնել առաջատար դիրքերը ֆինանսական ծառայությունների համաշխարհային շուկայում, որտեղ իր բաժինն անկասելիորեն նվազում է ի հաշիվ Հոնկոնգի, Տոկիոյի եւ Սինգապուրի: Միջազգային հաշվարկների բանկի տվյալներով, 2013 թվականից արժութային շուկայում Լոնդոնի բաժինը 41-ից իջել է 37 տոկոսի, մինչդեռ Հոնկոնգը, Տոկիոն եւ Սինգապուրը իրենց ընդհանուր բաժինը 15-ից հասցրել են 21 տոկոսի: Բրիտանացիների տրամաբանությունը հասկանալի է. Եվրոմիությունը Չինաստանի խոշորագույն առեւտրական գործընկերն է, ինչը Եվրոպայում մեծացնում է յուանի պահանջարկը, Լոնդոնին (աշխարհամասում յուանի գլխավոր օպերատորին) թույլ է տալիս մնալ Եվրոպայի առաջատար ֆինանսական կենտրոնը, իսկ ապագայում նույնպիսի դեր ունենալ մնացյալ աշխարհում, ներառյալ Հյուսիսային Ամերիկայում: Հենց այդ պատճառով Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից. դա նրան թույլ կտա կառավարել եվրոպա-չինական առեւտրական հոսքերըՙ անտեսելով Եվրոհանձնաժողովը եւ ԵՄ Կենտրոնական բանկը, որտեղ իշխում են Գերմանիայի, Լյուքսեմբուրգի եւ Իտալիայի բանկային հաստատությունները:

Հալեպ, Մոսուլ եւ Քերմանշահ

Վերոհիշյալ նրբերանգները վերնահարկն են համաշխարհային քաղաքականության, որի կայունությունը կախված է Սիրիայի եւ Իրաքի պատերազմների ընթացքից: Խոսքը չինական «Մետաքսի ճանապարհ» նախագծի մասին է, որով Չինաստանը Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների միջոցով կապվելու է Եվրոմիությանը: Նախագծի ճակատագիրը անխզելիորեն կապված է սիրիական Հալեպ եւ իրաքյան Մոսուլ քաղաքների հետ: Սիրիայի կառավարական բանակը վերջերս «Ան-Նուսրա ճակատի» ահաբեկիչներին նեղում է Հալեպի արեւելքում եւ առաջ է շարժվում Բուստան ալ-Փաշայի շրջանում, հաղորդում է իրանական Tasnim News գործակալությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան «Ան-Նուսրայի» հետեւորդներին առաջարկել է հեռանալ Հալեպից: «Եթե դուք որոշեք Արեւելյան Հալեպը թողնել արժանավոր կերպով, ձեր զենքով գնալ Իդլիբ կամ մեկ այլ տեղ, ես պատրաստ կլինեմ անձամբ ձեզ ուղեկցելու», ասել է նա: Այս առաջարկությունը եւ Արեւելյան Հալեպի օդային ռմբակոծումները հարուցել են Արեւմուտքի կտրուկ հակազդեցությունը: Մասնավորապես ֆրանսիական Le Point շաբաթահանդեսը հանկարծ հիշեց քաղաքում մնացած 275 հազար բնակիչների մասին: Արեւմտյան ԶԼՄ-ները մարդկանց հիշում են լոկ այն ժամանակ, երբ առիթ է ստեղծվում նախագահ Բաշար Ասադին «Արյունահեղության» մեջ մեղադրելու համար: «Սպուտնիկ» ռադիոկայանի տվյալներով, Արեւելյան Հալեպում բնավորված «Ան-Նուսրայի» ահաբեկիչներից բացի, այնտեղ են գտնվում արեւմուտքցի մոտ 200 զինվորական հրահանգիչներ: Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը ճշգրիտ տեղեկություններ ունի Հալեպի արեւելքում գրոհայինների գտնվելու վայրերի եւ նրանց պահեստների վերաբերյալ: Ուստի ԱՄՆ-ի գլխավորած արեւմտյան կոալիցիան այժմ շփոթության մեջ է. չէ՞ որ Հալեպում իրենց գործակալների պարտությունը կարժեզրկի «Իսլամական պետությունից» Մոսուլի «ազատագրման» ծրագրվող գործողությունը: Պատճառը հետեւյալն է. Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային տարածքները հավանական տրանսպորտային միջանցք են Չինաստանից բերվող ապրանքների համար, որոնց փոխաբեռնման կետը Իրանն է, ուր արտադրանքը հասցվում է միջինասիական երկրների երկաթուղային ցանցով կամ ծովային ճանապարհով (Պարսից ծոցի Բենդեր-Աբբաս նավահանգիստ):

Ռուսաստանցի պատմաբան, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը օրերս «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ Արեւմուտքի մեծ տերությունները արդեն կազմել են այսպես կոչված «Հյուսիսային Սիրիայի ֆեդերացիայի» քարտեզ, ըստ որի նավթառատ Մոսուլը Սիրիայի հյուսիսով (Պալմիրա, Արեւելյան Հալեպ եւ այլն) եւ թուրք-սիրիական սահմանի երկայնքով կապվելու է ներկայիս թուրքական Իսկենդերուն (Ալեքսանդրետ) նավահանգստին:

Պենտագոնի գերխնդիրը իրանա-իրաքյան եւ իրաքա-սիրիական սահմանների վերահսկողությունն է: Դա Վաշինգտոնին թույլ կտա աշխարհաքաղաքական «հաշիվ» ներկայացնել Պեկինին ու Թեհրանին: Տվյալ ռազմավարության ուղղակի հետեւանքը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» եւ «Ազատ Քրդստանի կուսակցության» քուրդ գրոհայինների դիմակայությունն է Իրանի արեւմուտքումՙ Քերմանշահի նահանգում: Ի դեպ, Քերմանշահ քաղաքը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» կարեւոր կետերից է, որի հետ Մոսուլի եւ Հալեպի շաղկապումը հնարավորություն կտա փոխակերպել Եվրոմիության եւ Չինաստանի առեւտրական հարաբերությունների կառուցվածքի տրամաբանությունը: Եվ ամերիկացիները չեն կարող դրան նայել մատների արանքով:

Գործին միջամտում է Թուրքիան, որն ավելի վաղ ԱՄՆ-ին հայտնել էր, թե Իրաքի շիա աշխարհազորը ձգտելու է դեպի Իրան եւ Սիրիա ցամաքային միջանցք բացել, օգտագործելով Մոսուլից 50 կմ հեռու ընկած Թալ-Աֆարի դիրքերը (Նինվեի նահանգ): Պարզվում է, որ 2014 թ. ԻՊ ահաբեկիչների կողմից Մոսուլի գրավումը հարված է հենց Իրանին, որը Իրաքի հյուսիսով օգնություն էր հասցնում Դամասկոսին: Այսինքն սիրիացիներին Իրանի ցուցաբերած օգնությունը դեմ էր Անկարայի շահերին: Թուրքական Daily Sabah թերթը մանրամասնում է, որ Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին հավատարիմ «փեշմերգա» կազմավորումները կվերահսկեն Սինջարի սահմանը, որտեղ ներկայումս մասամբ կենտրոնացած են PKK-ի ուժեր: «Իրաքի շիա աշխարհազորը Սինջարի սահմանում PKK-ի աջակցությունից կօգտվի Սիրիա հասնելու համար: Դա թույլ կտա դյուրացնել Բաշար Ասադի բանակի ռազմական եւ նյութատեխնիկական մատակարարումը: ԻՊ-ն առաջվա պես վերահսկում է Սինջար քաղաքի կեսը, մինչ PKK-ն վերահսկում է քաղաքի կենտրոնը եւ Սիրիային սահմանակից շրջանները: Թուրքական հետախուզության տվյալներով, PKK-ն «Սինջարում ունի հիմնականում եզդիներից կազմված աշխարհազորի մոտ հազար մարտիկ», ընդգծում է Daily Sabah-ը: Ավելին, Իրաքի հյուսիում Անկարայի զավթողական քաղաքականությունը ձեռնտու է Վաշինգտոնին, քանի որ հենադաշտ է ստեղծում Մոսուլում ամերիկյան ուժերի կենտրոնացման համար: Այս իմաստով ԻՊ-ը հարմար առիթ է տարածաշրջանում Պենտագոնի ուժերի ծավալման համար, որը Մոսուլը համարում է հավանական ռազմակայան: Պատահական չէ Անկարայի կոշտ դիրքորոշումը Բաղդադի հանդեպ: «Բաղդադի կառավարության խոսքերից անկախ, Թուրքիան կմնա Իրաքի հյուսիսում, որպեսզի պայքարի ԻՊ-ի դեմ եւ կանխի տարածաշրջանում ուժի միջոցով ժողովրդագրական փոփոխությունների իրականացման բոլոր փորձերը», հայտարարել է թուրք վարչապետ Բինալի Յըլդրըմը , որի խոսքը մեջբերում է China Post թերթը:

Դատելով Էրբիլում Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների ակտիվությունից, ՆԱՏՕ-ն արդեն ներքաղաքական ընդհանուր համաձայնության է հասել «Մետաքսի ճանապարհի» հարցում: Այդ համաձայնությունը պետք է որ հստակ հակառուսական բնույթ ունենա: Այնպես որ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերին, Սիրիայի կառավարական բանակին եւ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» այլ բան չի մնում, բացի Հալեպի ազատագրումից: Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը այդ ձեւով կխոչընդոտեն նաեւ Եվրոպայի մերօրյա գաղութացման փորձերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ