ԳԱԶԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՄԱՆՑ «ՎԱՏ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԸ» ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «Գազպրոմ Արմենիան» շատ վատ ասոցիացիաներ է առաջացնում ոչ միայն իմ, այլեւ մեր քաղաքացիների, գործարարների մոտ: Մի փաստ պետք է արձանագրել. մեր տնտեսությունը այս վիճակին հասցնող ամենամեծ մեղավորություն ունեցողը հենց այդ ընկերությունն է: Իր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա այնքան մեծ է, որ մինչեւ հիմա տնտեսությունը խելքի չի գալիս, մարդիկ նույնպես: Եթե ուսումնասիրենք, թե մեր միջին եկամուտների քանի տոկոսն ենք տալիս գազին եւ էլեկտրաէներգիային, կստացվի, որ աշխատում ենք միայն դրա համար»: Սա հատված է Վահագն Խաչատրյանի հարցազրույցից, որին չանդրադառնալ պարզապես անհնար է, նկատի ունենալով սույն անձնավորության պատկանելիությունը քաղաքական ուժին, նրա «տնտեսագետ» լինելը եւ շահութաբեր արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցողների զանգվածի վառ ներկայացուցիչ լինելը: Երբ խոսվում է մեր տնտեսությունը «այս վիճակին հասցնելու» մասին, որից մինչեւ հիմա «խելքի չի գալիս», առաջին «ասոցիացիան» այն է, որ խոսքը 90-ականների համատարած փլուզման մասին է, որի արդյունքում մեր հարյուրավոր արդյունաբերական ձեռնարկություններ պարզապես ոչնչացվեցին եւ արդյունաբերությունը ընդհանրապես դադարեց գործել, գիտատեխնիկական ներուժը հեռացավ երկրից, մեկ-երկու տարում, ՀԲ գնահատմամբ, փակվեցին մոտ 600 հազար աշխատատեղեր եւ Հայաստանի բնակչությունը գրեթե համատարած աղքատացավ: Այո, նման բան իսկապես տեղի ունեցավ, այն ուժիՙ նախկին ՀՀՇ-ի, ներկայիս ՀԱԿ-ի իշխանության տարիներին, որի ներկայացուցիչներից մեկն էլ Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Վահանգն Խաչատրյանն էր: Եթե այս պարոնին թվում է, թե մարդիկ մոռացել են իրենց կառավարման դժնդակ տարիները, իրենց արհամարհանքն ու ատելությունը սեփական ժողովրդի նկատմամբ, ապա չարաչար սխալվում են: Հետեւաբար, պետք է մշտապես հիշեցնել, թե ովքե՞ր են իրենք եւ գառան դիմակ հագած ի՞նչ են իրենցից ներկայացնում իրականում: Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» առնչությամբ Վահագն Խաչատրյանի արտահայտություններին: Նախ, նախկինում նման իշխանության մաս կազմած անձն ընդհանրապես բարոյական իրավունք չունի խոսելու քաղաքացիների կամ գործարարների անունից, բայց քաղաքականության մեջ բարոյականության սկզբունքները հաճախ չեն գործում: Եթե որպես տնտեսագետ էլ նա «Գազպրոմ Արմենիային» մեղադրում է Հայաստանի տնտեսությունը ինչ-որ վիճակի հասցնելու մեջ, ապա, մեղմ ասած, նրա տնտեսագետ լինելը լուրջ կասկածի տակ է հայտնվում: Հիշեցնենք, որ 1997-ին, Հայաստանի կառավարությունը «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքեց ՀՀՇ-ական իշխանության տարիներին ամբողջությամբ քայքայված գազամատակարարման ցանցի փոխարեն նորը ստեղծելու վերաբերյալ եւ ստեղծվեց նոր գազամատակարար ընկերությունՙ «Հայռուսգազարդը»: Անցած շուրջ 20 տարիների ընթացքում այդ ընկերության, ավելի ճիշտՙ դրա ռուսական բաժնետիրոջ ներդրումներով Հայաստանը դարձավ ամենագազիֆիկացված երկրներից մեկը աշխարհում: Երկնագույն վառելիքը հասնում է մեր բնակավայրերի ավելի քան 95 տոկոսին, ինչի համար «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումները մոտենում են 1 մլրդ դոլարի: Կա՞ որեւէ այլ ընկերություն որեւէ այլ երկրից, որն այդքան ներդրում է կատարել Հայաստանում: Գուցե Վահանգն Խաչատրյանը որպես տնտեսագետ չգիտի՞, որ տնտեսության զարգացման համար ներդրումներ են պետք: Գուցե տեղյակ չէ՞, որ «Գազպրոմն» այդքան ներդրումներ է կատարել: Կամ գուցե չգիտի՞, որ մեր արդյունաբերական ձեռնարկություններ, գյուղմթերքների վերամշակման արտադրություններ, ջերմոցային տնտեսություններ գործում են եւ կարող են գործել միայն գազի միջոցով: Գուցե: Այդ դեպքում գուցե պարզաբանի՞, թե ինչո՞վ է պայմանավորված իր վատ «ասոցիացիաները» «Գազպրոմ Արմենիայից»: Հիշեցենք նաեւ, որ «Գազպրոմ Արմենիան» տարիներ շարունակ Հայաստանի ամենախոշոր հարկատուն է, վերջին տարիներին մշտապես զբաղեցնելով առաջին տեղը խոշոր հարկատուների ցանկում: Օրինակՙ անցյալ տարի նրա վճարած հարկերը կազմել էին 42 մլրդ դրամ այն դեպքում, երբ 2-րդ տեղում գտնվող ընկերությունը, կտրուկՙ մոտ 15 մլրդ դրամով պակաս հարկեր էր վճարել: Գուցե «Գազպրոմ Արմենիայի» վերջին տարիներին ՀՀ բյուջեում բազմամիլիարդ հարկեր վճարած լինելու հանգամա՞նքն է զայրացրել Վահագն Խաչատրյանին կամ ընկերության բացած հազարավոր աշխատատեղերը Հայաստանում: Գուցե: Սակայն առավել հավանական է, որ «Գազպրոմ Արմենիայի» առաջացրած «վատ ասոցիացիաները» Վահագն Խաչատրյանի մոտ, տեղավորվում են Հայաստանում վերջերս ուղղորդվող եւ հրահրվող հակառուսաստանյան հիստերիայի հետ, որը բավականին լավ վարձատրվող եւ շահութաբեր քաղաքական բիզնես է դարձել: Վերադառնալով Վահագն Խաչատրյանի մտքի վերջին «գոհարին»ՙ «եթե ուսումնասիրենք»-ին, որի արդյունքում, ըստ նրա, պարզվելու է, որ աշխատում ենք միայն գազի եւ էլեկտրաէներգիայի համար, ապա նրաՙ տնտեսագիտությունից հեռու լինելու կասկածը դառնում է փաստ: Իսկ այն, որ սոցիալական վատ վիճակում գտնվողների համար դժվար է այդ վճարումները կատարելը, չի նշանակում, որ ավելի լավ կլինի մնալ առանց գազի եւ հոսանքի, աշխատանքի ու եկամտի, ցրտի ու խավարի մեջ, տրորվել հացի հերթերումՙ ինչպես Վահագն Խաչատրյանի մաս կազմած իշխանության տարիներին էր եւ ինչը նա եւ նրա նմանները սեփական կաշվի վրա, ցավոք, չեն զգացել: |