RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 5451, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է

Նախապես հայտարարված համահայկական մրցույթների մասնակիցներից օրերս ընտրվեցին նկարիչ եւ գրող հաղթողներ` Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի 2016-ի մրցանակաբաշխության շրջանակներում

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Մրցանակաբաշխություն 2016»-ը, որ տարիների ավանդույթով նախաձեռնում են Ռուսաստանի հայերի միությունն ու Համաշխարհային հայկական կոնգրեսը` Սփյուռքի նախարարության հետ համատեղ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի եւ ստեղծագործական միությունների համար յուրօրինակ հնարավորություն է, իրավիճակը փոփոխելու առիթ ու միջոց:

Այս շաբաթ մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվեցին Հայաստանի նկարիչների միությունում: Լավագույն աշխատանքներն ընտրել են Հայաստանի նկարիչների միության անդամ ստեղծագործողներըՙ չորս անվանակարգումՙ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ:

Ինչպես արդյունքները ներկայացրեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը , «Գեղանկար» անվանակարգում մրցանակի են արժանացել Խաչատուր Ազիզյանի «Դավթի մենամարտը Մելիքի դեմ», Ռուբեն Ղեւոնդյանի «Նուռ», Էդիկ Վարդանյանի «Մգրեն» եւ «Անկախության առաջնամարտիկ Մովսես Գորգիսյան», Սամվել Լաճիկյանի «Գյումրի. ուշ աշուն» եւ «Գյումրի. առաջին ձյունը» ստեղծագործությունները:

«Քանդակ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Նունե Թումանյանի «Կաթիլ մը..» եւ Արամ Համբարձումյանի «Ձախլիկ ռազմիկը» եւ «Տրոյայի հերոսները» աշխատանքները: «Գրաֆիկա» անվանակարգում մրցանակի են արժանացել Կարապետ Փաշյանի եւ Կարապետ Աբրահամյանի «Անկախության 25-ամյակի խորհրդանիշի էսքիզներ» եւ Մարգարիտա Պարեմուզովայի «Վառված ծառերի հիշատակին» աշխատանքները: «Դեկորատիվ-կիրառական» անվանակարգում հաղթել է Այծեմնիկ Ղեւոնդյանի «Ուրարտական ծիսական զգեստը»:

Ըստ Աղամյանի, մրցանակաբաշխության կարեւորությունն այն է, որ նկարիչներին այն ոգեւորում է եւ ստեղծագործելու խթան տալիս: Մյուս կողմից, Նկարիչների միության նախագահը գրեթե վստահ է, որ սա իր ձեւաչափով եւ ընդգրկմամբ միակ մրցանակաբաշխությունն է, իր բնույթի մեջ եզակի երեւույթ, եւ այսօրինակ մոտեցման տարածումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի ստեղծագործողների աշխատանքի ու ստեղծագործական կյանքի զարգացման համար:

2007 թվականից անցկացվող մրցանակաբաշխության նպատակն է խթանել ժամանակակից գիտության, գրականության եւ արվեստի զարգացումը, ակտիվացնել ստեղծագործական ու գիտական կյանքը:

Մրցանակաբաշխությունը համահայկական նշանակություն ունեցող միջոցառում է, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի, ինչպես նաեւ հայկական սփյուռքի մտավորականության ներկայացուցիչները:

Արդեն տարիների ճանապարհով անցած մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս կարելի է նկատել փոփոխությունների դինամիկան, երբ ավելանում են ոչ միայն մրցույթներին ներկայացվող աշխատանքների քանակը, այլեւ մրցանակաբաշխությանը մասնակից միությունները, որոնց սկզբնական 2-ի փոխարեն 2016-ին մրցանակաբաշխություն են անցկացնում Գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների միությունները:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 42 մլն դրամ է, որն ամբողջությամբ տրամադրում է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Այսօր մրցանակաբաշխության արդյունքներ կամփոփեն նաեւ Հայաստանի գրողների միությունում: Ըստ այդմ, արձակի ժանրում մրցանակների են արժանացել Արմեն Շեկոյանը` «Փողոցը» պատմվածաշարի, Գրիգոր Ջանիկյանը` «Վրիժակ» վեպի, Էդուարդ Խաչիկյանը` «Գրավաճառը» վիպակը եւ Ալեքսանդր Թոփչյանը` «Ես առասպել նվիրեցի նրան» երկերի համար:

Պոեզիայի ժանրում հավասար միավորներով առաջին երկու տեղերն են զբաղեցրել Հուսիկ Արան եւ Սամվել Կոսյանը` համապատասխանաբար «Գրառումներ 2016-ի պատին» եւ «Լեռնոտ երկրի ծովը հորիզոնն է» ստեղծագործություններով: 3-րդ մրցանակին արժանացել է Վահե Արսենը` «Ապակուց այն կողմ» ստեղծագործությամբ:

Դրամատուրգիայի ժանրում Գուրգեն Խանջյանն արժանացել է առաջին տեղին` «Ծերուկի այցը» ստեղծագործությամբ: Համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ մրցանակներին են արժանացել Կարինե Խոդիկյանը` «Ուղեկալ տանող ճանապարհը» եւ Լիա Իվանյանը` «Ապակե կինը» ստեղծագործությունների համար:

Մանկապատանեկան գրականության ժանրում մրցանակները բաշխվել են հետեւյալ կերպ. 1-ինը` Ղուկաս Սիրունյանին «Պատմվածքներ, հեքիաթներ», 2-րդը` Լիպարիտ Սարգսյանին «Մանկական պատմվածքներ» եւ 3-րդը Էլֆիկ Զոհրաբյանին «Հեքիաթներ» ստեղծագործությունների համար: Երիտասարդական ժանրում հաղթող է ճանաչվել Նառա Վարդանյանի «Պատերազմը» արձակը, երկրորդ մրցանակին արժանացել է Էդուարդ Հարենցը` «Երկրաչափություն» քերթվածներ ընտրանու համար:

Արդեն հաջորդ շաբաթ կամփոփվեն բոլոր միությունների անցկացրած մրցանակաբաշխությունները` հրապարակելով յուրաքանչյուրի դեպքում բոլոր մրցանակային տեղերը զբաղեցրած հայտերի հեղինակներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ