ԳԼՈԲԱԼ ՀԱՅԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ Է Նուբար Աֆեյան (ԱՄՆ) Ռուբեն Վարդանյան (Ռուսաստան) Գագիկ Ադիբեկյան (Լյուքսեմբուրգ) Անդրե Անդոնյան (Ճապոնիա) Աբել Աղանբեկյան (Ռուսաստան) Տ. Մեսրոպ Արամյան (Հայաստան) Կարո Արմեն (ԱՄՆ) Շարլ Ազնավուր (Շվեյցարիա) Լորդ Արա Դարզի (Մեծ Բրիտանիա) Էդվարդ Պ. Ջերեջյան (ԱՄՆ) Չարլզ Ղայիլյան (ԱՄՆ) Սալբի Ղազարյան (ԱՄՆ) Վարդան Գրեգորյան (ԱՄՆ) Պիեռ Գյուրջյան (Բելգիա) Արթուր Ջանիբեկյան (Ռուսաստան) Սամվել Կարապետյան (Ռուսաստան) Անդրեյ Մկրտչյան (Հայաստան) Միխայիլ Պողոսյան (Ռուսաստան) Գրեգ Սարգսյան (Կանադա) Սեմ Սիմոնյան (ԱՄՆ) Սերժ Չուրուկ (Ֆրանսիա) Պատվելի Տիգրան Թեւրիզյան (ԱՄՆ) Ռալֆ Յիրիկյան (Հայաստան) Պատմական հնարավորությունՙ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար Այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունըՙ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձեւելու համար եւ մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը: Հայաստանում եւ Սփյուռքում ծառացող մարտահրավերներին դիմակայելու համար հիմնված ՀԲԸՄ-ն տարիների ընթացքում խթանել է սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները եւ աշխարհով մեկ հոգացել կրթական, մշակութային եւ մարդասիրական կարիքները: Մենք շնորհավորում ենք ՀԲԸՄ-ին Սփյուռքի համայնքներում հայկական ինքնության պահպանման գործում անգնահատելի դերի կապակցությամբ: Նախնիների հողից բռնի տեղահանված աշխարհասփյուռ հայերն իրենց ապաստան տված երկրների զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել: Մենք վաղուց սովորել ենք ինտեգրվել մեզ հյուրընկալած երկրներում եւ հավատարիմ քաղաքացիներ լինելՙ Հայ եկեղեցու եւ քրիստոնեական մեր հավատքի միջոցով պահպանելով պատմական ինքնությունը եւ լեզուն: Մենք ողջունում ենք բոլոր հայորդիների եւ կազմակերպություններիՙ Հայ Ավետարանչական Ընկերակցության, Հայ Օգնության Միության, Գյուլբենկյան հիմնադրամի եւ մյուսների երկարաժամկետ նվիրատվությունները, որոնք նպաստել են Սփյուռքի պահպանմանը բարեգործական ծրագրերի միջոցով: Ի թիվս այլոց, մենք ճանաչում ենք անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման գործում հսկայական ավանդ ունեցած բարերարներ Քըրք Քըրքորյանի եւ Լուիզ Սիմոն Մանուկյանի անունները: 1990-ականների սկզբին այս առաջամարտիկների ջանքերը կենսական նշանակություն ունեցող հաստատություններ եւ ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն տվեցին: Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռեւս խոցելի է, ինչպես եւ հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում: Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է : Ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելու, այլեւ վերածնվելու եւ առաջ գնալու հնարավորությունն է : Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն էՙ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլեւ երեխաների ու մեր ժողովրդի ապագայի : Առաջ շարժվելովՙ ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինիՙ սոցիալական ազդեցության թե առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում: Անհատական ջանքերից բացի մենք ցանկանում ենք բոլոր հայորդիների եւ հայկական կազմակերպությունների միջեւ համագործակցության եւ համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնելՙ առանցքում ունենալով Հայաստանը: Միեւնույն ժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում: Հանուն Հայաստանի առաջխաղացման աշխատող անհատները, ինչպես նաեւ հասարակական եւ մասնավոր կազմակերպությունները հայ ժողովրդի ապագան ավելի լավը դարձնելու համար պետք է համախմբվեն, միավորեն իրենց միջոցները եւ համագործակցեն: Մենք վստահ ենք, որ հաջողության հասնելու համար չի կարելի մեկուսացածՙ որպես Հայաստան եւ Սփյուռք գործել. մենք պետք է համախմբվենք եւ միասնական ուժ դառնանք: Մենք այս քայլը նախաձեռնում ենք Հայաստանը միասնաբար առաջ մղելու երկարաժամկետ հանձնառությամբ եւ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ: Միասին մենք «Գլոբալ հայերն» ենք: Եկել է ժամանակը, որ գլոբալ հայերը հանդես գան համարձակ նախաձեռնությամբ: |