RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3771, Տպվել է` 405, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՍԻՐՏԸՙ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Բոլորեց մեր ճանաչված հայրենակից Վարդգես Արծրունու ծննդյան 75-ամյակը

Ռուսաստանում ապրող մեր ճանաչված հայրենակից, հասարակական եւ քաղաքական գործիչ, բարերար, «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար», բազմաթիվ շքանշանների դափնեկիր Վարդգես Բագրատի Արծրունին դարձավ 75 տարեկան:

Տարիների բեռով իմաստնացած Արծրունու կերպարի համար ուշագրավ եւ հատկանշական է, որ այս ծանրակշիռ հոբելյանը աշնանն է` տարվա եղանակ, որը աշխատող եւ ստեղծագործող մարդու համար կատարածը ի մի բերելու եւ արժեւորելու յուրօրինակ մի շրջափուլ է:

Արմատներով ղարսեցի Վարդգես Արծրունին, ինչպես մի առիթով համեմատել եմ, ճիշտ եւ ճիշտ նման է ռուսական հողում աճած, սակայն արմատներով մինչեւ Հայաստան ձգվող մի հսկա կաղնու, որի հայրենասիրությամբ ապրող եւ շնչող տեսակը մեր օրերում այնքան էլ շատ չէ...

Այս առինքնող մարդը, որ փայլուն տիրապետում է մեսրոպյան խոսքին եւ միաժամանակ` հայերեն եւ ռուսերեն լեզուների հռետորական արվեստին, իր ապրած կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում:

Հայրենիքում առաջին անգամ ոտք է դրել 17 տարեկանում, իսկ դրանից շատ տարիներ անց, 1987 թվականին, Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարության ժամանակ հրավիրվել է Հայաստան եւ մեր ժողովրդի համար այն դժվարին ու ճակատագրական տարիներին ստանձնել ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի, ապա ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահի պաշտոնները` Հայաստանում մնալով մինչեւ 88-ի դեկտեմբերյան աղետի հետեւանքների վերացման աշխատանքները բնականոն հուն մտնելը:

Վարդգես Արծրունին 1966 թվականից ղեկավար պաշտոններ է զբաղեցնում շինարարության բնագավառում: 1991 թվականին աշխատել է Մոսկվայի կառավարության շինարարական դեպարտամենտում որպես ղեկավարի տեղակալ, ապա` «Մոսինտերշին» միավորման պետ: Ներկայումս ռուսաստանյան «Արտսինվեստ» հոլդինգի գլխավոր տնօրենն է: Ռուսաստանի հայերի թեմական խորհրդի անդամ է, Շուշի քաղաքի «Վերածնունդ» հիմնադրամի հոգաբարձու: Ունի հայ կին, 2 դուստր եւ 4 թոռնիկ:

Այսօր քչերին է հայտնի, որ Մոսկվայի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացված Հայկական եկեղեցական համալիրի հսկա տարածքը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովից, գործադրած մեծ ջանքերի շնորհիվ եւ աներեւակայելի արգելքներ հաղթահարելով, ձեռք է բերել Վարդգես Արծրունին` իր այդ ազգանվեր արարքի համար արժանանալով Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւի` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի եւ հավատավոր քրիստոնյաների օրհնանքներին:

Վարդգես Արծրունու հովանավորությամբ Մոսկվայում տարիներ առաջ ստեղծվել է Տարածաշրջանային հասարակական գիտահետազոտական կազմակերպությունՙ Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտ, որը անգնահատելի աշխատանք է կատարում ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող հակահայկական հիստերիային արժանի հակահարված տալու ուղղությամբ:

Վարդգես Արծրունին նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովի համանախագահն էր եւ այդ անչափ պատասխանատու գործը պատվով ու մեծ հաջողությամբ նպատակակետին հասցնելուց բացի, նաեւ իր անձնական ներդրումների եւ բարեգործության շնորհիվ` հսկայածավալ աշխատանք է կյանքի կոչել` հովանավորելով մի շարք արժեքավոր գրքերի տպագրությունն ու շնորհանդեսները, որոնցից արժե հիշատակել հատկապես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության եւ մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալլա Տեր-Սարգսյանցի «Լեռնային Ղարաբաղի հայերը. պատմություն, մշակույթ, ավանդույթներ» ուշագրավ աշխատությունն ու Ֆրանսահայ ճանաչված պատմաբան Ռայմոն Գեւորգյանի «Հայոց Ցեղասպանություն. ամբողջական պատմություն» նույնքան արժեքավոր գիրքը` երկուսն էլ ռուսերեն հրատարակությամբ:

Մոսկովյան «բարձր հասարակության» շրջանակներում անչափ հարգված եւ իր անցած կյանքի չափազանց հարուստ ճանապարհի շնորհիվ մեծ հեղինակություն վայելող կենսախինդ այս անձնավորությունն այսօր էլ բազմազբաղ է եւ նրա յուրաքանչյուր օրը հագեցած է տարատեսակ անելիքներով, որոնց շարքում առանձնանում են հայրենիքին նվիրված հայանպաստ եւ հայապահպան ձեռնարկումները: Ըստ Վարդգես Արծրունու վերջին տարիների հիմնավորումների եւ պնդումների, որոնք նա բաց նամակի տեսքով հղել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի բարձր ղեկավար շրջանակներին, Հայաստանի տնտեսության համար ստրատեգիական նշանակության կարեւորագույն քայլ կարող է լինել 1992 թվականից փակված Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը, որը Հայաստանի համար ուղիղ կապ կստեղծի Ռուսաստանի հետ եւ առավել կխորանան մեր երկրների հարաբերությունները:

Երկաթուղային կապը դադարեցվել է վրաց-աբխազական հակամարտությունից հետո: Ռազմական գործողությունների հետեւանքով կամուրջների ու թունելների պայթեցման պատճառովՙ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու 190 կիլոմետրանոց հատվածը լրջորեն վնասվել է: Պատերազմից հետո երկաթուղին վերականգնելու փորձեր արվել են, սակայն ապարդյուն: Աբխազական երկաթուղու վերականգնումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանզի դա հնարավորություն կտա կրկին երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի հետ:

Երկաթուղու վերագործարկումը նաեւ անիմաստ կդարձնի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հետագա շրջափակումը...

Վարդգես Արծրունուն մտատանջող հարցերից մեկը, որը թերեւս ամենակարեւորն է, Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանունակության խնդիրն է: Այս տարվա ապրիլյան աննախադեպ իրադարձություններն ու հայրենիքից եւ արցախյան առաջնագծից ստացվող տեղեկությունները ծայրաստիճան տագնապալի էին, անհանգստացնող եւ մտահոգիչ: Այդ չափազանց մեծ լարումը, երբեմն իրարամերժ լուրերն ու անհանգստությունը համակել էր նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակցին:

- Ապրիլյան իրադարձություններն ի հայտ բերեցին պետական ապարատի աշխատանքում առկա բազմաթիվ թերություններ ու բացթողումներ, որոնք ոչ այնքան տեսանելի էին խաղաղ ժամանակներում,- ասում է Արծրունին եւ ուղիներ մատնանշում.- Անհրաժեշտ է վեր կանգնել նյութապաշտությունից, ընչաքաղցությունից, երկիրը ջլատող բազում այլ ախտերից եւ լծվել մեկ ընդհանուր գործի` Հայրենիքի հզորացմանը` ինչը մեր ժողովրդի հարատվության միակ գրավականն է»...

Այո, անելիքները շատ են եւ այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով, քանզի, ինչպես ինքն է ասումՙ հայը պետք է անվերջ առաջ նայի, եւ հենց դրանում է մեր հարատեւության գաղտնիքը:

Շնորհավոր հոբելյանդ, պատվարժան հայրենակից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ