ՄՈՍՈՒԼԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ Պ. Ք. Երկու տարի առաջ «Իսլամական պետության» ջիհադիստների ձեռքն անցած իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը քրդական, թուրքական եւ արաբական ոլորտների կցակետում գտնվող այդ բնակավայրի տեղադրության պատճառով կարող է առավել տեսանելի դարձնել Մերձավոր Արեւելքին առնչվող աշխարհաքաղաքական խնդիրները: Ինչպես National Interest թերթում գրում է մեկնաբան Ուիլյամ Գոեռլեյը , սպասվում է, որ գործողությունը կլինի երկարատեւ ու ծանր: Առաջին շաբաթների ընթացքում քուրդ-իրաքյան ուժերին հաջողվեց հասնել որոշակի հաջողությունների: Քրդական «փեշմերգա» ջոկատները քաղաքի ծայրամասերում գրավեցին իսլամիստների դիրքերը, քրիստոնեական ստորաբաժանումները ազատագրեցին մի շարք գյուղեր: Նոյեմբերի 1-ին Մոսուլի որոշ մասերում սկսվեցին փողոցային մարտեր: Սա միայն մեկ օրինակ է այն բանի, թե «Իսլամական պետության» դեմ ինչպես են համատեղ ուժերով գործում տարբեր ստորաբաժանումների մարտիկներ: Այն ապացուցում է, որ համագործակցությունը կարող է օգտակար լինել էթնիկական եւ կրոնական հակասություններից բզկտվող երկրում: Սակայն չարժե աճապարել լավատեսական եզրակացություն անելիս: Ի հայտ են գալիս մի ամբողջ շարք խնդիրներ, եթե նկատի ունենանք, որ Մոսուլի համար կռվող բազմազգ ու բազմադավանանք կոալիցիայի տարրերից յուրաքանչյուրն ունի սեփական նպատակներ ու հավակնություններ: Շիաները, սուննիները, քրիստոնյաները եւ քրդերը թեեւ միասնական են «Իսլամական պետությունը» ոչնչացնելու իրենց ձգտման մեջ, բայց դրանից դուրս քիչ ընդհանրություն ունեն: Իսկ Մոսուլըՙ մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքը, որոշ իմաստով իրենից ներկայացնում է բաղձալի նպատակ, որի նկատմամբ հավակնություններ ունեն մի շարք կողմեր: Իրավիճակը բարդացնում է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պնդում է, թե Անկարան պետք է իրավունք ունենա մասնակցելու Մոսուլի գարվման գործողությանը, ինչպես նաեւ ռազմարշավի ավարտից հետո նստելու բանակցությունների սեղանի շուրջը: Էրդողանը վերջերս նաեւ վերակենդանացրեց անցյալ դարասկզբի Ազգային պակտը, որտեղ նշվում էր, թե Թուրքիան իրեն իրավունք է վերապահում ոչ միայն Մոսուլի, այլեւ Հալեպի, Իրաքյան Քրդստանի, Հայաստանի մեծ մասի եւ մասամբ Բալկանների նկատմամբ: Էրդողանի այդ քայլը եւ արած հայտարարությունները հարուցեցին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի զայրույթը եւ Վաշինգտոնի մտահոգությունը: Այսպես կոչված Մեծ Թուրքիայի ստեղծման հեռանկարները ձեռնտու են թուրք գերազգայնականներին, որոնց վրա մասամբ հենվում է Էրդողանը, ինչպես նաեւ վերաշխուժացնում են տարածաշրջանի սամհանագծումների ժամանակներից մնացած վեճերը: «Իսլամական պետության» եւ դրա «խալիֆաթի» հայնտվելը արդեն իսկ կասկածի տակ առավ Մերձավոր Արեւելքում գոյություն ունեցող պետական համակարգը: Եվ հիմա, իսլամիստ գրոհայինների թուլացման պայմաններում տարածաշրջանային խաղացողները փորձում են լավագույն դիրքերը զբաղեցնել ապագային ընդառաջ: Իսկ այն փաստը, որ Էրդողանը հիշեցրեց Ազգային պակտի մասին, վկայում է, որ կողմերը գիտակցում են սահմանների, քաղաքների, տարածքների անկայուն, հոսուն վիճակը: Թուրքիան հայտնի է նպաստավոր պայմանների դեպքում իր տարածքներն ընդլայնելու հակումով, սակայն Անկարան միակը չէ, որ ներկայումս փորձում է աշխարհաքաղաքական իրավիճակից օգտվելՙ տարածքային պահանջներ ներկայացնելու եւ ազդեցություն գործելու համար: Սադամ Հուսեյնի տապալումից ի վեր Իրանը փորձել է ընդլայնել իր ազդեցությունն արաբական աշխարհում: Թարմ օրինակ է իրաքցի քրդերի կողմից Քիրքուքի գրավումը, որին նրանք վաղուց էին ձգտում, մինչդեռ սիրիացի քրդերը, գործելով Սիրիայի ժողովրդավարական ուժերի ջոկատների դրոշի ներքո, ուժեղացրին իրենց վերահսկողությունը Սիրիայի հյուսիսումՙ այնտեղից իսլամիստների արտաքսումից հետո: Այդ գործողությունները թեեւ կարելի է նախահարձակ եւ ծավալողական համարել, բայց անհրաժեշտ է քննության առնել ռազմավարական տարածքի առումով: Այսօր Մերձավոր Արեւելքում կողմերի միջեւ կապուղիներ գրեթե չկան, տարածաշրջանային կարգուկանոնին գրեթե ոչ ոք չի հավատում, իսկ զենքի շաչեցումը եւ ազգայնական ելույթները անչափ տարածված են: Երկար ժամանակ տարածաշրջանի երկրների հիմնական նպատակները եղել են առավելության որոնումը եւ իրական կամ թվացյալ վտանգի կանխումը: Քանի դեռ բացված չեն կապուղիներ, տարածքներ զավթելու փորձերը եւ դիմակայությունն ընդլայնելու սպառնալիքները կշարունակվեն: Մոսուլից իսլամիստների արտաքսումը կարեւոր քայլ է, սակայն կայուն խաղաղության հաստատումը պահանջում է ջանքեր եւ քաղաքական հմտություն, որոնց միջոցով պետք է լուծվեն Իրաքի եւ ամբողջ տարածաշրջանի քաղաքական ու դիվանագիտական պառակտվածության խնդիրները: |