ԵԹԵ ՀԱՆԴԻՊԵՆ, ԱՊԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ Հ. ԱՖՅԱՆ Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ հայտնել է, որ այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին խոսք չկա եւ չի էլ կարող լինել: Քանի որ սահմանին հրադադարի ռեժիմը չպահպանելով, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները փաստարեն չհարգելով, Ադրբեջանը բանակցությունները դրել է փակուղու մեջ: Քոչարյանը նաեւ նշել է, որ այս պահին, եթե հանդիպեն էլ, ապա միայն երկու երկրների ԱԳ նախարարները: Ի դեպ, առաջիկա դեկտեմբերի սկզբին Համբուրգում նախատեսվում է ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցելու են նաեւ Մինսկի խմբի համանախագահները, այդ թվումՙ ֆրանսիական կողմի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: Հայտնի է, որ համանախագահները հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Ավելինՙ նախատեսվում է, որ համանախագահները կազմակերպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Վիտալի Բալասանյանըՙ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ հրամանագիր է ստորագրել, որով ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ԼՂՀ Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիկտոր Քոչարյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: |