RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3607, Տպվել է` 434, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԻՐԱՆԸ ԿՍՊԱՍԻ՞

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Բաքվում անհանգստացած են: Չնայած բազմիցս արված հայտարարություններին, տարեվերջին Բաքու-Կարս երկաթուղին չի գործարկվի: Գծի թուրքական հատվածն այդպես էլ ավարտին չի հասնում, դեռեւս հողաշինական աշխատանքներ են կատարվում, իսկ Վրաստանը դարձյալ բարձրացրել է Սաակաշվիլիի օրոք Ադրբեջանից ստացած արտոնյալ վարկի հետ կապված կոռուպցիայի հարցը:

Ադրբեջանի հետ ռազմավարական նշանակության հաղորդակցության, այն էՙ Պարսից ծոցի եւ Սեւ ծովի նավահանգիստների միջեւ երկաթուղային կապ հաստատելու ծրագրում չի շտապում Իրանը: Թեեւ Բաքվում գումարվել էր Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթաժողով, բայց գործնականում իրանական կողմը դեռեւս նույնիսկ չի նախագծել Ռեշտ-Աստարա երկաթգիծը, թեեւ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Բոլորը հանգիստ են, շտապում եւ տագնապած է միայն Ադրբեջանը, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում մանաթը կրկին արժեզրկվել էՙ հատելով դոլարի դիմաց 1,63-ի հոգեբանական շեմը: Անկախ տնտեսագետները համարում են, որ մանաթի իրական արժեքը շատ ավելի ցածր է, ֆինանսական շուկայում ԱՄՆ դոլարն արժե նվազագույնը 3 մանաթ: Ալիեւին ոչ մի կերպ չի հաջողվում վերակենդանացնել տնտեսության ոչ էներգետիկ հատվածը, իսկ նավթի գների շարունակական անկայունությունը խառնում է բոլոր հաշիվները: Միայն վերջին երկու ամսում Ադրբեջանում արձանագրվել է 12 տոկոս գնաճ:

Այս իրավիճակում է անոնսավորվում Իսրայելի վարչապետ Նաթանյահուի մոտալուտ այցը Բաքու: Ճիշտ է, Նաթանյահուն կայցելի նաեւ Ղազախստան, բայց ադրբեջանական կողմը սովորության համաձայն հատկապես կարեւորում է Ալիեւ-Նաթանյահու բանակցությունները: Բաքվի մամուլը մտասեւեռվել է The Jerusalem Post -ի մի հրապարակման վրա, որտեղ դիտարկված են Իսրայելի վարչապետի առաջիկա շաբաթների արտասահմանյան ուղեւորությունները, այդ թվում եւՙ Ադրբեջան:

Իսրայելական պարբերականը, եթե դատելու լինենք ադրբեջանական մամուլի փոխանցումներով, Նաթանյահուին վերագրում է ռազմավարական ընտրություն կատարելու դժվարություն: Դա բացատրվում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ազդեցության թուլացմամբ, Իսրայելից բացի այլ դաշնակիցների առկայությամբ եւ, մանավանդ, Ռուսաստանի դերակատարությամբ: Այս վերջին շեշտադրումից ադրբեջանական կողմը ենթադրում է, թե քանի որ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ապա Իսրայելի վարչապետը «շտապում է Բաքու»:

Ակնարկը հասկանալի է. Ադրբեջանում փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, որ ռուս-իսրայելական հարաբերություններում Բաքուն կարող է որոշակի դերակատարություն ունենալ: Իրականում, սակայն, Ռուսաստանը եւ Իսրայելը բավական դինամիկ հարաբերություններ ունեն եւ հազիվ թե զգան Ադրբեջանի միջնորդության կարիքը:

Ավելի հավանական է, որ Նաթանյահուն Ադրբեջանի հետ կարող է քննարկել Իրանի հետ կապված հարցեր: Իրան-Արեւմուտք լարվածության փուլում Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Այդ թվումՙ Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ հետախուզական նպատակներով օգտագործելու հարցում: Մամուլում նույնիսկ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանն իր ռազմական օդանավակայաններից մեկը տրամադրել է Իսրայելին:

Իրանի արձագանքը չափազանց կոշտ էր. խորհրդարանում բարձրացվեց Թուրքմենչայի պայմանագիրը վերանայելու հարցը: Ադրբեջանը հերքեց Իսրայելին ռազմական ենթակառուցվածքներ տրամադրելու մասին տեղեկատվությունը, միջադեպը կարծես թե հարթվեց: Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի վերացումը խիստ քննադատության է արժանացել Իսրայելում, որտեղ շարունակում են պնդել, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի «գլխավոր սպառնալիքն է»:

Միաժամանակ Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի ամենահուսալի գործընկերը զենքի եւ սպառազինությունների շուկայում: Կարելի՞ է ենթադրել, որ Իսրայելն այդ հարցում առաջնորդվում էր Իրան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակով: Եւ եթե վերջին շրջանում նկատվում է դրանց բարելավում, ապա Իսրայելը գուցե մտադիր է վերանայե՞լ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը:

Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը գրում է Իսրայելից հակահրթիռային պաշտպանության «Դավթի պարսատիկ» եւ «Երկաթե վարագույր» համակարգեր ձեռք բերելու մասին: Ճիշտ է, տեղեկությունների աղբյուրը Միլլի մեջլիսի պատգամավոր Եվդա Աբրամովն է, որ Ադրբեջանի խորհրդարանում ներկայացնում է հրեական համայնքը, բայց, ինչպես ասում են, անկրակ ծուխ չի լինում:

Շատ հավանական է, որ իսրայելական կողմն այդ սպառազինություններն Ադրբեջանին վաճառելու հարցում ունի քաղաքական նկատառումներՙ կապված Իրան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարի հետ: Ստացվում է փակ շղթա. Ադրբեջանը փորձում է Իրանի հետ իրականացնել տնտեսական նախագիծ, որպեսզի բեռնափոխադրումներից ֆինանսական մուտքերի միջոցով բարելավի տնտեսական իրավիճակը: Մյուս կողմից Ադրբեջանն ունի Իսրայելից հակահրթիռային պաշտպանության միջոցներ ձեռք բերելու նպատակ, բայց Նաթանյահուն կարող է մերժել, քանի որ Իրանի դերակատարության բարձրացումը համարում է սպառնալիք իր երկրի անվտանգությանը:

Կա նաեւ հարցի մյուս կողմըՙ իսկ Իրանը կսպասի՞, թե ինչ մակարդակի են հասնում Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները: Չէ՞ որ Իրանում փոխադարձաբար անբարյացակամ են տրամադրված հրեական պետության նկատմամբ, նրա յուրաքանչյուր քայլ ընկալում են շատ ցավալի եւ անպայման հակադարձում:

Այս իմաստով դեռեւս պարզ չէՙ Նաթանյահուի այցը Բաքու, որով այնքան ոգեւորված է ադրբեջանական կողմը, գործնականում Ադրբեջանի համար օգտակար արդյունքներ կապահովի՞, թե պատճառ կդառնա, որ Իրանի հետ նախնական պայմանավորվածություններն այդպես էլ մնան չիրականացա՞ծ:

Չափազանց ուշագրավ է, որ Նաթանյահուի ադրբեջանական ուղեւորության մասին մամուլի հրապարակումներին զուգահեռ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ ԻԻՀ նախագահ Ռուհանին մոտ ժամանակներս կայցելի Երեւան: Այս հայտարարության հասցեատերն արդյոք նաեւ Բաքուն չէ՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ